HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը

Մայիսի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրուցյց է ունցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ ռուսական կողմից, ինչպես և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում, հաստատվել է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ․ նոյմեբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների անվերապահ կատարումը։

Ընդգծվել է նմանատիպ հարցերի՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար»,- ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Նույն օրը՝ ուշ երեկոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը:

Մայիսի 13-ին էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը արդեն հայտնեց այն մասին, որ ադրբեջանական կողմը կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Այս հայտարարությանը հետևել է ՀՀ Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու համար Հայաստանը դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter