HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետի կնոջը 150 000 դրամով 4776 քմ հողակտոր վաճառելու մեջ հանցակազմ չեն գտել

Արմավիրի մարզի իրավապահ մարմինները կարճել են հերթական քրեական գործը: Այս անգամ հանցակազմ չեն գտել մարզի Մայիսյան համայնքի հողերի վաճառքի փաստով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրեական գործում: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին, որ քրեական գործը կարճվել է:

Արմավիրի մարզում «օրինաչափ» է համարվում չարաշահումների հիմքով քրեական գործ հարուցելն ու նույն արագությամբ կարճելը: Արդեն որերորդ դեպքն է, որ «Հետք»-ի հրապարակումից հետո գործ են հարուցում ու կարճում:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը 2020թ. մայիսի 26-ին հոդված էր հրապարակել այն մասին, որ Մայիսյան համայնքի ավագանին պարբերաբար «հատուկ» ուշադրության է արժանացնում համայնքի ղեկավարի ընտանիքին: Նրանց վաճառվում են հողեր, տրվում սոցիալական օգնություններ: Հոդվածի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում էր Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունը:

Մասնավորապես, գրել էինք, որ 2019թ. նոյեմբերի 8-ին արտահերթ նիստով ավագանին որոշել էր համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2 հա (2000քմ) արոտավայր գործառնական նշանակության հողամասն ուղղակի՝ առանց աճուրդ հայտարարելու, վաճառել համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին: Հողամասը վաճառվել է ընդամենը 16.000 դրամով, որն, ըստ ավագանու, հողամասի կադաստրային արժեքն է:

Բացի այդ, 2019թ. դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստում կայացրած որոշումով Մայիսյանի ավագանին որոշել էր Ռուզաննա Մկրտչյանին օտարել 0,2776 հա (2776 քմ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 0,2 հա-ը՝ արոտավայր, իսկ 0,0776 հա-ը՝ վարելահող: Հողամասի վաճառքի ընդհանուր գինն ավագանին սահմանել է ընդամենը 134,146 դրամ, որը դարձյալ կադաստրային արժեքն է:

Բացի այդ, 2019թ. դեկտեմբերի 13-ի նիստով ավագանին որոշել էր դիմում ներկայացրած ընտանիքներին տալ դրամական օգնություն: Սոցիալական օգնության համար դիմում է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի դուստրը՝ Նելլի Մովսիսյանը: Համայնքային բյուջեից նրան հատկացվել է 40,000 դրամ օգնություն: 2020թ. հունվարի 16-ին էլ 50.000-ական դրամ օգնություն էր հատկացվել համայնքապետի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին և վերջինիս քրոջը՝ Դիանա Մկրտչյանին: Իսկ ապրիլի 10-ին 40,000 դրամ օգնություն է հատկացվել համայնքապետի քենու՝ Դիանա Մկրտչյանի սկեսրայրին՝ Սերգեյ Հարությունյանին:

Մեր հրապարակումից հետո Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը համայնքային բյուջե էր վերադարձրել դստերը, ինչպես նաև կնոջը՝ 60-ամյակի առիթով ավագանու որոշումներով հատկացրած սոցիալական օգնությունների գումարները:

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գլխավոր դատախազին գրավոր հարուցում է ուղարկել՝ քրեական գործի մասին տեղեկություններ ստանալու ակնկալիքով: Պատգամավորին պատասխանել են, որ Մայիսյանի ավագանին Ռուզաննա Մկրտչյանին հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին որոշում կայացնելիս առաջնորդվել է Կառավարության 2016թ. մայիսի 26-ի թիվ 550 որոշման պահանջներով:

Այդ որոշումով սահմանվել են քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը որոշելու չափորոշիչները:

Ստացվում է, որ համայնքապետի կնոջն ուղղակի վաճառքով ընդհանուր 150,146 դրամով վաճառված 2776քմ և 2000քմ հողամասերը հնարավոր չէր աճուրդով, որպես առանձին գույքային միավոր վաճառել: Սա 50, 100 կամ 200 քմ հողակտոր չէր, որ հնարավոր չլիներ առանձնացնել: Խոսքը մոտ 4 տնամերձ հողամասի չափի՝ 4776 քմ հողակտորի մասին է: Այս հանգամանքն իրավապահ մարմինների համար ուշադրության արժանի չի եղել:

Նույն սկզբունքով «օրինականացվել» են նաև հատկացված դրամական օգնությունները:

Շահերի համընկնո՞ւմ

Ինչպես նշեցինք, քրեական գործի նախաքննությունն իրականացրել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունը: Այդ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի կինը՝ Աննա Սարուխանյանը, 2019թ.-ի փետրվարի 6-ին ընտրվել է Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:

Գրել էինք, որ տնօրենի ընտրության օրն անցել է ոստիկանական ուժերի հսկողությամբ: Ընտրություներն անցել էին խախտումներով: Դպրոցի մանկավարժական խորհրդի, ծնողական խորհրդի թեկնածուների ընտրության արձանագրությունները կազմվել էին բացթողումներով, սխալներով: Դպրոցի փոխտնօրենը դիմել էր մարզպետին: Այդ արձանագրությունների հիման վրա խորհրդի անդամությունից զրկվել էին միայն երկուսը՝ Մայիսյանի դպրոցի մանկավարժները:

Խորհրդի անդամ երկու ծնողների վերաբերյալ ևս բողոք եղել էր, սակայն մարզպետն ընթացք չէր տվել:

Աննա Սարուխանյանի տնօրեն ընտրվելու հարցում լուրջ աջակցություն է ցուցաբերել Մայիսյան համայնքի ղեկավարը: Համայնքը ևս ներկայացուցիչ ունի դպրոցի կառավարման խորհրդում:

Այս պայմաններում ակնկալել, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունը համայնքապետի մասով պետք է իրականացներ օբյեկտիվ քննություն, մեղմ ասած՝ իրատեսական չէր: Իսկ դատախազությունն այս հանգամանքի վրա աչք է փակել:

Համայնքապետի ու կնոջ գույքի ու եկամուտների հայտարարագրերը

Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, նույն համայնքապետարանում աշխատում է որպես համակարգչային օպերատոր:

Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Ռ. Մկրտչյանը 2020թ. մայիսի 1-ի դրությամբ միանձնյա սեփականության իրավունքով ունեցել է 6 միավոր անշարժ գույք, որից առանձնատունը և հողամասերից մեկը ժառանգություն է ստացել, իսկ 3 հողամասերը և հասարակական նշանակության շինությունը գնել է: Ուշագրավն այն է, որ հողամասերից մեկը գնել է 2006թ.-ին, 2-ը՝ 2019թ.-ին, իսկ շինությունը՝ 2020-ին: Բոլոր անշարժ գույքերն էլ գտնվում են Մայիսյան գյուղում:

2019թ. գնած հողամասերը հավանաբար քրեական գործի հիմքում ընկած հողամասերն են:

Ռուզաննա Մկրտչյանի եկամուտը, 2020թ. մայիսի 1-ի դրությամբ կազմել է ընդամենը 610 հազար դրամ, որից 412 հազար դրամը համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, մնացածը՝ ստացած վարկը:

Ինչ վերաբերում է Եսայի Մովսիսյանի ունեցվածքին, ապա վերջինս, 2020թ. տարեկան հայտարարագրի համաձայն, ունի 4 միավոր անշարժ գույք՝ առանձնատուն և 3 հողամասեր: Նշված գույքերը ձեռք է բերել 1991թ.-ին:

Որպես եկամուտ Ե. Մովսիսյանը հայտարարագրել է 3 մլն 307 հազար դրամ, որը աշխատավարձի և կենսաթոշակի գումարն է: Հայտարարագրել է նաև 1000 դոլար բանկից ստացած փոխառություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter