HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային բիզնեսի պատվավոր դոկտորը. Տիգրան Արզաքանցյանի հայտարարագրված բիզնեսը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ԱԺ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին առաջադրվել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով: Նա, հիշեցնենք, համաձայնագիր ստորագրեց կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ այս ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ: Տիգրան Արզաքանցյանը առաջնորդում է ՀԴԿ-ի ցուցակը:

Տիգրան Արզաքանցյանը, հիշեցնենք, ԱԺ 2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ է եղել, իսկ 2006թ. հուլիսից անդամակցել է կուսակցությանը:

Արզաքանցյանը մասնագիտությամբ տեխնիկ-անասնաբույժ է, ավարտել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը, բայց կենսագրության մեջ նշվում է, որ նա Միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր է:

Տիգրան Արզաքանցյանը հայտնի էր որպես բիզնեսով զբաղվող պատգամավոր: Նա բազմաթիվ ընկերությունների հիմնադիր և բաժնետեր է եղել, այժմ էլ շարունակում է զբաղվել բիզնեսով:

Ինչ է հայտարարագրել թեկնածուն

Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում համատեղ սեփականությամբ երկու անշարժ գույք է թվարկել` տուն 210 քմ և բնակարան` 95 քմ: Երկուսն էլ իր ծննդավայր Գավառ քաղաքում են:  

Որպես շարժական գույք հայտարարագրել է 2008թ. թողարկված BMW 740 մակնիշի ավտոմեքենա:

Տիգրան Արզաքանցյանը զարդերի սիրահար է. նա երկու թանկարժեք ժամացույց է հայտարարագրել` շվեյցարական շքեղ ժամացույցների արտադրող Jaeger-LeCoultre-ի 75 հազար եվրո արժողությամբ, երկրորդը` 52 հազար դոլար արժեքով:

Արզաքանցյանը 7 կտ ադամանդով ոսկյա խաչ ունի, որի արժեքը 16 հազար դոլար է:

Որպես եկամուտ Տիգրան Արզաքանցյանը հայտարարագրել է «Ցար Տիգրան» ՓԲԸ-ից ստացված 57 մլն դրամը:

Արզաքանցյանի դրամական միջոցներն ավելի համեստ են` 35 մլն դրամ, 80 հազար դոլար և 60 հազար եվրո:

Արժեթղթերի բաժնում Արզաքանցյանը հայտարարագրել է հայաստանյան 3 ընկերությունում ունեցած 100 տոկոս բաժնեմասերը, դրանք են` «Աշտարակյան գինիներ ՓԲԸ»-ն, «Նիկելի սար» և «Գոլդեն վելլի» ՍՊԸ-ները:

Արտասահմանյան երկու ընկերությունում նույնպես Արզաքանցյանը բաժնեմաս է հայտարարագրել` մեկը օֆշորային Լյուքսեմբուրգում գրանցված AMGM-ում` 29 % և ֆրանսիական «Գրանմաքս» ՍՊԸ-ում` 53%: Ֆրանսիական այս ընկերությունը զբաղվում է խմիչքների մեծածախ վաճառքով:

«Նիկելի սար» ընկերությունը Շիրակի մարզում 3 հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու լիցենզիաներ է ունեցել 2011-2016թթ.` Ամասիայի բազմամետաղների, Ամասիայի ծարիրի և Մուսաելյան-Բարգուշատի բազմամետաղի համար:

«Նիկելի սար» ՍՊԸ-ն 2013-2015 թվականներին դատական պատմությունների մեջ էր հայտնվել: Նրա դեմ ներկայացվել են բռնագանձման և սնանկացման մի քանի հայցեր:   

«Գոլդեն վելլի» ՍՊԸ-ն էլ 2007-2012թթ. ունեցել է Սյունիքի մարզի Սոֆլուի հանքային դաշտի տարածքում որոնողագնահատողական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա, որը ստացել էր «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ից: «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ում Արզաքանցյանը նույնպես բաժնեմաս է ունեցել: Իսկ «Գոլդեն վելլի» ՍՊԸ-ն արդեն սնանկ է ճանաչվել:

Հանքարդյունաբերությունն ու բիզնես գործընկերները

Տիգրան Արզաքանցյանը, ինչպես երևում է վերևի ընկերություններից, հանքարդյունաբերության ոլորտում նույնպես հետաքրքրություն է դրսևորել: Արզաքանցյանը մի քանի հանքերում մասնակցություն է ունեցել և դեռևս շարունակում է բաժնետեր լինել: Մասնավորապես, վերևում թվարկած` լյուքսեմբուրգյան օֆշորում գրանցված AMGM ընկերությունը Հայաստանում գրանցված «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի բաժնետեր է: «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ին տրվել էր Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը: Արզաքանցյանն այստեղ ռուս մեծահարուստ գործընկեր ունի. «Պարամաունտ գոլդ մայնինգ» ընկերությունում բաժնետեր է նաև Սոթքի ոսկու հանքավայրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հիմնական սեփականատերը` ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն` (49%): «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ –ում երրորդ բաժնետերը գործարար, «Կոնվերսբանկ» ՓԲԸ ընկերության հիմնադիր, բաժնետեր և խորհրդի նախկին նախագահ Սմբատ Նասիբյանն է` 20%: Նա նաև AMGM ընկերության բաժնետեր է:

Հիշեցնենք, որ 2020թ. օգոստոսի 7-ի հրամանով Սուրեն Պապիկյանը դադարեցրել է «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասի համար։

Արզաքանցյանը նաև հիմնադիր բաժնետեր է եղել «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ում, որի բաժնեմասն այնուհետև փոխանցել է նույն «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ին: «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, գործող ընկերություն է և զբաղվում է թանկարժեք մետաղների արտադրությամբ: «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի իրավանախորդը նույնանուն ՍՊԸ-ն էր, որը Արզաքանցյանը հիմնադրել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Արզաքանցյանը 2008-2010թթ, բաժնեմաս ուներ Հրազդանի երկաթի հանքավայրի համար ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ում, որը կիսում էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հետ։ Արզաքանցյանի բաժնեմասն անցել է օֆշորային ԲՎԿ-ում գրանցված ընկերությանը, որը չի բացառվում, որ նույնպես իրեն է պատկանում, սակայն ԲՎԿ-ում գրանցված ընկերության մասին տվյալները հստակեցնել առայժմ չհաջողվեց:

Տիգրան Արզաքանցյանը հիմնադրել է նաև «Գրեյթ վելլի Հ/Ձ» ՍՊԸ –ն, սակայն այժմ այնտեղ բաժնեմասը բաշխված է Կիպրոսյան երկու ընկերույթունների միջև` «Դոմեռավո թռեյդինգ» (98,6 %) և «Սևիկում սեքյուրիթիզ» ՍՊԸ-ների: Համաձայն կիպրոսյան ռեգիստրի տվյալների` «Դոմեռավո թռեյդինգ»-ն ամբողջությամբ Տիգրան Արզաքանցյանի ազգական Արմեն Արզաքանցյանինն է: Վերջինս այնտեղ նաև տնօրեն է: Իսկ «Սևիկում սեքյուրիթիզ» ՍՊԸ-ում բաժնեմասը կիսում են Կիպրոսում գրանցված երկու այլ ընկերություններ:

Տիգրան Արզաքանցյանին պատկանող մի քանի ընկերությունների վրա ԴԱՀԿԾ-ն սահմանափակումներ է կիրառել: Արզաքանցյանից և նրան պատկանող այլ ընկերություններից 7,6 մլրդ դրամ «ՎՏԲ բանկ Հայաստան»-ի օգտին բռնագանձելու պահանջով:

Մեկ այլ վարույթով «Գոլդեն վելլի» ՍՊԸ-ին պատկանող գույքի, դրամական միջոցների, տնօրենի, հաշվապահական փաստաթղթերի, ինչպես նաև «Գոլդեն վելլի» ՍՊԸ-ի կողմից որևիցե մի կազմակերպության հիմնադիր կամ անդամ լինելու պարագայում այդ ակտիվների նկատմամբ հայտարարելվել է հետախուում, իսկ պարտապանին արգելվել է օտարել ընկերությունը:

Տիգրան Արզաքանցյանի քարոզչությամբ զբաղվում է նաև նրա կինը` Նատալյա Ռոտենբերգը: Վերջինս նույնպես սկսել է բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում: Նա 2 ընկերություն է հիմնադրել, որոնց միջոցով ալկոհոլային խմիչքներ է արտահանում:

Ինչ չի հայտարարագրել Արզաքանցյանը

Համաձայն ԱՆ իրավաբական անձանց պետական ռեգիստրի տվյալների` Տիգրան Արզաքանցյանը մի շարք այլ ընկերություններում ևս բաժնեմաս ունի, որը, սակայն, չի հայտարարագրել:

Արզաքանցյանը բաժնեմասի 100 % մասնակցություն ունի «Մեղրաբյուր» և «Հանքառատ» ՍՊԸ-ներում: «Մեղրաբյուր»-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է բնական հանքանյութերի և ապարների արդյունահանմամբ: Ժամանակավոր դադարեցված է:

«Հանքառատ» ՍՊԸ-ն սեփական կամ վարձակալված անշարժ գույքի` վարձակալության հանձմամբ և այլ գործառնություններով է զբաղվում: Գործող ընկերություն է:

«Գրեյթ սակրա» ընկերությունում Արզաքանցյանը 10 % բաժնեմաս ունի: Ընկերությունը զբաղված է եղել մասնագիտացված խանութներում ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրով: Այժմ ժամանակավոր դադարեցված է: Ընկերության բաժնետոմսերի մեծ բաժինը նրա ազգականինն է` Արմեն Արզաքանցյանինը:

Ի դեպ, Արմեն Արզաքանցյանը ևս Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակում է` 6-րդը, որը, սակայն, այստեղ նշված ոչ մի ընկերություն չի հայտարարագրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter