HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՌԴ խաղաղապահների տրամադրության տակ գտնվող Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցն անորոշ է

սկիզբը

2020 թ. թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում հաստատված ռուսաստանցի խաղաղապահները, ի թիվս այլ վայրերի, տեղակայվեցին նաեւ Ստեփանակերտի օդանավակայանում:

Նախապես հայտարարվել էր, որ Արցախում խաղաղապահ առաքելություն են իրականացնելու ՌԴ 1960 զինծառայող, 90 միավոր զրահափոխադրիչ եւ 380 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա: Սակայն 2020 թ. նոյեմբերի 12-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ առաքելությանը ներգրավվելու են նաեւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ուղղաթիռները:

Ըստ այդմ՝ ռազմատրանսպորտային ավիացիայի «Ան-124» («Ռուսլան») ինքնաթիռներով նոյեմբերին Երեւան էր փոխադրվել 8 ուղղաթիռ՝ բազմանպատակային «Մի-8» եւ հարվածային «Մի-24» տեսակի: Ըստ ռուսական կողմի՝ ուղղաթիռները կիրառվելու են հակամարտության գոտում հրադադարի մոնիտորինգի, ինչպես նաեւ դժվարամատչելի տեղանքներ նյութատեխնիկական միջոցներ ու խաղաղապահ զորախմբի անձնակազմ տեղափոխելու համար: Քիչ ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաղորդեց, որ Հայաստան տեղափոխված «Մի-8» եւ «Մի-24» ուղղաթիռները տեխսպասարկող անձնակազմի կողմից պատրաստվել են շահագործման եւ տեղափոխվել են իրենց բազավորման աերոդրոմներ՝ խաղաղապահ զորախմբի կարիքների համար առաջադրանքներ կատարելու: Թե որ աերոդրոմների մասին է խոսքը, ռուսական կողմը չի մանրամասնել: Այդուհանդերձ, կարող ենք ենթադրել, որ դրանցից մեկը Սիսիանի օդանավակայանն է, որի մասին «Հետքը» նախկինում գրել է: Այն գտնվում է ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում, այսինքն՝ ռազմական աերոդրոմ է: Անցյալ տարվա նոյեմբերին մեր լուսանկարիչը ֆիքսել է ռուսական ռազմական ուղղաթիռները Սիսիանում:

Նոյեմբերի 14-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ իր ուղղաթիռներն սկսել են ուղեկցել Երեւանից դեպի Գորիս, ապա Ստեփանակերտ մեկնող խաղաղապահ զորախմբի շարասյուները: Ուղղաթիռների անձնակազմերի առաջադրանքը երթի դուրս եկած շարասյուներին օդային ապահովում ցուցաբերելն էր:      

ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից պարբերաբար թարմացվող քարտեզներում 2021 թ. մարտի 13-ից Արցախում զորախմբի կենտրոնակայանի (հրամանատարության) տեղակայման (բազավորման) վայր է նշված Իվանյան գյուղը, որի հարեւանությամբ է գտնվում Ստեփանակերտի օդանավակայանը: Մինչ այդ զորախմբի հրամանատարությունը գործում էր Ստեփանակերտում:

ԼՂՀ տարածքը խաղաղապահ ուժերի քարտեզներում բաժանված է պատասխանատվության երկու գոտու՝ հյուսիսային եւ հարավային, որոնցից հյուսիսայինը գտնվում է խաղաղապահ զորախմբի 1-ին մոտոհրաձգային գումարտակի վերահսկողության տակ, իսկ հարավայինը՝ 2-րդի: Նույն քարտեզներում 2-րդ մոտոհրաձգային գումարտակն ու հարավային գոտու հատուկ նշանակության բուժջոկատը մարտի 16-ից բազավորվել են Իվանյանում (հյուսիսային գոտու պատասխանատու 1-ին գումարտակը, ըստ ռուսական կողմի քարտեզների, բազավորված է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում, իսկ բուժջոկատը՝ Մարտակերտ քաղաքում):

Դեռ անցյալ տարվա նոյեմբերի 30-ին ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ Ստեփանակերտի օդանավակայանում հատուկ նշանակության բուժջոկատը պնեւմոկարկասային մոդուլ-վրաններով դաշտային հոսպիտալ է բացազատել: Ինչպես կարող ենք տեսնել լուսանկարներում, հոսպիտալն անմիջապես թռիչքուղու հարեւանությամբ է: Հոսպիտալը նախատեսված է թե՛ խաղաղապահների, թե՛ Արցախի բնակչության առողջապահական կարիքների համար:

ՌԴ խաղաղապահները, ի թիվս Արցախի այլ տարածքների, պատերազմից մնացած պայթուցիկ առարկաներից վնասազերծել են նաեւ օդանավակայանն ու դրա շրջակայքը: Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին ռուսական կողմը տեղեկացրեց, որ ՌԴ ՊՆ-ի հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողներն առաջին անգամ գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկան, որի օգնությամբ հետազոտվել է շուրջ 8 հա հեկտար տարածք Իվանյան գյուղի հատվածում: Դեկտեմբերի 11-ին էլ «Ուրան-6»-ն ականազերծման աշխատանքներ է կատարել օդանավակայանի տարածքում:

Հասկանալի է, որ այս աշխատանքները բխում էին ոչ միայն տեղի բնակչության, այլեւ խաղաղապահների շահերից, որոնք աստիճանաբար սկսեցին բազավորվել Իվանյանում եւ օդանավակայանում:  

Այս տարվա փետրվարին «Հետքի» թիմը ֆիքսել էր Արցախի միակ օդանավակայանում եւ դրան կից տարածքում ընթացող մեծ ծավալների արագ շինարարությունը: Հատկանշական է նաեւ այն, որ խաղաղապահների ժամանումից հետո օդանավակայանի կարգավարական դիտաշտարակի վրա սկսել է ծածանվել Ռուսաստանի դրոշը, չնայած մուտքի մոտ տեղադրված է 3 դրոշ՝ Հայաստանի, Արցախի ու Ռուսաստանի:

Արցախի նախագահի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար (ներկայում՝ պետնախարար) Արտակ Բեգլարյանը «Հետքին» հայտնել էր, որ ռուսական կողմը բնակելի ավաններ է կառուցում իր համար, իսկ օդանավակայանը՝ պատրաստում գործարկման։ Բեգլարյանը հույս էր հայտնել, որ առաջիկայում օդանավակայանը կվերագործակվի եւ կշահագործվի թե՛ հումանիտար, թե՛ քաղաքացիական նշականության թռիչքների համար: Անդրադառնալով հարցի քաղաքական կողմին՝ արցախցի պաշտոնյան նշել էր. «Որքան հասկանում եմ, որոշակի քաղաքական հարցեր կան, որոնք եռակողմ պայմանավորվածության քննարկումների շրջանակներում են։ Բայց դրական միտումը ու հիմքը կա, եւ իմ հույսը այն է, որ առաջիկայում հարցն ամբողջապես կլուծվի»։ Այդուհանդերձ, նա կոնկրետ ժամկետներ չէր նշել՝ հավելելով, սակայն, որ նախնական ժամկետների վերաբերյալ խոստումներ եղել են:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման ու վերագործարկման աշխատանքների արդյունքում, որոնք ընթացել են 2009-2012 թթ., արդեն 2011-ի սեպտեմբերին շահագործման էր պատրաստ 2170 մ երկարություն եւ 45 մ լայնություն ունեցող թռիչքուղին: ԼՂՀ քաղավիացիայի առաջին ղեկավար Դմիտրի Աթբաշյանը, ում գլխավորությամբ ընթացել են այդ աշխատանքները, իր անտիպ գրքում նշել է, որ ամրացված ծածկով աերոդրոմը կարող է ընդունել «Airbus A320» եւ դրանից ավելի թեթեւ ինքնաթիռներ, ինչպես նաեւ բեռնատար «Իլ-76»-եր: Սա շեշտում ենք, քանի որ ՌԴ խաղաղապահները իրենց կարիքների համար օգտագործում են հատկապես «Իլ-76» օդանավեր: 

Բայց իրականում դժվար է ասել, թե հայկական կողմի հանդեպ անթաքույց թշնամական քաղաքականություն վարող Ադրբեջանը ինչպես կամ երբ պիտի համաձայնվի, որ ՌԴ խաղաղապահները գործարկեն օդանավակայանը թեկուզ միայն իրենց սեփական կարիքների համար: Անկեղծ լինենք՝ ներկայում սա անիրատեսական է թվում:

Դժվար է նաեւ կանխատեսել, թե ինչ կլինի 2025 թ., երբ, ըստ նոյեմբերյան եռակողմ հայտարարության, պետք է ավարտվի ռուսական կողմի 5-ամյա խաղաղապահ մանդատը: Արդյոք այն կողմերի համաձայնությամբ կերկարաձգվի, թե՞ Բաքվի թշնամական ռեժիմը րոպե առաջ նորից կփորձի տարբեր մեթոդների կիրառմամբ տիրել Արցախի այն հատվածին, որն այսօր նրա վերահսկողությունից դուրս է: 

Իսկ մինչ այդ Ստեփանակերտի թռիչքուղին մնում է չծանրաբեռնված: Այստեղ թռիչք-վայրէջքներ են կատարում ՌԴ խաղաղապահների անօդաչու թռչող սարքերը («Ֆորպոստ», «Օրլան-10»):

Այս դրոնները հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ են իրականացնում 2021 թ. հունվարի 30-ին Ադրբեջանի տարածքում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter