HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով չէր կարող զբաղեցնել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը. Տ. Խաչատրյանը դիմել է դատարան

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դարձյալ դիմել է վարչական դատարան՝ այս անգամ պահանջելով ճանաչել Արշակ Կարապետյանին իրավուքի ուժով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:

Հայցադիմումը վարչական դատարան մուտք է եղել երեկ՝ ապրիլի 16-ին: Գործով պատասխանող են հանդես գալիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին:

Ապրիլի 13-ին կառավարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ՝ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

Հայտարարության մեջ նշված էր նաև, որ սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը վարչական դատարան դիմել էր նաև իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021թ. փետրվարի 24-ին հրամանագրով Տիրան Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ Yerevan.Today-ին տված հարցազրույցից հետո։ Թերթի լրագրողը Տ. Խաչատրյանին հարցրել էր, թե հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ հրապարակման՝ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել էր ու բացասական պատասխան տվել: Այդ հարցազրույցից հետո հրապարակվեց նախագահի հրամանագիրը՝ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter