HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պետք է ուժեղացնել»

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պետք է ուժեղացնել։ Այս մասին երկրորդ նախագահը հայտարարեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։ Ի դեպ, այդ թեմայի վերաբերյալ հարց տվողը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանն էր։

Քոչարյանն ասում է, որ Հայաստանն այս պահին ունի անվտանգային լուրջ խնդիրներ, և ՀՀ զինված ուժերը կրկին մարտունակ դարձնելուն զուգահեռ՝ պետք է փորձել նաև Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը դարձնել ժամանակակից։ Ըստ դաշինքի առաջնորդի՝ դա պարտադիր պետք է անել հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես Թուրքիայի ազդեցության ակնհայտ աճը։ 

«Մենք տեսնում ենք, որ նրանք բավական ինքնավստահ և համարձակ են գործում։ Մտնում են այնպիսի ոլորտներ, որտեղ մի քանի տարի առաջ նույնիսկ դժվար էր ենթադրել, որ կփորձեն այդպես համարձակ գործել։ Եվ ակնհայտ է՝ երբ նայում ես քարտեզին, միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիայի դեմ, Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից մենք պետք է Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց սկսենք՝ նրանց ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար, սակայն կրկնում եմ՝ սա չպետք է լինի միայն նրանց ներկայությունը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդն ասում է, որ Հայաստանը միշտ մեծ կշիռ է ունեցել տարածաշրջանում, քանի որ բոլորի մոտ այն ընկալումն է եղել, որ հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է։ Եվ քանի որ այդ ընկալումն այսօր կորսվել է, ըստ Քոչարյանի՝ դա նշանակում է, որ նաև տարածաշրջանում մեր կշիռն ենք կորցրել։ 

«Ռուսական բազայի հետ միասին մենք պետք է նաև մեր կշիռն ու հզորությունը մեծացնենք, որ մեզ հետ հաշվի նստեն, որ ոչ թե կողքից ինչ-որ բան ասող լինենք, այլ նաև, որ մեր խոսքը ավելի ծանրակշիռ լինի այլ երկրների հետ մեր հարաբերություններում։ Ուղղակի այսպիսին է աշխարհը՝ եթե դու թուլացած ես, քեզ հետ ուղղակի հաշվի չեն նստի։ Մենք եղել ենք գործոն, այժմ դարձել ենք կցորդ։ Ուստի հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դառնանք գործոն այս տարածաշրջանում, և ոչ թե պատերազմելու համար, այլ մեր շահերը պաշտպանելու համար»,- ասաց երկրորդ նախագահը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ քարոզարշավի 10-րդ օրը, Շիրակի մարզում է։ Նախքան Մարալիկը՝ դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Արթկում։ Քաղաքացիների հետ հանդիպումներ են նախատեսված նաև Աշոցքում, Ամասիայում և մարզկենտրոն Գյումրիում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter