Ստեփանակերտի օդանավակայան. զարգացման հեռանկարները մինչեւ պատերազմը
Ավիաուսումնական կենտրոնի զարգացումը
Ստեփանակերտի օդանավակայանի կազմում գործող ավիաուսումնական կենտրոնը (ԱՈւԿ), ինչպես իր գրքում պատմում է ԼՂՀ քաղավիացիայի վարչության առաջին պետ Դմիտրի Աթբաշյանը, սկսել է գործել դեռ 2010-ից: Միջազգային պահանջների հիման վրա կենտրոնն այն ժամանակ արդեն սերտիֆիկացվել էր օդանավակայանի վերգետնյա ծառայությունների մասնագետների պատրաստման համար:
Այստեղ ուսուցում էին անցնում այն բոլոր մասնագետները, որոնց աշխատանքը կապված էր ուղեւորային համալիրի, աերոդրոմի տեխնիկական սարքավորումների, աերոնավիգացիայի եւ կապի միջոցների մոնտաժի ու շահագործման հետ: Ուսումնական լսարանում եւ տեղերում դասընթացները վարում էին սարքավորումների մատակարար ընկերությունների աշխատակիցները, որոնք ուսումնական կուրսի ավարտին վերապատրաստված անձնակազմին հատկացնում էին տվյալ սարքավորանքը սպասարկելու իրավունք վերապահող սերտիֆիկատներ:
Աթբաշյանը նշում է, որ Ստեփանակերտի ԱՈւԿ-ի հնարավորություններն ընդլայնելու խնդիր էր դրվել, եւ նպատակ կար կենտրոնը սերտիֆիկացնել՝ «CH-701» ինքնաթիռների օդաչուների ուսուցում եւ լիցենզավորում անցկացնելու համար: Ըստ ավիատորի՝ հաշվի առնելով Արցախի քաղավիացիայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական հանգամանքները (առաջին հերթին՝ միջազգային կառույցների կողմից Արցախ-Հայաստան օդային երթուղու վերաբերյալ Ադրբեջանի ագրեսիվ ու մերժողական քաղաքականության սատարումը), Արցախի ավիապարկում գտնվող 2 օդանավերն էին դարձել ԼՂՀ քաղավիացիայի զարգացման աճ ապահովող միակ գործոնը: Որոշվել էր, որ «CH-701» ինքնաթիռներն օգտագործվելու են օդային տուրիզմի, գովազդային բիզնեսի եւ այլ կարիքների, առաջին հերթին՝ ավիացիոն քիմիական աշխատանքների նպատակով:
Բայց առաջադրված խնդիրների կատարման համար նախեւառաջ անհրաժեշտ էր ստեղծել համապատասխան իրավական բազա: Դրա համար 2014 թ. փետրվար-մայիսին մշակվեցին ու հաստատվեցին մի շարք ենթաօրենսդրական ակտեր: Ըստ Դ. Աթբաշյանի՝ դրանց մշակման համար հիմք էին ընդունվում ICAO-ի փաստաթղթերն ու Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ այլ երկրների փորձը:
2014 թ. նույն ամիսներին մշակվեցին նաեւ մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկներ, որոնք եզրակացություն ստանալու նպատակով ուղարկվեցին Մոսկվա՝ Քաղավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ փոխտնօրեն Ռուբեն Եսայանը կազմակերպեց համապատասխան աշխատանքները: Դրանց արդյունքում Արցախում մշակված ձեռնարկները որոշ նկատողություններով եւ առաջարկություններով հաստատվեցին ու հետ ուղարկվեցին եւ փոփոխություններից հետո կիրառության մեջ մտան Ստեփանակերտի ԱՈւԿ-ում: Դրանք նախատեսված էին թե՛ դասախոսների, թե՛ կենտրոնի կուրսանտների ինքնուրույն ուսման համար:
Ունենալով համապատասխան իրավական բազա, ուսումնամեթոդական ձեռնարկներ, նյութատեխնիկական բազա՝ ԱՈւԿ-ը կարող էր բարեհաջող անցնել սերտիֆիկացումը՝ մասնավոր օդաչուներ (private pilot) պատրաստելու իրավունք ստանալու համար: 2014 թ. սեպտեմբերի 3-ին կենտրոնը ստացավ այդ սերտիֆիկատը: Առաջին կուրսանտների հետ սկսվեցին «CH-701» օդանավերի թռիչքների տեսական պարապմունքները: Դրանք անցկացվում էին թե՛ լսարանում, թե՛ ինքնաթիռների հանգարում, թե՛ դասախոսների աշխատասենյակներում: Տեսական մասի քննությունները հաջող անցնելուց հետո կուրսանտներն սկսեցին ուսումնական թռիչքները:
Նկատենք նաեւ, որ 2014-ի մայիսին փոխվեց «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ի ղեկավարը: Երեւան տեղափոխված Արթուր Կարապետյանի փոխարեն նոր տնօրեն նշանակվեց Էրիկ Օհանյանը:
Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը
Դեռ 2013 թվականից, ինչպես պատմում է Դմիտրի Աթբաշյանը, օդաչու Սամվել Թավադյանը «CH-701» ինքնաթիռով, որի վրա ամրացվել էր հեղուկացիր սարք (sprayer), իրականացնում էր ավիացիոն քիմիական աշխատանքների փորձնական թռիչքներ հենց օդանավակայանի տարածքում: Նպատակը հնարավորությունների ստուգումն էր: Զուգահեռ իրականացվում էր գովազդային արշավ պոտենցիալ պատվիրատուների շրջանում եւ գյուղատնտեսության նախարարության հետ: 2014-ի հուլիսին Ասկերանի շրջանում եգիպտացորենի ցանքատարածության փորձնական սրսկում իրականացվեց, որը նաեւ ցուցադրվեց Արցախի եւ Հայաստանի հեռուստատեսությամբ: Ըստ Աթբաշյանի՝ արդյունքը 100-տոկոսանոց էր. երկու օր անց դաշտում վնասատուներ չէին մնացել:
Այդուհանդերձ, ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ էր մշակել եւ հաստատել համապատասխան իրավական փաստաթղթեր, որոնք լինելու էին ոչ միայն քաղավիացիայի վարչության, այլեւ գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունների տիրույթում: Այս առումով Դ. Աթբաշյանը նկատում է, որ բյուրոկրատական քաշքշուկը բավական մեծ էր, առաջին հայացքից արագ լուծում ունեցող հարցերը ձգձգվում էին:
Ըստ Արցախի քաղավիացիայի վարչության առաջին պետի՝ 2015 թ., երբ փոքր ավիացիան գործնականում արդեն պատրաստ էր առեւտրային ծավալների թռիչքներ կատարել գյուղատնտեսության ոլորտում, ԼՂՀ վարչապետը (Աթբաշյանը նկատի ունի 2007-2017 թթ. Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանին), նրա կառավարությունն ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչները անտարբեր գտնվեցին վարչության ծրագրերի հանդեպ:
Քաղավիացիայի վարչության լուծարումը
Դմիտրի Աթբաշյանն իր գրքում նշում է, որ դեռ 2014-ի գարնանը, երբ քաղավիացիայի վարչությունում աշխատանքները եռում էին, որոշվել էր կառավարությանն առընթեր այս կառույցը մտցնել էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կազմ: Վարչության պետը դիմել էր նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով, այդուհանդերձ, կառույցին վերապահել քաղավիացիայի կառավարման գործառույթները: Արդյունքում որոշվել էր պահպանել վարչության գործող կառուցվածքը եւ առկա գործառույթները:
Սակայն 2015 թ. հուլիսին Արցախի կառավարության կառուցվածը փոփոխության ենթարկվեց, եւ դրան առընթեր քաղավիացիայի վարչությունը, ի վերջո, մտցվեց էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության մեջ: Արդյունքում վարչությունը վերակազմակերպվեց նախարարության քաղավիացիայի բաժնի, ինչի հետեւանքով կրճատվեց նաեւ անձնակազմը: Չհամաձայնելով նշանակվել բաժնի պետ՝ 2009-ից ԼՂՀ քաղավիացիայի ոլորտը ղեկավարող Դ. Աթբաշյանն ազատման դիմում գրեց եւ վերադարձավ Երեւան:
2020 թ. դեկտեմբերին հերթական կառուցվածքային փոփոխությունը կատարվեց ԼՂՀ կառավարությունում, ինչի արդյունքում ենթակառուցվածքները, այդ թվում՝ քաղավիացիան, հանձնվեցին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը:
2017-2019 թթ. ամռանը Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվեց «Արցախ Էյրֆեստ» (Artsakh Airfest) փառատոնը, որի ժամանակ երկինք էին բարձրանում տեղական ու ՀՀ-ից ժամանած տարբեր տեսակի օդանավեր ու միջոցներ՝ ինքնաթիռ, ուղղաթիռ, օդապարիկ, պարապլան:
2020 թ. փառատոնը չանցկացվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Փառատոնը դարձել էր Արցախի տուրիզմի զարգացման կարեւոր խթաններից մեկը, սակայն համավարակն ու պատերազմը մեծ փոփոխություններ մտցրին թե՛ ամբողջ Արցախի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կյանքում, թե՛ կոնկրետ օդանավակայանի գործունեության մեջ:
Օդանավակայանի լուսանկարները՝ ֆեյսբուքյան «Artsakh Airfest» էջից
Մեկնաբանել