
Պայմանագրային զինծառայության անցնելու տարիքային շեմը վերանայվեց
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով վերանայվում է պայմանագրային զինվորական ծառայության տարիքային շեմը:
Ըստ այդմ`շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի համար առավելագույն տարիքային շեմ է սահմանվում 53 տարեկանը, կրստեր սպայական կազմի համար` 55-ը, ավագ սպայական կազմի` մայոր և փոխգնդապետ կոչում ունեցողների համար` 58, գնդապետի համար` 63-ը:
Փոփոխվել է նաև պայմանագրային զինծառայության ընդունվելու առավելագույն տարիքը, սահմանվել է մինչև 50 տարեկան շեմը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած կրկին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի՝ քոլեջների և ուսումնարանների ուսանողներին տարկետում կտրվի՝ ուսումն ավարտելու նպատակով:
Ըստ այդմ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն կառավարության որոշմամբ՝ մեկ անգամ տրվում է տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:
Մեկնաբանել