HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Շվեյցարական մեդիան անհանգստացած է Արցախյան պատերազմում սեփական երկրի անուղղակի ներգրավվածությամբ

«Ադրբեջանի իսրայելա-շվեյցարական զենքը». այսպես է վերնագրել իր երեկվա հրապարակումը Շվեյցարիայի «Le Courrier» ֆրանսալեզու օրաթերթը՝ անդրադառնալով Արցախի դեմ վերջին պատերազմում Ադրբեջանի կիրառած իսրայելական ԱԹՍ-ներին եւ դրանցում օգտագործված շվեյցարական տեխնոլոգիաներին: 

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում թշնամու կիրառած իսրայելական ԱԹՍ-ների, մասնավորապես՝ «Harop» մահապարտ դրոնի եւ դրա դետալների մասին «Հետքի» հրապարակումը արդեն մի քանի շաբաթ լայն քննարկման առարկա է Շվեյցարիայում:

Հիշեցնենք, որ «Հետքի» լրագրողները հոկտեմբերի 18-ին Շուշիի մերձակայքում գտել, ուսումնասիրել եւ լուսանկարել էին հայ հակաօդայինների խոցած թշնամական «Harop» դրոնը, որը հայտնի է նաեւ որպես կամիկաձե՝ ինքնասպան ԱԹՍ։ Այն արտադրում է իսրայելական «Israel Aerospace Industries» (IAI) ընկերությունը։ Մեր հրապարակման մեջ առանձնացրել էինք կամիկաձե դրոնի երկու դետալ՝ շվեյցարական «Faulhaber Minimotor SA» ընկերության արտադրած էլեկտրաշարժիչը եւ ֆրանսիական «Eurofarad» ընկերության թողարկած ռեոստատը, որոնք աշխատեցնում են արձակման ժամանակ «Harop»-ի թեւերը բացելու մեխանիզմը։ «Հետքի» հոդվածը լայն արձագանք գտավ Շվեյցարիայում՝ մի երկրում, որը թղթի վրա հայտնի է իր չեզոքությամբ:

SECO. դրոնի թեւերը բացող էլեկտրաշարժիչը դրա համար չէր արտադրվել

Մի քանի հազար մարդկային կյանքեր խլած պատերազմում կիրառված մահապարտ դրոնների կարեւոր դետալներից մեկի վրա գրված «Swiss Made» («Պատրաստված է Շվեյցարիայում») գրությունը մտահոգության առարկա է դարձել շվեյցարական մեդիայում: Փաստին, որ իրենց երկրի տեխնոլոգիաները կիրառվում են մարդ սպանելու նպատակով, անդրադարձան գերմանալեզու «SRF» հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը (տես այստեղ եւ այստեղ) եւ «Die Wochenzeitung» (WOZ) շաբաթաթերթը, ինչպես նաեւ swissinfo.ch բազմալեզու կայքը (տես այստեղ եւ այստեղ):

Սրանցից «SRF»-ը հարցումներ էր ուղարկել Շվեյցարիայի էկոնոմիկայի պետքարտուղարությանը (SECO) եւ դրոնի էլեկտրաշարժիչն արտադրած «Faulhaber Minimotor SA» ընկերության մայր կազմակերպությանը՝ գերմանական «Faulhaber» խմբին: Պետքարտուղարությունը լրատվամիջոցին հայտնել էր, որ նման էլեկտրական սարքերի (էլեկտրաշարժիչների) վրա ապրանքների վերահսկման օրենսդրությունը չի տարածվում, եւ դրանք կարող են արտահանվել առանց թույլտվության։ Ըստ պատասխանի՝ այդպիսի սարքերը կարող են լայնորեն օգտագործվել արդյունաբերության մեջ։ Միաժամանակ էկոնոմիկայի պետքարտուղարությունը հայտարարել էր, որ խնդրո առարկա էլեկտրաշարժիչը կիրառվում է ոչ թե դրոնը վարելու, այլ դրա թեւերի ծալվող մեխանիզմը գործարկելու համար։

Գերմանական խումբն էլ հայտարարել էր, թե ամբողջ աշխարհում իր ապրանքների շարժը կարգավորվում է արտահանման վերահսկողության միջազգային կանոններով, ու կարծիք հայտնել, որ այդ կանոնները գործել են նաեւ իսրայելական ԱԹՍ-ի վրա հայտնված իր դետալի տեղափոխման պարագայում։ Քիչ ավելի ուշ «Faulhaber»-ը հաստատել էր, որ էլեկտրաշարժիչն արտադրվել է Շվեյցարիայում՝ նկատելով, որ սարքն իրենից ներկայացնում է փոխանցման տուփ («Faulhaber Minimotor SA»-ի արտադրանքը քայլային էլեկտրաշարժիչ էր), որը կարող է արտահանվել առանց թույլտվության։ Ըստ գերմանական կազմակերպության՝ ինքն արտադրում է նման սարքեր արդյունաբերության տարբեր ճյուղերի համար եւ արտահանում աշխարհով մեկ։ «Մենք սովորաբար նման բաղադրիչները մատակարարում ենք որպես էլեկտրամեխանիկական հանգույցների մաս, որոնք իրենց հերթին տեղադրվում են վերջնական համակարգերում»,- «SRF»-ի լրագրողին հայտնել էր «Faulhaber»-ը։

Էկոնոմիկայի պետքարտուղարության մամլո խոսնակը «Le Courrier»-ին հայտնել է, թե Արցախում հայտնաբերված էլեկտրաշարժիչները չեն արտադրվել հենց ռազմական նպատակների համար, դրա համար էլ այդ սարքերը չեն ընդգրկված վերահսկման ենթակա արտահանվող ապրանքների մեջ: «Faulhaber» խումբն իր հերթին չի պատասխանել, թե արդյոք պատրաստվում է քայլեր ձեռնարկել, որ կանխի այնպիսի զարգացումները, ինչպիսիք տեղի են ունեցել (հայտնվելով Իսրայելի ձեռքում՝ այդ դետալները դարձել են զենքի մաս ու հետո Ադրբեջանի կողմից կիրառվել հայերի դեմ):

Սեփական տեխնոլոգիաների անօրինական օգտագործումը կանխող գործիքակազմ չկա

Հիշեցնելով «Faulhaber»-ի վարքականոնի առաջին տողում նշված պնդումը, թե այն հարգում է ՄԱԿ-ի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Le Courrier»-ը միաժամանակ նկատում է, որ շվեյցարական օրենսդրության մեջ չկա գործիքակազմ, որը հնարավորություն կտա կանխել տեղական տեխնոլոգիաների անօրինական օգտագործումը: Ըստ SECO-ի՝ կարող է արգելվել «Faulhaber»-ի միկրոշարժիչների արտահանումն այն երկրներ, որոնց հանդեպ Շվեյցարիան պատժամիջոցներ է կիրառել, կամ էլ կասկածներ կան, որ այդ սարքերը կարող են կիրառվել զանգվածային խոցման զենքերի մեջ: 

«WOZ» շաբաթաթերթն էլ գրել էր, որ «Faulhaber Minimotor SA»-ի նման ընկերություններն օգուտ են քաղում վերահսկվող ապրանքների ցուցակներում չներառված արտադրանքի իրացումից։ Թերթի փոխանցմամբ՝ գերմանական «Faulhaber» խումբը 17 դուստր ձեռնարկություն ունի, որոնցից 6-ը գործում են Շվեյցարիայում։ «WOZ»-ը նախկինում անդրադարձել է այս 6-ից երեքին («Faulhaber Precistep SA», «Faulhaber Minimotor SA» եւ «MPS Micro Precision Systems AG»), որոնք չնայած մատակարարում են ռազմական նշանակություն ունեցող ապրանքներ, դրանք որպես այդպիսին զենք չեն համարվում։ 

Ըստ «WOZ»-ի՝ 2017-ին «Faulhaber»-ի շվեյցարական դուստր ընկերություններն ստացել են ընդհանուր մոտ 4 մլն շվեյցարական ֆրանկ (շուրջ 4,5 մլն դոլար) արժեքով ռազմական նշանակության հատուկ ապրանքներ արտահանելու լիցենզիա։ Ուշագրավ է եղել հատկապես «MPS Micro Precision Systems AG»-ի ստացած պատվերը։ Խոսքը «ռումբեր, տորպեդներ եւ այլ հրթիռներ» կատեգորիայի ավելի քան 850.000 ֆրանկ (մոտ 960.000 դոլար) արժեքով բաղադրիչներ դեպի Իսրայել մատակարարելու մասին է, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ինչ բաղադրիչների մասին է խոսքը։

Պետքարտուղարությունն ասում է, թե օրենքի փոփոխությունը պետք է անել միջազգային մակարդակով

«Այսպես կոչված ուղղող նախաձեռնությունը, որի համար քվերակությունը լինելու է 2022 թ., նախատեսում է զենքի արտահանման արգելք այն երկրներ, որտեղ ընթանում է քաղաքացիական պատերազմ,- գրում է «Le Courrier»-ը,- սակայն այդ օրենքը չպետք է խոչընդոտի միկրոշարժիչների կամ շվեյցարական այլ տեխնոլոգիաների օգտագործմանը, քանի որ դրանք չեն համարվում ռազմական ապրանք»:

Օրաթերթը, հղում անելով էկոնոմիկայի պետքարտուղարությանը, նշում է, որ շվեյցարական օրենսդրությունը հիմնված է միջազգային որոշումների վրա: Ըստ այդմ՝ վերոնշյալ ապրանքների արտահանման վերահսկողություն հաստատելու համար անհրաժեշտ է ընդունել որոշումներ միջազգային մակարդակով՝ արտահանումների միջազգային վերահսկողության շրջանակներում եւ բոլոր անդամ-երկրների կոնսենսուսի հիման վրա: SECO-ի տեղեկացմամբ՝ շվեյցարական խորհրդարանի իրավունքն է ինքնուրույն փոփոխություն կատարել վերահսկողության մասին օրենքում, սակայն դա կնշանակի խախտել այդ օրենքի միջազգային բնույթը:

Իսկ մինչ այդ «մահվան վաճառականները» շարունակում են շահույթ ստանալ     

«Հետքի» եւ շվեյցարացի գործընկերների հրապարակումներից հետո քաղաքացիների մի խումբ բողոքի ակցիա էր իրականացրել շվեյցարական Լա Շո դե Ֆոն քաղաքում գործող «Faulhaber Precistep SA» ընկերության դիմաց՝ հայտարարելով. «Պատերազմը բիզնես չէ, աշխատանքից ազատեք ձեր համագործակցող ղեկավարներին»: Քաղաքացիները պաստառներով մտել էին ընկերության գրասենյակ, դատապարտել «Faulhaber»-ի մասնակցությունն Արցախում հայերի դեմ պատերազմին՝ հղում անելով «Հետքի» լուսանկարներին, որոնք, ըստ նրանց, «մերկացնում են մահվան վաճառականներին»:

«Արտահանման ոչ մի սահմանափակում չի տարածվում «երկակի նշանակության» դետալների վրա, քանի որ դրանք ունեն նաեւ ոչ ռազմական կիրառություն: Այս իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ ռազմական տեխնիկայի արտահանումն ընդամենը այն շահույթի այսբերգի գագաթն է, որը Շվեյցարիան ստանում է զինված հակամարտություններից: Հանուն շուկայի ազատականության՝ շվեյցարական կառարությունը պաշտպանում է բոսերին, որոնք հարստանում են արյունոտ առեւտրով»,- հայտարարել էին ակցիայի մասնակիցները:

«Harop»-ի էլեկտրաշարժիչն արտադրող «Faulhaber Minimotor SA»-ն գործում է Շվեյցարիայի իտալախոս Տիչինո կանտոնում, իսկ «Faulhaber Precistep SA»-ն, որի դեմ ակցիա էր կազմակերպվել, գտնվում է ֆրանսախոս Նյոշատել կանտոնում: Վերջինիս ներկայացուցիչն ակտիվիստներին ու «Le Courrier» օրաթերթին հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված դետալներն իրենք չեն արտադրել: Հիշեցնելով գերմանական մայր խմբի հայտարարությունը, թե իր արտադրած սարքավորումները կիրառվում են, մասնավորապես, բժշկական, օպտիկական, ավիատիեզերական տեխնիկայում մեջ, «Le Courrier»-ը, հղում անելով «WOZ»-ին, նկատել է, որ, այդուհանդերձ, մեծ թվով շվեյցարական ՓՄՁ-ներ, որոնք մասնագիտացած են գերճշգրիտ տեխնոլոգիաների ոլորտում, շահույթ են ստանում զենքի պատվերներից, որոնք պաշտոնական վիճակագրության մեջ չեն երեւում:

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ցույց է տալիս Շվեյցարիայի դերը զենքի համաշխարհային բիզնեսում. վերջինս կարեւոր մատակարար է միլիարդներ արժեցող զենքի բիզնեսում։ Մեծաթիվ փոքր եւ միջին ձեռնարկություններ, որոնք մասնագիտացած են ճշգրիտ տեխնոլոգիաներում, շահույթ են ստանում զենքի մատակարարման միլիոններ արժեցող պայմանագրերից,- գրել էր «WOZ»-ը՝ հավելելով, որ այդ արտահանումները պաշտոնական վիճակագրության մեջ չեն երեւում,- ամեն դեպքում, այնպիսի ՓՄՁ-ները, ինչպիսին է «Faulhaber Minimotor SA»-ն, հասարակության կողմից չեն ընկալվում որպես զենք արտադրողներ»։

Կարդացեք նաեւ՝

 

Մեկնաբանություններ (3)

GB
There will be more that will come up after the Artsakh war. I personally was shocked to hear about Pakistani military involvement. https://www.memri.org/reports/pakistans-military-involvement-nagorno-karabakh-war?fbclid=IwAR0r9Q_4tJ1bboWqthYB0SK9DNhthPiU_J0NwlROFMq_4luAxp1sPA69IoQ
patrick
It would be easy for swiss to write on the parts: "may not be used in weapons". But as often Switzerland is involved - see WW2, see SA apartheit and Switzerland washes its image by claiming to be neutral, onest and of humanitarian spirit. It is not the case. It is money making the only value.
Bedros
Has Armenia officially contacted Switzerland on thios matter? What is Yerevan doing diplomaticaly to condemn such business practices?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter