
Տիգրան Ավինյանը չի ընդգրկվելու ՔՊ համամասնական ցուցակում
Փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չի լինի: Խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Դա իր անձնական որոշումն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էին, որ չեն մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ընտրություններին չի մասնակցելու նաև ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության հիմնադիր անդամ Սասուն Միքայելյանը:
Մակունցի խոսքով` դա վերջիններիս որոշումն է, ինչին խմբակցությունը հարգանքով է վերաբերվել:
«Հարգում եմ իրենց որոշումը, իրենք մեր արժեքավոր, լավ գործընկերներն են»,- ասաց Լիլիթ Մակունցը: Մակունցը հայտնեց, որ կան այլ պատգամավորներ ևս, որոնք չեն լինի նախընտրական ցուցակում:
Անդրադառնալով իրենց ցուցակում տեղ գտած գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին հարցին՝ իշխող խորհրդարանական խմբակցության ղեկավարը վստահեցրեց` բիզնեսով զբաղվող բոլոր անձինք, որոնք քաղաքականություն մտնելու հայտ են ներկայացնում, չեն կարող երկուսը համատեղել:
«Հայաստանում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ: Այն բոլոր դեպքերում, երբ այդ անձինք՝ անկախ ընկերության կամ բիզնես գործունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու, բոլոր նման դեպքերի համար Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է՝ ոչ թե արգելում է այդ մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը»,- ասաց նա:
Ըստ նրա` եթե համատեղման արգելքի սկզբունքը խախտվի, ապա ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողովը, այլև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող են ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ ընդհուպ պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար:
Դիտարկմանը, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատված լինի, Լիլիթ Մակունցն ասաց.
«Այն, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատված լինի, ոչ միայն քաղաքական խոսք է, այլ նաև ՀՀ օրենքներով սահմանված սկզբունք: Եվ այդտեղ որևէ հակասություն չկա: Մենք նույնպես պնդում ենք, որ այն անձինք, որոնք հայտ են ներկայացնում քաղաքականության, չեն կարող դրանք համատեղել»:
Մեկնաբանել