HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչպե՞ս են թուրքերը կանադացիներին համոզել իրենց նորից «Bayraktar»-ի կարեւորագույն բաղադրիչ առաքել, որը հետո կիրառել են Արցախի դեմ

Հանրային եւ քաղաքական ճնշումներից հետո Կանադայի կառավարությունը սեփական խորհրդարանին է ներկայացրել Թուրքիային ռազմական արտադրանք մատակարարելու փաստաթղթերը: Խոսքը 2020 թ. Արցախյան պատերազմում վճռական դեր խաղացած թուրքական «Bayraktar TB2» անօդաչուների վրա տեղադրվող դիտարկման եւ թիրախավորման «WESCAM» համակարգերի մասին է, որոնց միջոցով Արցախի վրա հարձակված Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ կարողացել է հետեւել հայկական զորքի տեղաշարժին ու թիրախային հարվածներ հասցրել:

Այլ կերպ ասած՝ կանադական համակարգերը թուրքական դրոնների, թերեւս, կարեւորագույն բաղադրիչն են, որոնք անգնահատելի ծառայություն են մատուցել մեր թշնամու բանակին:

2019 թ. հոկտեմբերին, հաշվի առնելով Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք եւ մասնավորապես քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում նաեւ «Bayraktar TB2» ԱԹՍ-ների լայն կիրառությունը, Կանադան դադարեցրել էր զենք-զինամթերքի, այդ թվում՝ դրոնների եւ այլ հարթակների վրա կիրառվող էլեկտրաօպտիկական տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային: Սակայն արդեն 2020 թ. ապրիլին միայն այս տիպի սարքերի համար բացառություն էր արվել: Ընդ որում՝ այդ ամիս Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Դրանից հետո՝ մայիսին, կանադական կառավարության թույլատրել էր «WESCAM»-ի 7 հատ համակարգ արտահանել Թուրքիա, որոնցից մեկը ամիսներ անց՝ հոկտեմբերին 19-ին, անցել էր հայկական բանակի ձեռքը այն բանից հետո, երբ մեր զորքերը խոցել էին Ադրբեջանի կողմից շահագործվող թուրքական «Bayraktar TB2»-ը:

ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ 2020 թ. հունիսին արտադրված կանադական համակարգ-տեսախցիկը թուրքական ԱԹՍ-ի վրա տեղադրվել է սեպտեմբերին, այսինքն՝ պատերազմից անմիջապես առաջ:

Այլ կերպ ասած՝ Կանադայից ստանալով նոր համակարգեր՝ թուրքերը դրանք տեղադրել էին նոր դրոնների վրա ու տվել ադրբեջանցիներին, որոնք էլ կիրառել էին վերջին պատերազմում:  

Երբ անցյալ տարվա աշնանը լուրեր տարածվեցին, որ կանադական տեխնոլոգիաները ներգրավված են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հայերի դեմ հարձակողական պատերազմում, վարչապետ Թրյուդոն հայտարարեց, որ իրենց արտահանումները չպետք է հակասեն որդեգրված սկզբունքներին ու օրենքներին: Ըստ կանադական օրենսդրության՝ արգելվում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման նպատակով: Իր հերթին այն ժամանակվա արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը (պաշտոնից հեռացել է այս տարվա հունվարին) որոշեց սառեցնել ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային եւ հետաքննություն սկսել: Սա առաջացրեց ՆԱՏՕ-ում Կանադայի գործընկեր Թուրքիայի դժգոհությունը:

«Այն երկրները, որոնք «Bayraktar»-ի համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային, այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները»,- ոգեւորված Կանադայի քայլից՝ հոկտեմբերին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սակայն կանադական մամուլն ու ընդդիմադիր գործիչները նույնքան ոգեւորված չէին, քանզի կային բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնց կանադական կառավարությունը խուսափում էր պատասխանելուց:

Կանադայի խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի պատգամավոր, ընդդիմադիր Նոր դեմոկրատական կուսակցության անդամ Ջեք Հարիսի նախաձեռնությամբ պալատի արտաքին գործերի հանձնաժողովը որոշել էր միջնորդել կառավարությանը, որ վերջինս ներկայացնի արտաքին գործերի նախարարության, ԱԳ նախարարի գրասենյակի, PCO-ի (Privy Council Office - Կանադայի գաղտնի խորհրդի գրասենյակ. կառավարությանը ենթակա գործակալություն է, որն աջակցում է վարչապետին եւ նրա կաբինետին) եւ վարչապետի գրասենյակների միջեւ շրջանառված բոլոր այն փաստաթղթերն ու նամակագրությունները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում կիրառված ԱԹՍ-ների կանադական տեխնոլոգիաներին:

«Կառավարությունը թափանցիկ չի եղել կանադացիների առաջ այն հարցի շուրջ, թե ինչու են «WESCAM»-ի տվիչները շարունակել վաճառվել Թուրքիային՝ չնայած վերջինիս հանդեպ գործող էմբարգոյին»,- կանադական ricochet.media-ին հայտնել էր ընդդիմադիր Հարիսը: PCO-ի մամուլի խոսնակն իր հերթին նշել էր, թե կաշխատեն ԱԳՆ-ի հետ՝ բավարարելու խորհրդարանի միջնորդությունը: Չխմբագրված փաստաթղթերը խորհրդարանին հատկացնելու վերջնաժամկետը նախորդ տարեվերջն էր:

Ու հիմա պարզվում է, որ կառավարությունը խորհրդարանին ներկայացրել է այդ փաստաթղթերը, բայց այնպիսի խմբագրումներ է արել, որ թաքցվել են կարեւորագույն մանրամասները: 

Կանադական ռազմամթերքի ներկրմամբ Թուրքիան աշխարհում 4-րդն է

Նախորդ տարվա դեկտեմբերին գրել էինք, թե «Bayraktar TB2»-ի արտադրող թուրքական «Baykar Defence»-ի (ընկերությունը հիմնել է Էրդողանի խնամիների՝ Բայրաքթարների ընտանիքը) եւ «WESCAM» համակարգերի կանադական հեղինակ «L3Harris WESCAM»-ի համար աշխատող լոբբիստներն ինչ աշխատանք են կատարել, որպեսզի Կանադայի կառավարությունը բացառություն անի 2019-ին մտցրած արգելքի մեջ եւ Թուրքիային նորից առաքի այդ համակարգերից:  

Կանադական ricochet.media կայքը, ուսումնասիրելով լոբբինգի վերաբերյալ ֆեդերալ հաշվետվությունները, պարզել էր, որ մինչեւ 2020 թ. ապրիլին Կանադայի կառավարության կողմից համապատասխան բացառություն անելը՝ դեռ փետրվարի 12-ին, «Baykar Defence»-ի կողմից վարձված լոբբիստ Քեն Մաքեյը հանդիպել է Ֆիլիպ Ջենինգսին, ով PCO-ի պաշտոնյա է: Հանդիպման նպատակը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, եղել է «Կանադայից դեպի Թուրքիա ռազմական ապրանքների արտահանման քաղաքականության» քննարկումը: Ֆ. Ջենինգսը, համաձայն ricochet.media-ի, ի պաշտոնե հաշվետու է անմիջապես PCO-ի ղեկավարին, որը Կանադայում ամենաբարձրաստիճան քաղծառայողն է եւ կանոնավոր ձեւով մասնակցում է կառավարության նիստերին: Կանադական կայքը եզրակացրել էր, որ լոբբիստ Մաքեյն ու կառավարության ներկայացուցիչ Ջենինգսը քննարկել են ԱԹՍ-ների վրա կիրառվող տեխնոլոգիաների արտահանման արգելքը վերացնելու հարցը, որը կառավարությունում քննարկվելուց հետո պետք է վերջնական հաստատում ստանար արտգործնախարար Շամպանի կողմից:

Եվ ահա կառավարության կողմից հանրայնացված փաստաթղթերում ricochet.media-ն գտել է այն նամակը, որով թուրքերի համար աշխատող լոբբիստ Մաքեյը PCO-ի աշխատակից Ջենինգսին խնդրել է ընդամենը 20 րոպե տեւողությամբ հանդիպում կազմակերպել «Baykar Defence»-ի վերաբերյալ:

Մաքեյը գրել է, որ «Baykar»-ը երկարատեւ հարաբերություններ ունի «L3Harris WESCAM»-ի հետ եւ վերջին 4 տարում նշանակի բիզնես է արել Կանադայի հետ: Լոբբիստը նշել է, թե Ջենինգսի հետ քննարկելիք թեման «աճող հրատապություն» (increasing urgency) ունի «Baykar»-ի համար:

Մինչեւ Մաքեյի հետ հանդիպումը Ջենինգսի թիմը խորհրդակցել է Կանադայի զինված ուժերի փոխգնդապետ Ֆիլիպ Սովեի հետ, ով PCO-ում եղել է պաշտպանական եւ արտաքին քաղաքական հարցերով խորհրդատու: Սպան նշել է, որ Թուրքիան Կանադայի ռազմական արտահանումների 4-րդ հասցեակետն է՝ զիջում է միայն ԱՄՆ-ին, Բելգիային եւ Սաուդյան Արաբիային, բայց առաջ է այնպիսի գործընկերներից, ինչպիսիք են Ֆրանսիան ու Միացյալ Թագավորությունը: Ըստ այդմ՝ 2018-ին Կանադան Թուրքիա է առաքել 116 մլն դոլարի ռազմամթերք եւ տեխնոլոգիաներ, ինչը 140 %-ով գերազանցել է 2017-ի ցուցանիշը (48 մլն դոլար):

Փետրվարի 12-ին կայացած Մաքեյ-Ջենինգս հանդիպումից մեկ շաբաթ անց «L3Harris WESCAM»-ի կողմից վարձված լոբբիստ Բրյուս Հարթլին էր հանդիպել արտգործնախարար Շամպանի հատուկ ավագ օգնական Օլիվիե Դուհեյմին: Համաձայն լոբբինգի ռեգիստրի՝ քննարկվել էին «տնտեսական զարգացման, արդյունաբերության, պաշտպանության, միջազգային առեւտրի» հարցեր: Բայց ինչպես հայտնում է ricochet.media-ն այս երկրորդ հանդիպման մասին որեւէ փաստաթուղթ առկա չէ կառավարության կողմից հանրայնացված թղթերի մեջ:

Թուրքիան խաբել է Կանադային. այդ սուտը, թերեւս, հաճելի է եղել վերջինիս

Հետաքրքիր բացահայտումներ է արել կանադական մեկ այլ լրատվամիջոց՝ «The Globe and Mail» օրաթերթը: Կառավարության կողմից խորհրդարանին տրամադրված փաստաթղթերի մեջ լրատվամիջոցը գտել է փոխարտգործնախարար Մարթա Մորգանի գրությունները վերադասին՝ նախարար Շամպանին: Էմբարգոյի պայմաններում Թուրքիային վերստին «WESCAM» համակարգեր մատակարարելը Մորգանը ներկայացրել է իբրեւ թե «բացառիկ հանգամանքների» (exceptional circumstances) լույսի ներքո:

«Թուրքիայի արտգործնախարարի կողմից Ձեզ տրված հավաստիացումների հիման վրա [կանադացի] պաշտոնյաները եկել են եզրահանգման, որ դրանք («WESCAM» համակարգերը - «Հետք») նախատեսված են Իդլիբում քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,- գրել է Մորգանը: Այսինքն՝ թուրքերը կանադացիներին ասել էին, թե իբր «WESCAM» համակարգերով համալրված դրոնները կիրառվելու են Սիրիայում՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգում:

«Ասադի ռեժիմի կողմից նահանգի վրա հարձակումների վերսկսման հավանականությունը հղի է սարսափելի հումանիտար հետեւանքներով: Թուրքիայի ռազմական ներկայությունը Իդլիբում կարող է օգնել չեզոքացնել կամ հետաձգել այդ հավանականությունը եւ նվազեցնել հումանիտար ծախսերը նոր հարձակման պարագայում»,- ԱԳ նախարար Շամպանին փոխանցել է նրա տեղակալ Մարթա Մորգանը:

Կանադացի հետազոտող Քելսի Գալահերը «The Globe and Mail»-ի հետ զրույցում աբսուրդ է համարել Կանադայի կառավարության քայլը՝ բացառություն անել Թուրքիայի դեմ կիրառված էմբարգոյի մեջ, որպեսզի վերջինս նորից գործողություններ իրականացնի երրորդ երկրում՝ Սիրիայում, այն դեպքում, երբ 2019 թ. էմբարգոն հայտարարվել էր այդ նույն Սիրիայում պաշտոնական Անկարայի վարած քաղաքականության հետեւանքով: «Որտե՞ղ է տրամաբանությունը»,- հայտարարել է Գալահերը:

Ընդդիմադիր Պահպանողական կուսակցության պատգամավոր Մայքլ Չոնգն էլ նշել է, որ Թուրքիան ակնհայտորեն ապակողմնորոշել է կանադացի պաշտոնյաներին այն հարցի շուրջ, թե ինչ նպատակով են օգտագործվելու կանադական համակարգերը: Ընդդիմադիր գործիչը շեշտել է նաեւ, որ կառավարությունը միամիտ է եղել եւ ընդունել է անհիմն որոշում: Չոնգը նկատել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր ընթանում, նախարար Շամպանը զանգահարել էր Թուրքիայի կառավարություն, որպեսզի Անկարան աջակցի Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված կանադացի թեկնածուին (խոսքն իշխող Լիբերալ կուսակցության անդամ Թրյուդոյի եւ Շամպանի թիմակցի մասին էր):

Իր հերթին ընդդիմադիր Ջեք Հարիսը հայտարարել է, որ իր տպավորությամբ կառավարության համար ավելի կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունը, քան զենքի վերահսկման պարտավորությունները:

Մեր կողմից կարող ենք հավելել, որ, դատելով տեղի ունեցածից, կանադական կառավարությունն առանձնապես չի խորացել 2020-ի գարնանը Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում առկա ռազմաքաղաքական իրավիճակի ու Թուրքիայի նկրտումների մեջ, փոխարենը գերադասել է չփչացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ում եւ ռազմական առեւտրի մեջ իր գործընկեր Անկարայի հետ՝ միաժամանակ տուրք տալով վերջինիս հաճելի ստերին:

Թուրքերը կանադացիներին հեռու են պահել իրենց գործերից

Ricochet.media-ն նկատել է, որ Թուրքիայի հանդեպ էմբարգոյում բացառություն անելու հիմնաքարը եղել է ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության անհրաժեշտությունը: Բայց ճակատագրի հեգնանքով քիչ ավելի ուշ Անկարան արգելել է Կանադային պարզել, թե ինչ կիրառություն են ունեցել արտահանված «WESCAM» համակարգերը Թուրքիայում: Այսպես՝ հանրայնացված փաստաթղթերից պարզվել է, որ Թուրքիայում գործող կանադացի սպաներից մեկը 10 օրվա մեջ 3 փորձ է կատարել հանդիպել բարձրաստիճան թուրք զինվորականների հետ, սակայն մերժվել է, քանի որ շոշափել է «շատ զգայուն թեմա»: Սա Թուրքիայում Կանադայի նախկին դեսպանին (ներկայում բարձր պաշտոն է զբաղեցնում ԱԳՆ-ում) ստիպել է խոստովանել. «Թուրքիայի զինուժից/ՊՆ-ից ժամանակին եւ մանրամասն պատասխան ստանալը հավանաբար ավելին է, քան կարող ենք հուսալ»: Այլ կերպ ասած՝ Կանադայից ստանալով իրենց ուզածը՝ թուրքերը առանց արեւմտյան սեթեւեթանքի շրխկացրել ենք դուռը նրանց դեմքին՝ հասկացնելով, որ պետք չէ «քիթը խոթել» իրենց գործերի մեջ:

Կանադական լրատվամիջոցը նշում է նաեւ, որ նախկին ԱԳ նախարար Շամպանը շարունակաբար փորձել է նվազեցնել թուրքերին մատակարարված «WESCAM» համակարգերի դերը: 2020-ի հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, Շամպանը հայտարարել էր, թե խոսքը «մի քանի տեսախցիկների» մասին է: Այս միտքը կրկնել են նաեւ կառավարության գիծը պահողները, բայց գործադիր իշխանության ներկայացուցիչները իրականում շատ լավ են իմացել, թե ինչ արտադրանքի մասին են խոսում, քանի որ ներքին շփումներում դրանք բնութագրել են որպես «դիտարկման եւ թիրախավորման էլեկտրաօպտիկական համակարգեր» կամ «լազերային պատկերման եւ թիրախավորման սենսորային համակարգեր»՝ ընդգծելով դրանց հավանական կիրառությունը հարձակողական գործողություններում եւ հրթիռային մահացու հարվածների մեջ:

Կանադայի կառավարությունը թերագնահատել է լրագրողներին եւ խորհրդարանին

Կառավարության հանրայնացրած փաստաթղթերում փակված են կարեւոր մանրամասները՝ առաքված համակարգերի քանակը, ընկերությունների ու ԱԹՍ-ների անունները: Այդուհանդերձ, փաստ է, որ «WESCAM» համակարգերի վերջնական օգտագործողը (end user) հենց Թուրքիան պիտի լիներ, սակայն վերջինս, խախտելով ձեռք բերված համաձայնությունը, դրանք տվել է Ադրբեջանին: Փաստաթղթերում որպես վերջնական օգտագործող են նշվում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը, որն այդ երկրի նախագահի աշխատակազմին ենթակա գործակալություն է եւ համակարգում է համապատասխան ոլորտը, ինչպես նաեւ Թուրքիայի ՊՆ-ին ու ՆԳՆ-ին ենթակա մարմինները: Նշվում է նաեւ ժամանակավոր արտահանումների մասին, որոնք նախատեսված են ուսումնական նպատակների համար. սրանց հասցեատարերից մեկը Թուրքիայի զինուժն է, մյուսը՝ պաշտպանական ոլորտի թուրքական ընկերություն: Նշվում է, որ «L3Harris WESCAM»-ը դեպի Թուրքիա արտահանումների թույլտվություններ է ստանում 2010 թ.-ից, բայց դրանց քանակը գաղտնի է պահված:

Կանադական կառավարությունը խորհրդարանին տրամադրած փաստաթղթերը խմբագրելն ու տվյալների մի մասը փակելը հիմնավորել է նրանով, թե իբր դրանք պարունակում են «ինֆորմացիա, որի բացահայտումը կարող է վնաս հասցնել արտաքին գործերին, պաշտպանությանը եւ երրորդ կողմերի մրցունակ դիրքերին»: Սա զայրացրել է ընդդիմադիր պատգամավորներին, ըստ որոնց՝ այդպիսի պատասխանը նման է տեղեկատվություն ստանալու սովորական հարցմանն արձագանքելուն, այնինչ այս պարագայում երկրի խորհրդարանն է ինֆորմացիա պահանջողը:

Հետաքրքիր է, որ մինչեւ խորհրդարանին փաստաթղթեր ուղարկելը կառավարական մի շարք մարմիններ նույն թեմայի վերաբերյալ մամուլի հարցումներին ի պատասխան երբեմն ավելի շատ մանրամասներ էին հայտնել, քան հետո առանց խմբագրելու ուղարկել էին օրենսդրին: Օրինակ՝ ricochet.media-ի կողմից հարցման միջոցով PCO-ից ստացած փաստաթղթերում նույն «Baykar Defence»-ի անունը փակված չի եղել, այնինչ խորհրդարանի ձեռք բերած փաթեթում թուրքական արտադրողի անունը, ի տարբերություն տեղական «L3Harris WESCAM»-ի, գաղտնի է պահված:

Ըստ ricochet.media-ի՝ տպավորություն է, թե Թուրքիայի հետ նոր գործարքին հավանություն տված կանադացի պաշտոնյաները չեն հաշվարկել, որ էմբարգոյի մեջ բացառություն անելու իրենց քայլը կհայտնվի մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ կառավարություն-լոբբիստներ գործակցությունը սովորաբար մնում է ստվերում: Պարզվում է՝ կառավարությունը թերագնահատել է չորրորդ իշխանության՝ մամուլի եւ օրենսդիր մարմնի վերահսկողության գործոնը՝ հույսը դնելով համավարակի վրա: Այսպես՝ Շամպանին ուղղված եւ փոխնախարար Մորգանի կողմից ստորագրված մի գրության մեջ ասվում է, թե «սպասվում է, որ խորհրդարանական վերահսկողությունը սահմանափակ կլինի՝ հաշվի առնելով COVID-19-ի ներկա ճգնաժամը»: Իսկ լրագրողների մասին ԱԳՆ ներքին գրագրության մեջ նշվել է. «Հիշատակված կոնկրետ թույլտվությունների հաստատումը չի գրավի զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը, քանի որ գործընթացը հանրային չէ»: 

Կարդացեք նաեւ՝

Մեկնաբանություններ (2)

Vako
It's not the 1st time Turkey is deceiving countries. When will world governments 'wake up' and take a stand to stop Turkey?!! When is "enough is enough"?
Seta
A sobering, cautionary report that the Armenian lobbying groups in North America should take some responsibility though we don't want to inflate their influence. These groups have romanced the Trudeau government for its support of genocide recognition. Their praises were motivated by the privileging of genocide recognition over other issues that are as, if not more important, than the Canadian officials' rhetoric of sorrow and pain. In doing so, these organizations are responsible for lack of judgment, confused priorities, and incompetence.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter