
Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակը։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ ընդհանուր տրամադրվածությունը եղել է այն, որ կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։
Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական օգնության ցուցաբերումը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությանը՝ պետական սահմանին սահմանազատման և սահմանագծման գործընթաց մեկնարկելու վերաբերյալ։
Պուտինն ու Ալիևը նշել են նաև, որ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցերը պետք է լուծվեն 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության «տառին և ոգուն» համապատասխան։
***
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե այդ օրը՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Նույն օրը՝ ուշ երեկոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը:
Մայիսի 13-ին էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը արդեն հայտնեց այն մասին, որ ադրբեջանական կողմը կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Այս հայտարարությանը հետևել է ՀՀ Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու համար Հայաստանը դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։
Մայիսի 17-ին էլ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում։
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ եթե ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինված ուժերը չհեռանան իրենց ելման դիրքեր, ապա ՀՀ զինված ուժերը իրենց իրավունք են վերապահում հարցը լուծել ուժային տարբերակով։
Այսօր՝ մայիսի 19-ին էլ ՊՆ-ն հայտնեց, որ սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ զինված ուժերի հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում՝ իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։
Մայիսի 19-ին՝ ավելի ուշ, պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը չի ներկայացել այսօր՝ 14։00-ին նախատեսված բանակցություններին։
Լուսանկարը՝ արխիվային / © Կրեմլի մամուլի ծառայություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել