
Առաջարկվում է կորոնավիրուսից մահացածներին նույնպես դիահերձում իրականացնել
Առողջապահության նախարարությունն առաջարկում է հանել կորոնավիրուսաի հետևանքով մահացած անձին դիահերձում չիրականացնելու պահանջը։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու համապատասխան օրինագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծում ասվում է, որ երբ վարակը նոր-նոր սկսել էր տարածվել, հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէր, ինչը կարող էր հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէր դիակի մեջ կորոնավիրուսի (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը։ Եվ այդ պատճառով անհրաժեշտ դարձավ համապատասխան օրենսդրական փոփոխությամբ սահմանել, որ ըստ բժշկական փաստաթղթերի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրակաացվեն։
Սակայն հիմա ինչպես նշում է առողջապահության նախարարությունը, վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ է դարձել, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում դիահերձում չիրականացնելու պահանջը:
Նշենք, որ առաջարկվող փոփոխությունը օրենքի նախագծի կարգավիճակում է։ Այն դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։
Մեկնաբանել