
Կանադան չեղարկել է Թուրքիայի համար ռազմական արտադրանք արտահանելու թույլտվությունները
Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն երեկ հայտարարել է, որ իր երկիրը չեղարկում է դեպի Թուրքիա ռազմական արտադրանք արտահանելու թույլտվությունները:
Նախարարը նախ հիշեցրել է, որ նախորդ տարվա աշնանը Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական արտադրանքն ու տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու թույլտվությունները (դա եղել էր նախորդ նախարար Շամպանի օրոք - «Հետք»)՝ սպասելով, հետաքննության արդյունքներին, որը պետք է պարզեր մեղադրանքների իսկությունը առ այն, որ կանադական տեխնոլոգիաները Ադրբեջանի կողմից կիրառվել են Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում: Խոսքը թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ների վրա կիրառվող դիտարկման եւ թիրախավորման համակարգերի մասին է, որոնք արտադրում է կանադական «L3Harris WESCAM» ընկերությունը:
Գարնոն նշել է նաեւ, որ 2019 թ. աշնանը եւս իր երկիրը կասեցրել էր ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ հաշվի առնելով վերջինիս ռազմական ներխուժումը Սիրիայի տարածք:
«Կանադայի արտգործնախարարությունը, խորհրդակցելով ազգային պաշտպանության նախարարության հետ, դրանից հետո իրականացրել է Թուրքիայի համար նախատեսված ռազմական ապրանքի եւ տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունների մանրակրկիտ դիտարկում: Հաշվի առնելով, որ դրա արդյունքում ձեռք է բերվել վստահելի ապացույց առ այն, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաները կիրառվել են Լեռնային Ղարաբաղում՝ այսօր ես հայտարարում եմ, որ 2020 թ. կասեցված բոլոր թույլտվությունները չեղարկվում են»,- նշել է Կանադայի ԱԳ նախարարը:
Մարկ Գարնոն հայտարարել է, որ իրենց արտադրանքի նման կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողն ինքն է լինելու:
Կանադացի պաշտոնյան նշել է նաեւ, որ առավոտյան զրուցել է թուրք պաշտոնակցի հետ՝ հաստատելու համար Կանադայի մտահոգությունը եւ նախաձեռնելու երկխոսության մեխանիզմ երկու կողմերի պաշտոնյաների միջեւ՝ փոխադարձ վստահությունն ամրապնդելու եւ արտահանման թույլտվությունների ոլորտում համագործակցության ընդլայնման համար:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակից է, եւ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական կարգով»,- եզրափակել է Մարկ Գարնոն:
Հ.Գ. Առաջիկայում «Հետքը» շարքով կներկայացնի Արցախյան վերջին պատերազմում էական դեր խաղացած թուրքական «Bayraktar TB2» դրոնների վրա կիրառված արտասահմանյան տեխնոլոգիաները:
Լուսանկարում՝ «CMX-15D» մոդելի կանադական համակարգը, որը հայտնաբերվել է հոկտեմբերի 19-ին խոցված թուրքական դրոնի վրա. այն արտադրվել էր 2020 թ. հունիսին, իսկ «Bayraktar TB2»-ի վրա դրվել սեպտեմբերին
Մեկնաբանել