HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Խաչատրյան․ «Ադրբեջանցիները հենակետերի միջնամասով են անցել, որը պահպանվող չի եղել»

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այժմ բանակցություններ են ընթանում։ «Հետք»-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ բանակցությունների առարկան պետք է լինի ադրբեջանական զինծառայողների՝ անհապաղ այդ տարածքը լքելը։ Բանակցություններում ռուսական կողմի ներգրավվածության վերաբերյալ Արմեն Խաչատրյանը տեղեկություններ չունի, բայց կարծում է, որ անպայման ռուսական կողմը պետք է ներգրավվի։

«Եթե ադրբեջանական ուժերը, զինվորականները անհապաղ չլքեն ՀՀ տարածքը, սա արդեն կդիտարկվի սահմանի խախտում, կարող է դիտարկվել ՀՀ տարածքի օկուպացիայի փորձ և կարող են լուրջ հետևանքներ առաջանալ։ Այդ դեպքում, վատ հետևանքների դեպքում գուցե խնդիրներ առաջանան ՀԱՊԿ-ի համար, ՀԱՊԿ-ը նույնպես պետք է արձագանքի, քանի որ սա կդիտարկվի ոչ միայն ՀՀ-ի դեմ ագրեսիա, այլ կդիտարկվի ՀԱՊԿ անդամ պետությունների դեմ ագրեսիա»,- ասաց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ բանակցություններն արդյունք կտան և ադրբեջանցիները անհապաղ դուրս կգան այդ տարածքներից այնպես, ինչպես մտել են։

ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ ՀՀ-ն որևէ կերպ չի հանդուրժելու ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածքում գտնվելու հանգամանքը, չի հանդուրժելու սահմանի խախտումը։ Իշխանությունները պատրաստ են ցանկացած, այդ թվում՝ ռազմական լուծման։ «Սյունիքի մարզից չի կարող որևէ մետր հող, պետական սահմանից այս կողմ ինչ-որ վիճարկման առարկա դառնա»,- հայտարարեց Արմեն Խաչատրյանը։

Հարցին, թե ինչպե՞ս են կարողացել ադրբեջանցի զինծառայողները առանց դիմադրության 3,5 կիլոմետր առաջ գալ, պատասխանատուներ չկայի՞ն, որ տեղում որոշումներ կայացնեին, պատգամավորը պատասխանեց, որ տարածքում կան հայկական հենակետեր, բայց ադրբեջանցիներն այդ հենակետերի միջնամասով են անցել, որը պահպանվող չի եղել։

«Այս պահի դրությամբ ՀՀ սահմաններում կան տարածքներ, որոնք պահպանվող չեն, հենակետեր չկան, առայժմ չկան։ Բայց ասեմ հետևյալը՝ այս պահի դրությամբ, եթե ադրբեջանցիները որոշեն ինչ-որ մի տեղով պետք է սողոսկել և առաջ անցնել, շանսերը մեծ են, որ ցանկության դեպքում կարող են իրականացնել։ Նույնը հակառակը կարող եմ ասել։ Եթե ցանկություն լինի սողոսկել և սահմանն անցնել, կարող ենք անել»,- նկատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Նա համաձայն է, որ ադրբեջանցիների առաջխաղացման հակազդեցությունը բավականին ուշ է եղել, 3,5 կմ խորությունից հետո է հակազդվել։ Պատգամավորը նկատում է, որ դա պետք է քննության առարկա դառնա և վստահեցնում է, որ արդեն քննության առարկա է դարձել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter