HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անկախ պատգամավորները մտադիր են էթիկայի հանձնաժողով ձևավորել՝ Հրաչյա Հակոբյանի արտահայտությունների համար

Ազգային ժողովի անկախ պատգամավորները նախաձեռնում են էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատգամավորական վարքագիծն ուսումնասիրելու համար: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Տիկին Գրիգորյան, վերջին օրերի դեպքերից հետո Սյունիքում եղե՞լ եք, ի՞նչ տրամադրություններ են այնտեղ իշխում:

-Վերջին օրերին բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու, թե ինչ է տեղի ունեցել Սյունիքում և սյունիքյան իրադարձություններից հետո: Մենք տեղի ունեցածը փորձում ենք ներկայացնել էմոցիոնալ ֆոնի վրա, մինչդեռ եկեք արձանագրենք, որ այցից հետո իշխանության կողմից գեթ մեկ արձանագրում չի եղել, թե ինչ է կատարվում Սյունիքում: Ի վերջո վարչապետն անցել է Շուռնուխով, տեսել, որ ադրբեջանցիներն այնտեղ կանգնած են, իհարկե նրան ուղեկցում է ռուսական սահմանապահ մեքենան, բայց ես չեմ տեսել, որ երկրի ղեկավարն ամենավտանգավոր միջավայր գնալուց հետո որևէ արձանագրում անի, թե ինչպիսին է իրավիճակը Սյունիքում:

Ես կարծում եմ նրանց բողոքն արդարացի էր, առանձին դրսևորումեր իհարկե չեմ սատարում, բայց մեծ հաշվով տեղի ունեցավ այն, ինչ պետք է լիներ: Մարդիկ հինգ ամսից ավելի կուտակած ցասումը որևէ կերպ դրսևորեցին, իսկ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, մեծ հաշվով, կարծում եմ, քաղաքական հաշվեհարդար էր:

Դրան գումարենք նաև այն, որ պատգամավորները հանդես եկան այնպիսի հայտարարություններով, որոնք պարզապես անթույլատելի են հանրային գործչի համար: Խոսքս մասնավորապես Հրաչյա Հակոբյանի արտահայտության մասին է՝ էդպես ստորացնելով պետք է բերման ենթարկեն: Մենք անկախ պատգամավորներով հանդես ենք եկել էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝ Հրաչյա Հակոբյանի՝ որպես պատգամավոր նման միտք հնչեցնելու համար:

Ի վերջո Սահմանադրության համաձայն՝ որևէ մեկը չի կարող ենթարկվել անմարդկային վերաբերմունքի, մարդը բարձրագույն արժեք է, դա ամրագրված է Սահմանադրությամբ: Նաև չեմ լսել մեկ արտահայտություն, կշտամբանք սեփական թիմից այդ արտահայտությունը դատապարտող:

Ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ ձեր դիմումը:

-Քանի որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվում է խորհրդարանի որոշմամբ, նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն խմբակցությունները, մենք դիմել ենք խմբակցություններին, և ես հույս ունեմ, որ գոնե ընդդիմադիր խմբակցությունների կողմից այն ուշադրության կարժանանա: Ի վերջո, մենք հիշում ենք, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկի արտահայտած «ժեխ» բառի համար պատգամավորը զրկվեց հանձնաժողովի նախագահի իր պաշտոնից:

Վարչապետը և իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե սյունիքյան ակցիաները որոշ շրջանակներ էին նախաձեռնել։ Դուք ի՞նչ կարող եք ասել այդ մասին, վարչապետը հանրային աջակցություն վայելո՞ւմ է Սյունիքում:

-Իշխանությունն ասում է՝ նեղ շրջանակների կողմից, իսկ միգուցե մանրամասնի, թե ովքե՞ր են նեղ շրջանակները: Շատ հեշտ է նման պնդումներ անել առանց հիմք ունենալու: Ես խնդրում և պահանջում եմ նման հայտարարություններ անելուց հետո հիմքեր ներկայացնել, այլապես այն հիմնազուրկ է: Իսկ առհասարակ ի՞նչ եք կարծում շուռնուխցին կարո՞ղ է ծափահարություններով ընդունել մի իշխանության, որի անգործության պայմաններում զրկվել է տնից կամ ում ղեկավարման օրոք նրա երեխաները ստիպված են կաշկանդված ապրել, որովհետև նրանց և ադրբեջանցիներին բաժանում է մեկ ճանապարհ:

Բազմաթիվ փաստեր, վկայականներ կան, որոնցով մեր իշխանությունները կարող էին բանակցել՝ ասելով, որ այդ տարածքները մերն են և պետք է մեր վերահսկողության տակ լինեն: Չարդարացնելով հայհոյանքը` պետք է հասկանանք, որ նրանց ցասումն արդարացված է: Մենք տեսանք՝ ինչպես բերման ենթարկեցին շուռնուխցի Աշխարհապետին, ինչպես Հրաչյա Հակոբյանն էր ասում՝ ստորացնելով բեման ենթարկեցին: Դա իրավաչա՞փ արձագանք էր, վստահաբար ասում եմ՝ ոչ:

Իսկ առհասարակ Սյունիքում կան մարդիկ, ովքեր սատարում են Փաշինյանին, կան՝ ոչ, թե ինչ համամասնություն կլինի՝ կտեսնենք ընտրությունների արդյունքներով: Սակայն այն, որ սյունեցին պետք է բողոքի, սյունեցին, որի տան դիմաց կանգնած է ադրբեջանցին, դա բնական է:

Տիկին Գրիգորյան, Ձեզ քննադատում են «Իմ քայլի» թիմից դուրս գալու համար՝ պնդելով, որ որպես պատգամավոր քվե եք ստացել Փաշինյանի թիմակիցը լինելու համար: Դուք՝ որպես անկախ պատգամավոր, կարողանո՞ւմ եք սյունեցիների ձայնը լինել խորհրդարանում, ազդեցության լծակ ունե՞ք:

-Ես մասնակցել եմ ընտրություններին «Իմ քայլի» ցուցակով, պատգամավոր եմ ընտրվել, որովհետև ժողովուրդը ինձ քվե է տվել: Թիմից դուրս գալու որոշումը կայացնելուց խորհրդակցել եմ նաև այն մարդկանց հետ, ովքեր սատարել են ինձ, միասին նույն գաղափարներն ենք կիսել: Ես ունեմ այն մոտեցումը, որ Սյունիքում առկա խնդիրները պետք է բարձրաձայնել, որովհետև Սյունիքից ընտրված իշխանության այլ պատգամավորներն այդ խնդիրները չեն բարձրաձայնում, հակառակը՝ ասում են Սյունիքում անվտանգ է: Մինչդեռ կարծում եմ օբյեկտիվ պետք է նայել իրականությանը, և բոլոր խնդիրները բարձրաձայնել: Ես անում եմ այն, ինչ հնարավոր է որպես անկախ պատգամավոր: Իհարկե այնքան էլ հեշտ չէ բոլոր հարցերին լուծումներ տալ, ի վերջո հասկանալի է, որ ընդդիմադիր պատգամավոր եմ, միշտ չէ, որ Կառավարության հետ աշխատանքը շատ հարթ է ստացվում:

Այս խորհրդարանի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա քաղաքական գործունեությունը, ո՞ր թիմի հետ եք պատրաստ համագործակցել:

-Քննարկումներ ունեմ տարբեր մարդկանց հետ, անկեղծ ասած` այս պահին ավելի շատ ուսումնասիրում եմ, թե այդ կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ ձևաչափով է հանդես գալիս, ինչ գաղափարներ են առաջ քաշում: Այս ամենը ուսումնասիրելուց և իմ գնահատականը տալուց հետո որոշումս կկայացնեմ: Քիչ ժամանակ է մնացել, Սյունիքում էլ քննարկումներ կունենամ, և վերջնական որոշումս կկայացնեմ: Ենթադրում եմ՝ հաջորդ շաբաթ կհայտարարեմ՝ մասնակցելու եմ ընտրություններին, թե ոչ և մասնակցելու պարագայում՝ որ թիմով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter