«Պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն». Հրաչյա Հակոբյանի արձագանքը Սյունիքի դեպքերին
Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանում տևած մեկ ժամանոց ելույթի պատասխանն էին:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին վարչապետ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզի տարբեր համայնքներ, որտեղ բնակիչները բողոքի ակցիաներով էին դիմավորում նրան, հայհոյանքներ հնչեցնում Փաշինյանի հասցեին: Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը։
«Այն շրջանակները, ում հարցեր էին հղված այդ մեկ ժամ տևած ելույթում, չկարողանալով բովանդակային որևէ կերպ հակադարձել այդ ելույթին, գնացին այս քայլին և 30-40 խուժանի հավաքելով մի տեղ՝ կազմակերպեցին «անհնազանդության ակցիան»: Ես՝ որպես քաղաքական թիմի անդամ, ինչու չէ, որոշ դեպքերում սիրում եք ներկայացնել որպես աներձագ, որպես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ, ուզում եմ ասել` դավաճանն էլ են իրենք, կապիտուլյանտն էլ են իրենք»,-ասաց Հակոբյանը` պնդելով, որ այդ հայհոյանքները չեն մնալու անպատասխան:
Հակոբյանն ընդգծեց` հնչած բոլոր հայհոյանքները բառ բառ բառ ուղղում է այդ ակցիայի կազմակերպիչներին:
«Բառ առ բառ ուղղում եմ այդ մարդկանց քաղաքական հայրերին»,-ասաց նա` հավելելով, որ իր համար ակնհայտ էր, որ դա կազմակերպված ակցիա էր:
Դիտարկմանը, որ սյունեցիները դժգոհում են, քանի որ իրենց բնակավայրերի մի մասն անցել է հակառակորդի հսկողության տակ, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց` 2010 թվականին խորհրդարանն օրենք է ընդունել և այդ բնակավայրերի մի մասը հանձնել թշնամուն: Հակոբյանի խոսքով` իրենց իշխանությունը պատերազմում պարտվեց, սակայն նախկին իշխանությունները օրենքով են հանձնել:
«Նորմալ է, որ այնտեղ կլինեն մարդիկ, որոնք դժգոհ են, բայց էդ մարդիկ իրենց խուժանի պես չեն պահում, իսկ մենք երեկ տեսանք խուլիգանական պահվածք»,-ասաց նա:
Դեռ գիշերվանից ակցիայի մասնակից սյունեցիներից ոմանք բերման են ենթարկվում, և քննարկվում է այն հարցը, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում: Սրան ի պատասխան՝ քաղաքական մեծամասնության պատգամավորն ասաց. «Բա պետք է բերման ենթարկվեն, և պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն, որովհետև նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»:
Հակոբյանը զարմացավ իրենց նման բավական հանդուժող իշխանությանն ուղղված մեղադրանքից, թե բիրտ ուժ են կիրառում:
Ըստ նրա` իշխանության ընդդիմախոսները հավաքվում են այնտեղ, որտեղ հայհոյանքներ են հնչում: Հակոբյանը պնդում է` Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են այն մասին, որ արտահերթ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզում իշխանության շանսերը շատ ավելին են, քան ընդդիմությանը:
«Եթե նրանք վստահ են, որ կհաղթեն ընտրություններում, հանգիստ կգնան ընտրությունների, ակնհայտ տեսնում են, որ շանս չունեն հաղթելու, գնում են նմանատիպ քայլերի: Սյունիքի դեպքերը վկայում են պարտվողի գործողությունների մասին»,-ասաց նա:
Մեկնաբանել