
«Լուսավոր Հայաստանը» արտահերթ նիստ է նախաձեռնում` Փաշինյանի հայտնած փաստաթղթի գաղտնազերծման պահանջով
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ` սահմանային իրավիճակի քննարկման և Նիկոլ Փաշինյանի հայտարարած փաստաթղթի գաղտնազերծման պահանջով:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է ծառայելու արտահերթ նիստ գումարելու համար: Ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո'չ պատգամավորները, ո'չ էլ, կարծում եմ, կառավարության անդամների մեծ մասը»,-ասաց Էդմոն Մարուքյանը: Վերջինիս խոսքով` իրենց ստորագրահավաքին կմիանան նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ գոյություն ունի աշխատանքային փաստաթուղթ, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Փաշինյանը փաստաթղթից մանրամասներ չհայտնեց, սակայն ասաց, որ ադրբեջանական կողմի` պայմանավորվածությունները չխախտելու դեպքում պատրաստ է փաստաթուղթը ստորագրել, քանի որ այն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին:
Մարուքյանը, սակայն, կարծում է, որ ազգային շահի ընկալումները կարող են տարբեր լինել:
«Հետևաբար, այն պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, քանի որ մենք չունենք օբյեկտիվ տեղեկատվություն առ այն, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Մարուքյանը:
Նիստ նախաձեռնելու համար հարկավոր է 33 պատգամավորի ստորագրություն, որից հետո նախաձեռնողները պետք է դիմեն ԱԺ նախագահին` հարցը խորհրդի օրակարգում ներառելու համար: ԱԺ խորհրդի հավանությունը ստանալուց հետո կարող է արտահերթ նիստ գումարվել, սակայն միանշանակ չէ, որ իշխող մեծամասնությունը քվորում կապահովի:
Մեկնաբանել