HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազը որոշել է Գագիկ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել 50 մլն դրամ գրավը

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է 50 մլն դրամ գրավով։ Որոշումը կայացրել է նրա գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը  50 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Բեգլարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև, Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233 միլիոն դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը, ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23 միլիոն ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24 միլիոն ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն:

Կատարվածի արդյունքում՝ ոչ միայն հեղինակազրկվել են տեղական ինքնակառավարման մարմինները ու խաթարվել դրանց բնականոն գործունեությունը, այլև դադարեցվել է առանձին նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ նշված պաշտոնատար անձը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝  233 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը:

ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ նշված պաշտոնատար Անձը Գագիկ Բեգլարյանն է։ Նրա և մի շարք այլ անձանց կողմից Երևանի կենտրոնում մանկապարտեզներ սեփականաշնորհելու մասին «Հետք»-ը գրել էր 2019 թ․՝ «Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել» հետաքննությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter