HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքական դրոնները զրկվեցին եւս մի մատակարարից

Բրիտանական «Andair» ընկերությունը հունվարի 11-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ 2020 թ. նոյեմբերի 2-ին իրեն էր դիմել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը եւ խնդրել դադարեցնել մատակարարումները թուրքական «Baykar Makina» ընկերությանը, քանի որ վերջինս «Andair»-ի արտադրանքն օգտագործում է մարտական ԱԹՍ-ների վրա: 

Հետաքննություն անցկացնելուց հետո «Andair»-ը պարզել է, որ ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, ինչից հետո անմիջապես դադարեցրել է առաքումներն ու «Baykar Makina»-ից ստացված բոլոր պատվերների իրականացումը: 

«Baykar Makina»-ն (ներկայում հանդես է գալիս որպես «Baykar Savunma») այն թուրքական ընկերությունն է, որն արտադրում է Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմում լայնորեն կիրառված «Bayraktar TB2» դրոնները: 1984-ին ընկերությունը հիմնադրել է Օզդեմիր Բայրաքթարը, որի որդիներից Սելչուկ Բայրաքթարը ընկերության տեխնիկական տնօրենն է եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան՝ դստեր ամուսինը:

1994-ից գործող «Andair» ընկերությունն արտադրում է ինքնաթիռների վառելիքի սնուցման համակարգեր:

Հիշեցնենք, որ «Andair»-ից առաջ՝ անցյալ տարվա հոկտեմբերին, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով թուրքական ընկերությանը մատակարարումները դադարեցրել էր Կանադան, որի «L3Harris WESCAM» ընկերությունը, մասնավորապես, «Bayraktar TB2» ԱԹՍ-ների համար առաքում էր «CMX-15D» տիպի օպտիկական տվիչ եւ թիրախի հայտնաբերման համակարգ: Ինչպես արդեն գրել ենք, դա կանադացիների մատակարարումների երկրորդ սառեցումն էր. մինչ այդ Կանադան նման քայլի դիմել էր 2019-ի հոկտեմբերին, քանի որ այդ ժամանակ Սիրիա ներխուժած Թուրքիան քրդական ուժերի դեմ կրկին «Bayraktar TB2» դրոններ էր կիրառել: Շեշտենք, որ համագործակցությունը դադարեցրել է ոչ թե «L3Harris WESCAM»-ը, այլ դա արգելել է Կանադայի կառավարությունը: 

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, բացի Կանադայից, ճնշման տակ էին հայտնվել նաեւ ամերիկյան ընկերությունները, որոնք համագործակցում են թուրքերի հետ: Հոկտեմբերի վերջին ամերիկահայերը բողոքի ցույց էին անցկացել ամերիկյան «Viasat» ընկերության դեմ, որը արբանյակային կապ եւ սարքավորումներ է վաճառում Թուրքիային: Ընկերության արտադրանքն ու կապի տեխնոլոգիաները կիրառվում են թուրքական «Bayraktar TB2» եւ «Anka-S» մարտական ԱԹՍ-ների համար: «Viasat»-ը ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ նպատակադրված է դադարեցնել մատակարարումները Թուրքիային եւ մոտ ժամանակները դիմելու է ԱՄՆ պետական կառույցներին՝ պահանջելով քննել, թե ինչպես է Թուրքիան օգտագործում իր տեխնոլոգիաները։ «Viasat»-ի ներկայացուցիչը պնդել էր, թե իրենք տեղյակ չեն, որ իրենց արտադրանքն օգտագործվել է խաղաղ բնակչության դեմ եւ հիվանդանոցներ ռմբակոծելու համար:

Անցյալ աշնանը դեպի Թուրքիա մատակարարումները դադարեցրեց նաեւ ավստրիական «Rotax» ընկերությունը, որը «Bayraktar TB2» դրոնների վրա գործածվող շարժիչներ էր պատրաստում: «Rotax»-ը կանադական «Bombardier Recreational Products»-ի դուստր ընկերությունն է եւ հենց կանդական ձեռնարկության հրահանգով է դադարեցրել թուրքական կողմի հետ համագործակցությունը: Հարկ է նկատել, որ «Rotax»-ի շարժիչներն արտադրվել են թեթեւ ու գերթեթեւ ինքնաթիռների համար՝ ոչ ռազմական նպատակներով, իսկ դրանց վաճառքն իրականացվել է միջազգային միջնորդների կողմից։ Այս դեպքում Թուրքիային մատակարարումներ է կատարել Իտալիան։ 

Այսպիսով՝ կանադական «WESCAM»-ից ու ավստրիական «Rotax»-ից հետո «Andair»-ը երրորդ ընկերությունն է, որը դադարեցնում է մատակարարումները թուրքական «Baykar»-ին:

Կարդացեք նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter