HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչական դատարանը կրկին անվավեր է ճանաչել ԿԸՀ-ի՝ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող որոշումը

Վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին:

Հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստով նախընտրական քարոզչության հետ ասոցացվող էր ճանաչել 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը: 

Հանձնաժողովը 2021թ. մայիսի 31-ին ևս այդ հարցով որոշում էր կայացրել: Հանձնաժողովը նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու,  գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: 

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի նշված որոշումը: Հունիսի 6-ին վարչական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը՝ Կենտրոնական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Այս անգամ թեկնածուի ներկայացուցիչները Դատարանին հայտնել են, որ առկա է  հունիսի 6-ի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով անվավեր է ճանաչվել ԿԸՀ որոշումը: Ստացվում է, որ վարչական մարմինը կարող է ոչ պատշաճ վարչարարություն իրականացնել, ապա ակտն անվավեր ճանաչելուց հետո շտկել խախտումները և կրկին նույն հիմքով նույն տեսակի պարտավորություններ առաջադրել անձի նկատմամբ:

Տվյալ դեպքում 08.06.2021թ թիվ 128-Ա որոշմամբ ԿԸՀ-ն կրկին կայացրել է միջամտող վարչական ակտ այն դեպքում, երբ առկա է նույնանման փաստերի վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր ճանաչված վարչական ակտ:

Վարչական դատարանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, խախտելով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը, դատական կարգով անվավեր ճանաչված միջամտող վարչական ակտով կարգավորված՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով՝ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու հարցի շուրջ կրկին իրականացրել է վարչարարություն: Արդյունքում ընդունել է որոշում, որով Ռոբերտ Քոչարյանի փաստացի դրությունը կրկին վատթարացրել է, քանի որ վերջինիս «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պարունակող պաստառները ճանաչել է «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող:

Դատարանի մեկնաբանմամբ՝ ստացվում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ պատշաճ վարչարարության արդյունքում ընդունել է 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշումը, ապա այդ որոշումը դատական կարգով անվավեր ճանաչելուց հետո շտկել է դատական ակտով արձանագրված խախտումները և կրկին նույն փաստերով նույն հարցի կարգավորման նպատակով ընդունել է մեկ այլ որոշում: Այնինչ ոչ պատշաճ վարչարարության հիմքով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելը ոչ թե նպատակ է հետապնդում, որ հենց այդ վարչարարությունը կրկին «վերաբացվի» և ճիշտ իրականացվի, այլ դրա հիմքով բացառվեն հետագայում վարչական մարմնի կողմից նման խախտումներ թույլ տալը:

Վերոգրյալ իրավանորմերից, փաստերից, եզրահանգումներից և պատճառաբանություններից ելնելով՝ Վարչական դատարանը գտել է, որ Հանձնաժողովի 08.06.2021թ. թիվ 128-Ա որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդվածների խախտմամբ, այդ թվում՝ դրանց սխալ կիրառման և սխալ մեկնաբանման հետևանքով, հետևաբար նշված վարչական ակտը ոչ իրավաչափ վարչական ակտ է և ենթակա է անվավեր ճանաչման:

Վճիռը կայացվել է երեկ՝ հունիսի 13-ին դատավոր Դանիել Դնիելյանի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter