HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բարոյականություն կանադական ձեւով. մի ձեռքով կզինենք ձեզ սպանողներին, իսկ մյուսով մի քիչ օգնություն կտանք ողջ մնացածներիդ

Կանադան ժամանակակից թանկարժեք տեխնոլոգիա է վաճառել Թուրքիային, որը հետո հայտնվել է Ադրբեջանի ձեռքում եւ օգնել վերջինիս առավելություն ստանալ Արցախի դեմ սանձազերծած վերջին պատերազմում: Բազմաթիվ մարդկանց սպանության միջոց դարձած համակարգերն արտահանած Կանադան հայտարարել է, թե օգնություն կտրամադրի պատերազմից տուժած անձանց: Փաստորեն, մի ձեռքով այս երկիրը զենք է վաճառում ու միլիոններ դնում գրպանը, իսկ մյուս ձեռքը «մեծահոգաբար» տանում է այդ նույն գրպանն ու «մարդասիրական օգնություն» հատկացնում այդ զենքից տուժածներին: 

Հոկտեմբերի 19-ին Արցախի հակաօդային ուժերն առաջին անգամ ձեռք բերեցին հստակ ապացույց այն մասին, որ սեպտեմբերի 27-ին պատերազմ սանձազերծած Ադրբեջանը, որին աջակցում էին Թուրքիան, իսլամիստական ծայրահեղական խմբավորումներն ու ահաբեկիչները եւ մի քանի այլ պետություններ, ակտիվորեն կիրառում էր ոչ միայն իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ, այլեւ թուրքական «Bayraktar TB2» տեսակի հարվածային դրոններ:

Նախ՝ ամսի 19-ին Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ հրապարակեց, որտեղ երեւում է թուրքական ԱԹՍ-ի վրա կիրառվող տեսախցիկը:

Ամսի 20-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ կանադական «WESCAM» ընկերության «CMX-15D» մոդելի հեռակառավարվող տեսախցիկն արտադրվել է այս տարվա հունիսին, իսկ թուրքական «Bayraktar TB2»-ի վրա դրվել սեպտեմբերին: Տեսախցիկն ընդհանուր աշխատել էր 31 ժամ:

Իրականում «CMX-15D»-ն ավելին է, քան սովորական տեսախցիկը: Այն օպտիկական տվիչ է եւ թիրախի հայտնաբերման համակարգ: Դրա արտադրող «WESCAM»-ը (այլ կերպ՝ «L3Harris WESCAM») ամերիկյան «L3Harris Technologies»-ի դուստր ձեռնարկությունն է:

Ըստ Փաշինյանի՝ մյուսները պետք է հետեւեին Կանադայի օրինակին

Դեռ պատերազմի սկզբին հաղորդագրություններ կային այն մասին, որ Ադրբեջանը կիրառում է թուրքական դրոններ, որոնց վրա օգտագործվում են կանադական համակարգեր: Այս ֆոնին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, որ իրենց արտահանումները չպետք է հակասեն որդեգրված սկզբունքներին ու օրենքներին: Ըստ Կանադայի ներմուծման եւ արտահանման թույլտվության ակտի՝ արգելվում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման նպատակով: Իր հերթին արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը որոշեց սառեցնել ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային եւ հետաքննություն սկսել: Սա առաջացրեց Թուրքիայի դժգոհությունը:

Հոկտեմբերի 20-ին, ոգեւորված թուրքական դրոնի ապացուցված խոցումով եւ մինչ այդ արդեն հայտնի դարձած Կանադայի դիրքորոշմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում հայտարարեց, որ պատերազմի անցած օրերին հայկական կողմը խոցել է մոտ 10 հատ «Bayraktar TB2», բայց դրանցից ոչ մեկը պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքում չէր ընկել՝ ի տարբերություն այս մեկի: «Կարծես վերջապես «Bayraktar»-ի բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին: Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին: Եվ այն երկրները, որոնք «Bayraktar»-ի համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային, այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները»,- հայտարարեց Փաշինյանը:

Իրականում, սակայն, այս ոգեւորությունը, որը մասամբ փոխանցվեց նաեւ հասարակությանը, տեղին չէր, քանի որ պատմությունը ունի շատ ավելի խորը արմատներ: Կանադական տեսախցիկները Թուրքիա արտահանելու շուրջ կուլիսներում բուռն իրադարձություններ էին տեղի ունեցել 2019-ի աշնանից մինչեւ այս տարվա գարուն-ամառ, որոնցից թե՛ Հայաստանում, թե՛ Կանադայում շատերն անտեղյակ են եղել: Բայց ահա կանադական ricochet.media կայքը կարողացել է բացահայտել այն առանցքային դրվագները, որոնց հետեւանքները հետագայում բեկումնային ազդեցություն ունեցան պատերազմում՝ հաշվի առնելով կանադական համակարգով աշխատող թուրքական հարվածային ԱԹՍ-ների հասցրած մեծ վնասներն ու նաեւ դրանց շնորհիվ թշնամու բանակի ստացած առավելությունը:

Իսկ ի՞նչ էր արել Կանադան

2019 թ. հոկտեմբերին, հաշվի առնելով Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք եւ մասնավորապես քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում նաեւ «Bayraktar TB2» ԱԹՍ-ների լայն կիրառությունը, Կանադան դադարեցրել էր զենք-զինամթերքի, այդ թվում՝ դրոնների եւ այլ հարթակների վրա կիրառվող էլեկտրաօպտիկական տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային: Սակայն արդեն 2020 թ. ապրիլին միայն այս տիպի սարքերի համար բացառություն էր արվել: Ընդ որում՝ այդ ամիս վարչապետ Թրյուդոն հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Դրանից հետո կանադական կառավարությունը «WESCAM»-ի հետախուզման եւ թիրախի հայտնաբերման համակարգերի արտահանման թույլտվություններ էր տվել, եւ, ըստ տեղական «The Globe and Mail»-ի, առնվազն այդպիսի 7 համակարգ էր արտահանվել Թուրքիա:

Ոչ պատահականորեն այդ նույն ընթացքում՝ այս տարվա հունիսին, Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայտարարեց Թուրքիայից ԱԹՍ-ներ ձեռք բերելու աշխատանքների մասին՝ չնշելով դրոնների կոնկրետ տեսակը: Հայկական razm.info-ն մեջբերել էր «Ազերիդիֆենս» կայքին, որը գրել էր, թե հնարավոր է երկու տարբերակ՝ «Bayraktar TB2» եւ «Anka-S»: Ադրբեջանական լրատվամիջոցը, հղում անելով իր անանուն աղբյուրին, գրել էր, որ Ադրբեջանը երկու տարբերակն էլ դիտարկում է, սակայն «Bayraktar»-ի դեպքում հնարավոր է արտահանման խնդիրներ լինեն, քանի որ ԱԹՍ-ի որոշ կարեւոր մասեր արտադրվում են արեւմտյան երկրներում, ու հնարավոր է նրանց համաձայնության կարիքը լինի: Այդպիսի մասերից էր «WESCAM»-ի տեսախցիկ-համակարգը, որոնցից Թուրքիան, ի վերջո, կարողացավ ստանալ ու դրանցից առնվազն մեկը՝ արտադրված հենց հունիսին, պատերազմի ընթացքում հայտնվեց հայկական կողմի ձեռքում:

Այսպիսով՝ Կանադան 2019 թ. աշնանը Սիրիայում Թուրքիայի ագրեսիայից հետո դադարեցրել էր ռազմական արտահանումները, սակայն 2020 թ. գարնանը բացառություն էր արել էլեկտրաօպտիկական տեխնոլոգիաների համար, որոնց մեջ մտնում է նաեւ «WESCAM»-ի արտադրանքը: Արտադրանք, որը կարելի է համարել «Bayraktar TB2»-ի «աչքերն» ու «ուղեղը»: Արցախյան ճակատում թուրք-ադրբեջանական դուետի սանձազերծած պատերազմը կանադացիներին ստիպեց հայտարարել արտահանման հերթական դադարեցման մասին:

Բայց ինչու՞ էր Կանադան առաքումների 2019 թ. սառեցումից հետո կրկին ռազմական նշանակության սարքավորանք մատակարարել Թուրքիային, որը հատկապես վերջին տարիներին աչք է ծակում հարեւանների հանդեպ իր ագրեսիվ նկրտումներով: Ի՞նչն էր կանադացի պաշտոնյաներին դրդել փակել աչքերը այդ ամենի վրա:

Թրյուդոյի կառավարությունը, կուսակցությունը, թուրքական լոբբին եւ մեծ փողերը

«Bayraktar TB2» տեսակի դրոնների արտադրողը թուրքական «Baykar Defence» ընկերությունն է: Սրա հիմնադիրը Բայրաքթարների ընտանիքն է, որի անդամներից Սելչուկ Բայրաքթարը ընկերության տեխնիկական տնօրենն է եւ նախագահ Էրդողանի փեսան՝ դստեր ամուսինը:

Կանադական ricochet.media կայքը, ուսումնասիրելով լոբբինգի վերաբերյալ ֆեդերալ հաշվետվությունները, կարեւոր բացահայտումներ է արել թուրքական ԱԹՍ-ների համար մատակարարվող կանադական տեսախցիկ-համակարգերի մասին: Ըստ այդ հաշվետվությունների՝ պարզվել է, որ մինչեւ 2020 թ. ապրիլին Կանադայի կառավարության կողմից համապատասխան բացառություն անելը՝ դեռ փետրվարին, «Baykar Defence»-ի կողմից վարձված լոբբիստ Քեն Մաքեյը (Ken Mackay) հանդիպել է Ֆիլիպ Ջենինգսին (Philip Jennings), ով Կանադայի գաղտնի խորհրդի գրասենյակի (Privy Council Office, PCO - Կանադայի կառավարությանը ենթակա գործակալություն է, որն աջակցում է վարչապետին եւ նրա կաբինետին) պաշտոնյա է: Հանդիպման նպատակը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, եղել է «Կանադայից դեպի Թուրքիա ռազմական ապրանքների արտահանման քաղաքականության» քննարկումը: Ֆ. Ջենինգսը, համաձայն ricochet.media-ի, ի պաշտոնե հաշվետու է անմիջապես PCO-ի ղեկավարին, որը Կանադայում ամենաբարձրաստիճան քաղծառայողն է եւ կանոնավոր ձեւով մասնակցում է կառավարության նիստերին: Կանադական կայքը եզրակացնում է, որ լոբբիստ Մաքեյն ու կառավարության ներկայացուցիչ Ջենինգսը քննարկել են ԱԹՍ-ների վրա կիրառվող տեխնոլոգիաների արտահանման արգելքը վերացնելու հարցը, որը կառավարությունում քննարկվելուց հետո պետք է վերջնական հաստատում ստանար արտգործնախարար Շամպանի կողմից:

Հոկտեմբերին, երբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ընթացքի մեջ էր, ricochet.media-ն նամակներ է ուղարկել Ֆ. Ջենինգսին եւ PCO-ի եւս երկու պաշտոնատար անձի՝ հետաքրքրվելով, թե կոնկրետ ինչ քննարկում է եղել թուրքական ԱԹՍ-ներ արտադրող ընկերությանը ներկայացնող լոբբիստի հետ: Նամակներն անարձագանք են մնացել: Իսկ ահա լրատվամիջոցի կողմից տեղեկատվություն ստանալու հարցմանն ի պատասխան՝ PCO-ից հայտնել են, թե իրենք չունեն որեւէ նամակագրություն կամ հաշվետվություն, որը վերաբերում է թուրքական «Baykar»-ի լոբբիստների կամ կանադական «L3Harris WESCAM»-ի ներկայացուցիչների հետ շփումներին: Սակայն լրատվամիջոցը PCO-ին ցույց է տվել Մաքեյն-Ջենինգս հանդիպման պաշտոնական գաղտնազերծումը, որն արվել է լոբբինգի մասին կանադական օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ թեմայի վերաբերյալ մեջբերել է իր երկրորդ աղբյուրին:

Լրատվամիջոցի ապացույցների ճնշման տակ PCO-ի մամուլի խոսնակը հաստատել է, որ թուրքական ընկերության վարձած լոբբիստը կառավարության հետ կապվել է փետրվարի 5-ին, իսկ Ֆիլիպ Ջենինգսին հանդիպել է փետրվարի 12-ին: Խոսնակն այդ հանդիպումը բնութագրել է որպես «ընկերության խնդիրների վերաբերյալ բարձր մակարդակի բանավոր ճեպազրույց», որը տեւել է մոտ 10 րոպե: Իսկ իրենց նախորդ պնդման վերաբերյալ, թե իբր հանդիպումների մասին որեւէ ինֆորմացիա չունեն, PCO-ի ներկայացուցիչը խոստացել է փնտրել համապատասխան փաստաթղթերը:

Ricochet.media-ն ուսումնասիրել է նաեւ լոբբիստ Քեն Մաքեյի անհատական էջը «LinkedIn» սոցցանցում, ինչից պարզ է դարձել նրա նախկին հաճախորդների շրջանակը, ինչպես նաեւ կապը Պաշտպանական եւ անվտանգային արդյունաբերության կանադական ասոցիացիայի (Canadian Association of Defence and Security Industries, CADSI) հետ: Մյուս կողմից՝ «Elections Canada»-ի (համապատասխանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին) տվյալներից պարզվել է, որ վարչապետ Ջասթին Թրյուդոյի ղեկավարած Կանադայի լիբերալ կուսակցության դոնորներից մեկի անունը, որը հաճախակի նվիրատվություններ է կատարում իշխող քաղաքական ուժին, նույնպես Քեն Մաքեյ է, ով, ընդ որում, գրանցված է այն նույն հասցեում, ինչ լոբբիստ Մաքեյը: Այս հարցը նախկինում բարձրացվել է խորհրդարանում. լիբերալների մրցակից Պահպանողական կուսակցության պատգամավորներից մեկը 2005-ին պառլամենտում հայտարարել էր, որ Մաքեյը, ով հազարավոր դոլարներ է նվիրաբերել Լիբերալ կուսակցությանը, ֆենոմենալ արդյունք է գրանցել տեխնոլոգիական ոլորտի իր հաճախորդների համար կառավարությունից դրամաշնորհներ ստանալու հարցում՝ ի տարբերություն այլ լոբբիստների:

Կանադական լրատվամիջոցն առանձնացնում է նաեւ այն փաստը, որ չնայած լոբբիստ Մաքեյի գրանցման տվյալներում նշված է, որ նա աշխատում է «Baykar Defence»-ի համար, հաճախորդի պաշտոնական ներկայացուցիչ է նշված ոչ թե թուրքական ընկերությունից ինչ-որ մեկը, այլ Փոլ Ջենիսոնը (Paul Jennison), ով «L3Harris WESCAM»-ի փոխնախագահն է: Կանադական այս ընկերությունը չի արձագանքել լրատվամիջոցի զանգերին, իսկ Մաքեյը չի ցանկացել մեկնաբանել իր կապը «Baykar»-ի եւ «WESCAM»-ի հետ՝ նշելով, թե մեդիայի հետ չի խոսում:

Լոբբինգի մասին կանադական օրենսդրությունը լոբբիստներից պահանջում է բացահայտել իրենց հաճախորդների ֆինանսավորումը տեղական կամ արտասահմանյան կառավարությունների կողմից: Այս առումով Մաքեյը նշել է, թե թուրքական «Baykar Defence»-ը նախորդ ֆինանսական տարում Թուրքիայի կառավարությունից աջակցություն չի ստացել, իսկ ընթացիկ տարվա վերաբերյալ նման ակնկալիքներ չկան: Ըստ կանադական օրենսդրության՝ նմանատիպ ինֆորմացիայի պատշաճ ներկայացման պարտավորությունը բացառապես լոբբիստի վրա է դրված: Սակայն հաշվի առնելով մամուլի հրապարակումներն ու թուրքական կառավարության հայտարարությունները՝ հարց է ծագում, թե արդյոք Մաքեյի ներկայացրածն իրականություն է:

Չնայած PCO-ից ricochet.media-ին հայտնել էին, թե փետրվարի 12-ի Մաքեյ-Ջենինգս հանդիպումից հետո այլ հանդիպումներ չեն եղել, լրատվամիջոցը պարզել է, որ դրանից մեկ շաբաթ անց արդեն «L3Harris WESCAM»-ի կողմից վարձված լոբբիստ Բրյուս Հարթլին (Bruce Hartley) է հանդիպել արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանի հատուկ ավագ օգնական Օլիվիե Դուհեյմին (Olivier Duhaime): Համաձայն լոբբինգի ռեգիստրի՝ քննարկվել են «տնտեսական զարգացման, արդյունաբերության, պաշտպանության, միջազգային առեւտրի» հարցեր: Թե կոնկրետ ինչ թեմայի մասին է եղել զրույցը, ո՛չ Շամպանի գրասենյակը, ո՛չ Հարթլին չեն պատասխանել: Բայց ricochet.media-ն հիշեցնում է, որ լոբբիստ Հարթլին հայտնի կերպար է, ով ունի մեծ կապեր. նա 1993-2003 թթ. Կանադայի լիբերալ վարչապետ Ժան Կրետիենի խորհրդականն էր, եղել է նաեւ Կրետիեն ընտանիքի խոսնակը: 2015 թ.-ից ի վեր Հարթլին ավելի քան 15.000 դոլար է նվիրաբերել Կանադայի լիբերալ կուսակցությանը: Այս կուսակցության անդամ է նաեւ նախարար Շամպանը:

Մաքեյ-Ջենինգս եւ Հարթլի-Դուհեյմ հանդիպումներից հետո՝ մարտի 3-ին, արտգործնախարարի օգնական Օ. Դուհեյմին հանդիպել է վերը նշված կանադական ասոցիացիայի՝ CADSI-ի ներկայացուցիչը: Դուհեյմի հետ եւս մի հանդիպում կայացել է ապրիլի 17-ին: Նկատենք, որ CADSI-ի երկարամյա անդամ է նաեւ «L3Harris WESCAM»-ը: Ավելին՝ վերջինիս նախագահը նաեւ ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ է: Թե ինչ նպատակով են CADSI-ի ներկայացուցիչները հանդիպել նախարարի օգնականին, ասոցիացիայից ricochet.media-ին չեն պարզաբանել, սակայն նշել են, թե իրենք, ներկայացնելով Կանադայի պաշտպանական եւ անվտանգային արդյունաբերության ազգային ձայնը, պարբերաբար շփվում են կառավարության գործընկերների հետ՝ քննարկելու ասոցիացիայի անդամների համար կարեւոր հարցերի լայն շրջանակ: Երբ ricochet.media-ն հետաքրքրվել է, թե արդյոք CADSI-ն բարձրացրել է տեղական արտադրության օպտիկական սարքավորանքը կամ այլ վերահսկվող ապրանքները Թուրքիա արտահանելու հարցեր, ասոցիացիայից նշել են, թե իրենք չեն պաշտպանում որեւէ կոնկրետ ընկերության, դրա գնումներին կամ արտահանման թույլտվություններին վերաբերող շահեր: Սակայն ricochet.media-ն նկատում է, որ, թերեւս, CADSI-ի շատ անդամներ են տուժել այն սահմանափակումներից, որոնք գործում էին մինչեւ 2020 թ. ապրիլին ընդունված բացառությունը:

Կանադական ու թուրքական ձեռնարկությունների շահերը ներկայացնող լոբբիստների եւ Թրյուդոյի կառավարության պաշտոնյաների հանդիպումների կուլմինացիան կարելի է համարել Թրյուդո-Էրդողան ապրիլյան հեռախոսազրույցը, որի վերաբերյալ կանադական ընդդիմությունն ու մամուլը մինչ օրս ցավոտ հարցեր են տալիս Ջասթին Թրյուդոյի թիմին՝ ի վերջո, ինչու՞ արվեց այդ բացառությունը, եւ ինչպե՞ս եղավ, որ կանադական տեխնոլոգիաները հայտնվեցին հայերի դեմ պատերազմ վարող Ադրբեջանի ձեռքում: Այս հարցադրումներին ուղիղ պատասխան տալու փոխարեն՝ կառավարությունն անընդհատ ասում է, թե Ադրբեջանում դրանց կիրառումից հետո տեխնոլոգիաների արտահանումը դադարեցվել է: Բայց ամբողջ հարցն այն է, որ դա արվել է այն բացառությունից ամիսներ անց, որի արդյունքում հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտի գոտում են հայտնվել թուրքական ԱԹՍ-ների վրա տեղադրվող եւ մարդ սպանելու հարցում կենտրոնական դեր խաղացող համակարգերը:

350.000 դոլար՝ տուժածներին, իսկ որքա՞ն է մտնում պատերազմի առեւտրականների գրպանը

Այս ֆոնին Կանադայի միջազգային զարգացման նախարար, լիբերալ Կարինա Գոուլդը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած անձանց իրենք հատկացնելու են 350.000 դոլարի օգնություն: Ricochet.media-ն նկատում է, որ այս թիվը հայտարարելուց հետո չի ասվում, թե Թուրքիա արտահանված կանադական առնվազն 7 տեսախցիկ-համակարգերի վաճառքից գոյացած շահույթի հարկումից որքան ավելի մեծ օգուտ կստանա երկրի բյուջեն: Մեր կողմից հավելենք, որ համացանցում կա 2017 թ. պայմանագրի օրինակ, ըստ որի՝ ամերիկյան բանակը 6 հատ «CMX-15D» տեսախցիկ է ձեռք բերել 7,4 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ 1 հատն արժեցել է 1,2 մլն դոլար:  

Կանադական կայքը նախարար Գոուլդին հարցրել է, թե ինչ կապ է նա տեսնում զենքի վաճառքից գոյացած շահութահարկի եւ այս զենքի կիրառման գոտում տուժած մարդկանց օգնություն հատկացնելու միջեւ, ինչին, սակայն, նախարարի խոսնակը չի պատասխանել: Ի դեպ, Կարինա Գոուլդն Օնտարիո նահանգի Բերլինգտոն քաղաքից է: Հենց այս քաղաքում է գործում «L3Harris WESCAM» ընկերությունը:

Կանադայի խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի պատգամավոր, ընդդիմադիր Նոր դեմոկրատական կուսակցության անդամ Ջեք Հարիսի նախաձեռնությամբ պալատի արտաքին գործերի հանձնաժողովը որոշել է միջնորդել կառավարությանը, որ վերջինս ներկայացնի արտաքին գործերի նախարարության, ԱԳ նախարարի գրասենյակի, PCO-ի եւ վարչապետի գրասենյակների միջեւ շրջանառված բոլոր այն փաստաթղթերն ու նամակագրությունները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում կիրառված ԱԹՍ-ների կանադական տեխնոլոգիաներին:

«Կառավարությունը թափանցիկ չի եղել կանադացիների առաջ այն հարցի շուրջ, թե ինչու են «WESCAM»-ի տվիչները շարունակել վաճառվել Թուրքիային՝ չնայած վերջինիս հանդեպ գործող էմբարգոյին»,- ricochet.media-ին հայտնել է ընդդիմադիր Հարիսը: PCO-ի մամուլի խոսնակն իր հերթին նշել է, որ կաշխատեն ԱԳՆ-ի հետ՝ բավարարելու խորհրդարանի միջնորդությունը: Չխմբագրված փաստաթղթերը խորհրդարանին հատկացնելու վերջնաժամկետը տարեվերջն է: Այդուհանդերձ, ինչպես նշում է լրատվամիջոցը, հայտնի չէ, թե արդյոք դրանք հրապարակային կդարձվեն, եւ շարքային կանադացիները հնարավորություն կունենան վերջապես իմանալ, թե ինչպես են Օնտարիոյում ստեղծված տեխնոլոգիաները այդքան մեծ դեր խաղացել մահաբեր պատերազմում: 

Իսկ ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա այսպիսի բացահայտումներից հետո ՀՀ իշխանությունները պիտի դասեր քաղեն ու հետագայում առնվազն զգուշավոր լինեն այս կամ այն երկրի օրինակին հետեւելու մասին բարձրագոչ հայտարարություններ անելուց՝ անտեղյակ լինելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Մեկ այլ հարց է տվյալ երկրի «օրինակելի» վարքագիծը գովազդելու փոխարեն նրանից պատասխան պահանջելը: Բայց արդյոք ՀՀ ներկա իշխանությունները առավելեւս հիմա ունակ են նման բանի: 

Կարդացեք նաեւ՝

Առաջին լուսանկարում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter