
4 անչափահաս երեխա 3 տարի է՝ լույս չունեն
Կեսօրին, երբ դաշտերում գրեթե մարդ չկար, լսվում էր տրակտորի խուլ ձայնը: Փոշու մեջ դժվարությամբ էր նշմարվում, թե ով է նստած ղեկին: Մոտենալուն պես երևում է փոշու ու քրտինքի մեջ շաղախված Սենիկի դեմքը: Տղան 13 տարեկան է և համագյուղացու տրակտորն աշխատացնելով՝ փորձում է մի կողմից գյուղտեխնիկայի հետ աշխատել սովորել, մյուս կողմից՝ թեթևացնել ընտանիքի հոգսը:
Սենիկն իր մոր՝ Ջուլիետա Մարտիրոսյանի և 3 քույր ու եղբայրների հետ ապրում են Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի նախկին մանկապարտեզի կիսախարխուլ շենքում:
Սենիկը եղբոր՝ Սևակի հետ սովորում է նույն դասարանում. տղաները երկվորյակ են: Երեխաները շատ քիչ են բացակայում դասերից: Մայիսյանի դպրոցի տնօրեն Աննա Սարուխանյանն ասաց, որ երեխաները շատ կազմակերպված են, կարգապահ: Հատկապես Սենիկը միշտ պատրաստակամ մասնակցում է դպրոցի հասարակական աշխատանքներին և երբեք չի տրտնջում:
Սենիկն անցյալ տարվանից տրակտոր վարել է սովորել և դասերից հետո գնում է դաշտ՝ համագյուղացիներին օգնելու: 13-ամյա տղան պատմում է, որ Գարիկն իրենց հարևանն է, տրակտորներ ունի: Նրան խնդրել է, որ մի անգամ նստի տրակտորի ղեկին, վերջինս էլ չի մերժել: Իրեն շատ է դուր եկել տրակտոր վարելը, և Գարիկին այս անգամ էլ խնդրել է, որ վարել սովորեցնի:
«Հիմա արդեն կարողանում եմ վար անեմ, տրակտորով գործեր եմ անում»,-ասում է Սենիկը:
Մայիսյանցի Գարիկ Սահակյանը պատմեց, որ երեխայի ցանկությամբ է նրան տրակտոր վարել սովորացրել: Մեծ մասամբ Սենիկն իր հետ է լինում, օգնում է ընտանիքին:
«Ես էլ ինչի կարիք ունի, գնում եմ՝ լինի շոր, կոշիկ, դպրոցական պարագաներ: Իմ երեխեքի նման սիրում եմ Սենոյին, դաստիարակում եմ, որ վատ ճանապարհ չբռնի»,- ասում է Գարիկը:
Սենիկն ասում է, որ իր համար մի քիչ դժվար է տրակտոր վարելը, քանի որ մեխանիկական է և ձիգ: Երբեմն ուժը չի հերիքում, սակայն չի դժգոհում և չի հրաժարվում իր գործից: Երբ Գարիկը հողամաս է գնում, հետը գնում է, որ տրակտորն ինքը վարի:
Մոր՝ Ջուլիետայի խոսքով, չէր ուզի, որ փոքր տարիքից որդին դժվարություններ կրեր, սակայն որ կարողանում է տեխնիկայով աշխատել, ուրախանում է:
Սենիկի ծնողներն ամուսնալուծվել են: Սկզբում ապրել են նույն գյուղում գտնվող մայրական տատի տանը, այնուհետև բնակարանի փոքր լինելու ու անհարմարության պատճառով Սենիկի մայրը խնդրել է համայնքի ղեկավարին, որպեսզի նախկին մանկապարտեզի շենքից ժամանակավոր բնակարան հատկացնի ապրելու համար: Խնդրանքը բավարարվել է, և 4 անչափահաս երեխաներն ու նրանց մայրն արդեն 3 տարի է՝ ապրում են կիսավեր շենքում:
Տեղափոխվելու օրից մինչ այժմ ընտանիքը չունի ո'չ ջուր, ո'չ էլեկտրաէներգիա: Հատկապես ձմռան ամիսներին, երբ մութը շուտ է ընկնում, երեխաները ժամը 7-8-ից պառկում են քնելու:
«Համայնքապետին խնդրեցի, որ մանկապարտեզի հին շենքից տարածք տա ապրելու համար, մինչև տեսնեմ ինչ կլինի: Առաջին պահանջի դեպքում պիտի դուրս գամ տարածքից: Բայց այստեղ ո'չ ջուր կա, ո'չ լույս: Արդեն 3 տարի է՝ իմ երեխեքը հեռուստացույց չեն նայում: Մեկ-մեկ գնում են մորս տուն հեռուստացույց են նայում ու գալիս են: Մոմի լույսի տակ են դաս սովորում: Երկու հատ մոմ եմ վառում, որ մի քիչ լույս լինի, դաս սովորեն»,- ասում է Ջուլիետա Մարտիրոսյանը:
Էլեկտրացանցերի բաժանորդ դառնալու համար գումար է անհրաժեշտ, սակայն չունեն: Ջուլիետայի խոսքով՝ ամսական կայուն եկամուտը 50 հազար դրամ նպաստն է, որը ծախսվում է միայն ուտելիքի համար:
Ջուլիետան ասում է, որ մեկ-մեկ օրավարձով աշխատում է դաշտերում, բայց դրանով էլ չի կարողանում ընտանիքի կարիքները հոգալ, ուստի իր համար դժվար է էլեկտրաէներգիայի համար բաժանորդ դառնալը: Օրեր են եղել, որ նույնիսկ ուտելու հաց չեն ունեցել:
«Ամառը միշտ կարիճ է լինում սենյակում, այստեղ կարիճները շատ են: Սենիկիս արդեն 3 անգամ գիշերով կծել է: Լույս չկա, որ գոնե լույս միացնեմ, տեսնեմ՝ ինչ է, հեռախոսի լույսով եմ ման գալիս, որ կարիճին սատկացնեմ»,- հավելում է անչափահաս երեխաների մայրը:
Ներսում ծորակից հոսող ջուր չունեն՝ դարձյալ նույն պատճառով: Ստիպված հարևանի տնից Ջուլիետան դույլերով է բերում: Ջրի ու էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով չունեն լվացքի մեքենա, այլ տեխնիկա: Բնակտարածքի վիճակն էլ բավարար չէ: Խոհանոցն ու բաղնիքը նույն տարածքում են. իրարից առանձնացվել է պոլիէթիլենային տոպրակով:
Տեղ-տեղ կոտրված են նաև սենյակի պատուհանների ապակիները: Լուծումը դարձյալ պոլիէթիլենային տոպրակն է:
Ջուլիետան պատմեց, որ դպրոցի ուսուցիչները հագուստ, կոշիկ են տալիս երեխաներին, հարևանները ևս օգնում են: Համայնքապետարանն էլ տարին մեկ անգամ 15-20 հազար դրամ օգնություն է հատկացնում:
«Երեխաներս ամեն ինչի կարիք էլ ունեն, բայց ամենաշատը շորի ու կոշիկի, որովհետև ես չեմ հասցնում առնել: Դե լույս էլ որ լիներ, շատ լավ կլիներ, երազանքի նման բան է դարձել»,-հավելեց Ջուլիետա Մարտիրոսյանը։
Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ էլեկտրաէներգիա ունենալու համար Ջուլիետան պետք է բաժանորդ դառնա:
«Ես կարողացել եմ, իրեն բերել ըտեղ տեղավորել եմ, հեսա էդ շենքը դնելու եմ վերակառուցման տակ, ինքը ըտեղից դուրս ա գալու: Ժամանակավոր կացարան ենք տվել, մինչև ինքը կացարան ճարեր: Ես հիմա իրավունք չունեմ գնամ պետական շենքի վրա նորից բաժանորդ սարքեմ»,- ասում է Եսայի Մովսիսյանը:
Դիտարկմանը, թե Ջուլիետա Մարտիրոսյանը գումար չունի բաժանորդ դառնալու համար, Եսայի Մովսիսյանը պատասխանեց՝ բա հո ես չեմ վճարելու: «Համայնքապետարանն ամեն տարի իրան օգնություն ա տալիս՝ 15 հազար, 20 հազար: Ես հո ամեն ամիս չեմ կարա իրան փող տամ: Պետք է գնա էլեկտրացանց, դիմում ներկայացնի, որ բաժանորդ դառնա: Դրա համար էլ պիտի 50 հազարից ավելի գումար մուծի»,- հավելեց համայնքապետը:
Հիշեցնենք՝ Մայիսյանն այն համայնքն է, որտեղ համայնքի ավագանին պարբերաբար «հատուկ» ուշադրության է արժանացնում համայնքի ղեկավարի ընտանիքին: Նրանց վաճառվում են հողեր, տրվում սոցիալական օգնություններ: Մեր հրապարակման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում էր Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունը: Սակայն, իրավապահ մարմինների հովանավորչությամբ, քրեական գործը կարճվեց:
Մասնավորապես, գրել էինք, որ 2019թ. նոյեմբերի 8-ին արտահերթ նիստով ավագանին որոշել էր համայնքի սեփականություն հանդիսացող 0.2 հա (2000քմ) արոտավայր գործառնական նշանակության հողամասն ուղղակի՝ առանց աճուրդ հայտարարելու, վաճառել համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին: Հողամասը վաճառվել է ընդամենը 16 000 դրամով, որն, ըստ ավագանու, հողամասի կադաստրային արժեքն է:
Բացի այդ, 2019թ. դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստում կայացրած որոշումով Մայիսյանի ավագանին որոշել էր Ռուզաննա Մկրտչյանին օտարել 0,2776 հա (2776 քմ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 0,2 հա-ը՝ արոտավայր, իսկ 0,0776 հա-ը՝ վարելահող: Հողամասի վաճառքի ընդհանուր գինն ավագանին սահմանել է ընդամենը 134 146 դրամ, որը դարձյալ կադաստրային արժեքն է:
Ավագանին 2020թ. հունվարի 16-ին 50 000-ական դրամ օգնություն էր հատկացրել համայնքապետի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին և վերջինիս քրոջը՝ Դիանա Մկրտչյանին: Իսկ ապրիլի 10-ին 40 000 դրամ օգնություն է հատկացվել համայնքապետի քենու՝ Դիանա Մկրտչյանի սկեսրայրին՝ Սերգեյ Հարությունյանին:
«Ռուզաննա Մկրտչյանին 60-ամյակի կապակցությամբ օգնություն ա տրվել, ի՞նչ ա եղել»,-պարզաբանել էր համայնքի ղեկավարը:
Ստացվում է, որ համայնքպաետարանը 3 տարի շարունակ 50 000 դրամ չունի, որպեսզի 4 անչափահաս երեխաներն էլեկտրաէներգիա ունենան, սակայն գումարներ ունի իր ընտանիքի անդամներին ու մերձավորներին օգնություն հատկացնելու համար:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել