
Փաշինյանը հանձնարարել է ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցել իր առաջարկը
Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, որը, հունիսի 8-ին մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տարածքում, գիշերը վերադարձվել է:
Այս լուրով սկսեց Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում իր քարոզարշավը վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ ես հայտարարել եմ, այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու` մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նման առաջարկում-դիտարկմամբ հանդես է եկել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, թե ինչու վարչապետի պաշտոնակատարը իր որդուն չի փոխանակում 20-25 գերիների հետ, ինչին արձագանքել էին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ որդին` Աշոտ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց` իր այս ուղերձը չպետք է սխալ հասկանալ որպես հուսահատ քայլ, ընդգծելով, որ այս ընթացքում գերիների վերադարձի համար ինտենսիվ աշխատանք է տարվել:
Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թուլացման վերաբերյալ իր առաջարկին, ըստ որի՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական զորքերը դուրս են գալիս Սոթք-Խոզնավար հատվածից, այնտեղ տեղակայվում են ռուս սահմանապահներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում սահմանազատման աշխատանքներ են իրականացվում:
Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ օրը ԱՄՆ-ն հայտարարել է պատրաստակամության մասին փորձագիտական աջակցություն ցուցաբերել դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներում` միևնույն ժամանակ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում Արցախի հարցի բանակցային գործընթացի լիարժեք վերականգման անհրաժեշտությունը:
Ըստ Փաշինյանի` որոշ քաղաքական շրջանակներ պնդում են, թե սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ իրականացնելը խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված է: Նա վստահեցրեց` մեկը մյուսի հետ որևէ կապ չունի, ճիշտ է՝ կարևորում է Հայաստանի համար խաղաղ դարաշրջանի ամրագրումը, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի ու Արցախի շահերը պետք է զոհաբերվեն այդ նպատակի համար:
***
Հունիսի 9-ը քարոզարշավի երրորդ օրն է, Փաշինյանը քարոզարշավը սկսել էր հունիսի 7-ին Արմավիրի մարզից, հունիսի 8-ին ՔՊ-ն Արագածոտնի մարզում էր, այսօր էլ ամբողջ օրը` Շիրակի մարզում:
Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՖԲ էջից
Մեկնաբանել