
Ռուբեն Ռուբինյանն ասում է` ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով որևէ տարածք չի զիջվելու
Հայաստանի տարածքից ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով որևէ տարածք չի զիջվելու:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուրբինյանը:
Կառավարության մայիսի 20-ի նիստում վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց` գոյություն ունի եռակողմ հանձնաժողովի ձևավորման աշխատանքային փաստաթուղթ, որը պատրաստ են ստորագրել, եթե ադրբեջանական ստորաբաժանումները լքեն ՀՀ սուվերեն տարածքը: Երեկոյան հրավիրված ԱԺ արտահերթ նիստում Փաշինյանը պնդեց` հրապարակված փաստաթուղթը միակն է, չկա որևէ գաղտնի հավելված:
«Եթե փաստաթուղթը ստորագրվի և նման հանձնաժողով ստեղծվի, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական ստորաբաժանումների` ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից հեռանալուց հետո, խոսք լինելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին և ոչ թե Ադրբեջանի ու Արցախի սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին»,- ասաց Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյանը պնդեց` այս գործընթացը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն դիտարկմանը, թե Արցախյան հակամարտությունը լուծված է, Ռուբինյանն ասաց.
«Արցախյան հակամարտությունը լուծված չէ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չի եղել, այնտեղ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին: ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ֆիքսել են իրենց դիրքորոշումն առ այն, որ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց»:
Անդրադառնալով Հայաստանի տարածքում գտնվող որոշ անկլավներ Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկություններին, քաղաքական մեծամասնության պատգամավորն ասաց.
«Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Խորհրդային Հայաստանն ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և հակառակը։ Այս հարցերը հետագայում կարող են քննարկման առարկա դառնալ դելիմիտացիայի շրջանակում, կարող են` չդառնալ։ Կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը, բայց այստեղ ի՞նչն է կարևոր տարբերակել․ պետք չի ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն, և այդ հանձնաժողովը ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի է ունեցել դելիմիտացիա և դեմարկացիա։ Ոչ, դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ»։
Ռուբինյանը նաև հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու: Ինչ վերաբերում է նրան, որ ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Ավետ Ադոնցը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե տեղյակ չէ նման փաստաթղթից, Ռուբինյանն արձագանքեց.
«Փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել այս կամ այն բանից, այն պատճառով, որ փոխարտգործնախարարները մի քանիսն են, ունեն իրենց ոլորտը, նորմալ է, որ մի փոխնախարարը կարող է ամեն ինչից տեղյակ չլինել»։
Մեկնաբանել