
Ն. Փաշինյան. «Քննարկման առարկա էլ չէ, որ թուրքերը, ադրբեջանցիները մեր թշնամիներն են»
Խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ վերջին շրջանում լրագրողներն իրեն շատ են հարցեր հղում հայ-թուրքական հարաբերությունների մասին` հետաքրքրվելով թուրքերը մեր թշնամիներն են, թե՞ ոչ: Սիմոնյանն էլ իր հերթին այդ հարցը տվեց Փաշինյանին: Վերջինս արձագանքեց` իր համար անհասկանալի է այդ բանավեճը, քանի որ այդ հարցի պատասխանը տալիս են պատմությունը, վերջին պատերազմը:
«Քննարկման առարկա էլ չէ, որ թուրքերը, ադրբեջանցիները մեր թշնամիներն են, իրենք էլ մեզ են թշնամի համարում, հարցը այլ տեղ է: Լավ, էս թշնամությունը ի՞նչ ենք անելու, ես օրինակ` մարզային հանդիպումներում ասում եմ` ինչքան մենք ենք իրենց համարում թշնամի, էնքան իրենք են մեզ համարում թշնամի: Հարցն այն է` ի՞նչ պետք է էս իրավիճակում անենք, ինչքա՞ն ենք էսկալացնելու էդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու»,- ասաց նա:
Փաշինյան ասաց, որ հարցն այն է` պետք է կառավարել այդ թշնամությունը, թե թողնել դառնա անկառավարելի: Փաշինյանը նաև ընդգծեց, որ շատ երկրներ կան, որոնք թշնամի են, սակայն տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն:
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում այդպես էլ հստակ պատասխան չէր տվել` արդյոք Թուրքիան Հայաստանի թշնամին է, թե ոչ: Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան Գրիգորյանն ասել էր. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։
Այնուհետև ԱԳ նախարար Արա Այվազյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է վարչապետի ու ԱԳ նախարարի կողմից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել