
Մոսկվան Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զերծ մնալ ռազմաշունչ հռետորաբանությունից
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին զերծ մնալ ռևանշիստական և ռազմաշունչ հռետորաբանությունից, քանի որ դա կարող է կրկին տարածաշրջանը կանգնեցնել պատերազմի եզրին։ Այս մասին ապրիլի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության (ՌԴ ԱԳՆ) խոսնակ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործնական քայլերը պետք է տեղավորվեն եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել 2020 թ. նոյեմբերին և 2021թ․ հունվարին։ ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ այդ ամենի շրջանակում պետք է կարգավորվի տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 20-ին հեռուստատեսային հարցազրույցում ասել էր, որ Բաքուն կհասնի «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը՝ անկախ Հայաստանի ցանկությունից, իսկ անհրաժեշտության դեպքում ուժով կհասնի դրան։
ՀՀ արտաqին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը դատապարտել էր Ալիևի հայտարարությունները՝ ընգծելով, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել