
Աննա Նաղդալյան. «Կառավարության նիստին ԱԳՆ չմասնակցելը պայմանավորված է աշխատանքային գործուղումներով»
ՀՀ կառավարության մայիսի 20-ի հերթական նիստին ՀՀ Արտաքին գործերի նախարարության չմասնակցելը պայմանավորված է աշխատանքային գործուղումներով։ Այդ մասին «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Դուշանբեից Հայաստան վերադարձի ճանապարհին է։ Նախարարի գլխավորած պատվիրակության մեջ ներառված է մեկ փոխնախարար: Երկու փոխնախարարները արտերկրում են քաղաքական խորհրդակցությունների նպատակով, իսկ մյուս փոխնախարարն ուղեկցել է ԵՄ դեսպաններին»,- հայտնել է Աննա Նաղդալյանը։
ԱԳՆ մամուլի խոսնակի պնդմամբ հենց դա է պատճառը, որ Արտաքին գործերի նախարարությունը չի մասնակցել Կառավարության մայիսի 20-ի նիստին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Դուշանբե, որտեղ կայացել էր ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Պատվիրակության կազմում է եղել նաև արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը։ Փոխնախարար Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունն էլ մայիսի 19-ին մեկնել էր Մոսկվա, որտեղ տեղի էին ունեցել հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը։ Փոխնախարար Գագիկ Ղալաչյանի գլխավորած պատվիրակությունն էլ աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, իսկ փոխնախարար Ավետ Ադոնցն էլ ուղեկցել է ԵՄ դեսպաններին՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ։
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել