HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր երեխաներին սիրելով՝ պետք է իրենց տեղը դատարկ չթողնենք

Թադևոսյանների տան բակի մի զգալի հատված զբաղեցնում են իրար կողքի շարված հղկված բազալտե սալիկները։ Դրանով ընտանիքը պատրաստվում է իրենց ավագ որդու՝ Հրաչյայի շիրիմը սարքել։

Հրաչյան բանակ զորակոչվել էր 2019թ. ամռանը, ծառայում էր Մեղրիի զորամասում։ Ի սկզբանե քաշի պատճառով բանակ չպետք է զորակոչվեր, բայց վերջին ստուգման ժամանակ կարողացել է ապահովել պարտադիր շեմը ու մեկնել ծառայության։ Ագարակում Հրաչին առաջարկել են դառնալ զորամասի կապավորը, բայց չի համաձայնել. ուզել է անպայման դիրքեր բարձրանալ։

Պատերազմի յոթերորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, Հրաչյային՝ որպես հրետանու կապավոր, Մեղրիից տեղափոխում են Ջաբրայիլ։ Սրա մասին ընտանիքը մինչև վերջ էլ չի իմացել:

«Մենք, որ զանգում էինք իրեն, չէր ասում՝ որտեղ էր, ասում էր՝ ամեն ինչ լավ ա, ու անընդհատ հարցնում էր՝ հո հայրը չի գնացել Ղարաբաղ։ Երևի մտածում էր՝ եթե հանկարծ գնար, ու հորը մի բան պատահեր, ընտանիքը, քրոջն ու եղբորը ո՞վ էր պահելու»,- ասում է Մարինեն՝ Հրաչյայի մայրը։

Հայրն այդ ժամանակ իրենց գյուղի՝ Զանգակատան դիրքերում էր։ «Ես, եթե իմանայի՝ տղես Ջաբրայիլում ա, մի վայրկյան չէի մնա էստեղ, մենակ թե իմանայի»,- ասում է Անտոն Թադևոսյանը։

Հոկտեմբերի 18-ին Մեղրու հրետանավորները Ջրականից Իշխանաձոր գնալիս են եղել, երբ առաջին արկը ընկել է մեքենայի առաջնամասին և չի պայթել, ոչ ոքի ոչինչ չի  պատահել, տղաներն իջել են մեքենայից ու որոշ ժամանակ սպասել տարածքում։ Հետո նստել են հաջորդ «Ուրալ» մեքենան ու շարժվել, շատ չանցած՝ մեքենայի վրա ևս մեկ արկ է ընկել։ Հարվածից զոհվել է մեքենայի թափքում եղած չորս զինծառայող, մեկը վիրավորվել է, իսկ մեկը համարվում է անհետ կորած։

Դեպքի տեսանյութում, որն ադրբեջանական կողմն է տարածել, Հրաչյայի քեռին՝ Մեսրոպը, ցույց է տալիս, թե ինչպես է հարվածի հետևանքով մեկը մեքենայից դուրս նետվում։ Ասում է, որ, ամենայն հավանականությամբ, Հրաչն է, քանի որ նրա մարմինը մեքենայից 70 մետր հեռավորության վրա են գտել։ Այդ խոսքի վրա Երազիկ Թադևոսյանը՝ Հրաչյայի տատիկը, հայացքը սևեռում է Մեսրոպի վրա ու հարցնում՝ տեսնես հենց էդ պահին է մահացե՞լ, հո չի՞ տանջվել տղես։

Դեպքից հետո Անտոն Թադևոսյանը գնացել է Մեղրի, հանդիպել Հրաչի անմիջական հրամանատարին, բայց ոչ մի ստույգ բան չի իմացել, հիասթափված վերադարձել է։ Դեկտեմբերի 25-ին մյուս ծնողների հետ Անտոնն ու Մեսրոպը գնացել են Ստեփանակերտ՝ սպասելու թույլտվության, որպեսզի կարողանան սկսել որոնումները։ Այնտեղ իմացել են, որ դեկտեմբերի 19-ին դեպքի տարածքից մարմիններ են հանել, բայց քանի որ ԴՆԹ-ի պատասխանները չեն եղել, շարունակել են որոնումները։

«Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 1-ը մեզ թույլ չտվեցին մտնել Իշխանաձոր։ Արդեն գիտեինք, որ մարմիններ են հանել, բայց շարունակում էինք ամեն տեղ փնտրել, հիվանդանոցներ էինք գնում, դիահերձարաններ, ոչ մի տեղ չկար։ Ինչքան ԴՆԹ-ի պատասխանն ուշանում էր, էնքան ուրախանում էինք, հույս ունեինք, որ գոնե գերի ա, այնինչ մարմիններն էնքան շատ էին, որ հերթն ուշ էր հասնում»,- պատմում է Մեսրոպը։

Հունվարի 1-ին ծնողներին առաջարկել են տուն գնալ, իսկ հունվարի 3-ին նորից կանչել են, քանի որ թույլտվությունը ստացել էին։ Որոնումներn այս անգամ ևս ապարդյուն էին։ Փետրվարի կեսին ԴՆԹ-ի պատասխանը գալիս է, մոր հետ համընկնում է, համեմատում են նաև հոր հետ, պատասխանը ուշանում է, ու որոշում են փորձաքննության ուղարկել նաև Ռուսաստան, երկու դեպքում էլ պատասխանը լինում է դրական։ Հրաչյայի հուղարկավորությունն ընտանիքը կազմակերպում է մարտի 18-ին։

Դեպքի ժամանակ մեքենայի մեջ եղած մյուս տղաների՝ Ագիշտիի և Արտակի ծնողները դեռևս փետրվարին գործի առթիվ դիմում են ներկայացրել Երևանի քննչական վարչություն, մինչ այսօր ծնողների հետ չեն կապվել՝ պատճառաբանելով գերծանրաբեռնվածությունը: Արսեն Հայրապետյանը, որը տղաների անմիջական հրամանատարն է եղել, մեզ հետ զրույցում ասաց, որ պայթյունի պահին նույնպես մեքենայի մեջ է եղել։ Ծնողները կապիտանին մեղադրում են սխալ հրաման տալու մեջ, ասում են, որ արկի առաջին հարվածից հետո զինվորներին նորից մեքենա նստեցնելը սխալ էր։ Հրաչյայի ընտանիքին նույնպես առաջարկել են միանալ, բայց ընտանիքը չի ցանկացել ներգրավվել գործում։ Անտոն Թադևոսյանը կարծում է, որ իմաստ չունի, քանի որ մեղավորը ոչ այնքան սպան է, որքան ավելի բարձր հրամանատարությունը, որը մեքենա նստելու հրաման է տվել։

«Երբ դպրոցական էի, մորաքրոջս տղան բանակում զոհվեց, ու մինչ այսօր իր ընտանիքը դատական քաշքշուկներում է։ Պատկերացրեք, եթե այն ժամանակ մեկն էր, ու մինչ հիմա շարունակվում է պրոցեսը, հիմա ինչ կլինի, երբ էսքան զոհ կա։ Բացի այդ, ամեն անգամ գնալիս, խոսելիս քո վերքը նորից բացվում է»,- ասում է Մարինեն։

Խոսակցության ընթացքում հյուրասենյակով անցնում են Հրաչյայի քույրը՝ Սոֆին և եղբայրը՝ Էդմոնդը։ Մայրն ասում է, որ Հրաչյան եղբորն ու քրոջը շատ էր սիրում, նրանց հետ կապված մեծ պլաններ ուներ, ուզում էր նրանց տանել իր հետ Երևան, եղբորն ընդուներ «Այբ» դպրոց։ Բանակում գտնվելու ընթացքում հեռախոսով քրոջն օգնում էր մաթեմատիկայի հարցում, հանձնարարություններ տալիս։ Ուրախացած պատմում էր, որ իրենց մոտ Լուսակերտի ուսումնական զորամասից կրթված տղաներ են եկել ու իր համար հաճելի է շփվել նրանց հետ։ Ինքը նույնպես ուսանող էր, ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և միանգամից զորակոչվել բանակ։

Հրաչի իրերում, որը փոխանցել են ընտանիքին, մեկ ձեռք զինվորական հագուստ է ու մեկ շապիկ, մնացածը գրքեր են՝ մաթեմատիկայի խնդիրների ձեռնարկ, որ ծառայակիցներից մեկն է տված եղել Հրաչյային, երբ իմացել է, որ հետաքրքրված է մաթեմատիկայով։ Պայուսակում եղել է նաև Զադեի «Օսմանեան յեղափոխութեան մութ ծալքերը և Իթթիհատի հայաջինջ ծրագիրները» գիրքը, գրիչներ, մատիտներ, տետրեր ու մեկ անկյունաչափ։

«Գուցե շատերն ինձ հիմա չհասկանան, մանավանադ, երբ նոր եմ հուղարկավորել տղայիս, բայց ես ամեն ինչ անելու եմ, որ իմ տղայի տեղը դատարկ չմնա թե’ իր քրոջ, թե’ իր եղբոր կյանքում։ Որոշ ժամանակ անց ես անպայման որոշել եմ ունենալ մեկին, թե չէ հուշերը, ամեն ինչ անցողիկ են, մի տարի կլացենք, երկու տարի, տասը տարի, բայց մի օր հետ ենք նայելու տեսնենք՝ տեղը ոչինչ չկա։ Մեր երեխաներին սիրելով՝ մենք պետք է իրենց տեղը դատարկ չթողնենք»,- ասում է Մարինեն։

Գնալիս տան վերևում ճախրող աղավնիներ ենք տեսնում, Հրաչյայի աղավնիներն են, սկզբից մեկ զույգ էին, իսկ հիմա՝ մի քանի տասնյակ։ Տատն ասում է՝ որդին՝ Անտոնը, առանձնակի խնամքով ու հոգատարությամբ է հետևում Հրաչյայի աղավնիներին։

Ռիմա Գրիգորյան, Հայկ Մակիյան, Մարինե Հովակիմյան

Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ

-------------------------------------------------------------

Տես նաև՝ Սերգեյ Երիցյանի անունը հայտնվել է զոհվածների, հետո՝ անհետ կորածների, ապա՝ գերիների, հետո նորից՝ զոհվածների ցուցակում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter