HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Հայաստան» դաշինքը Հանրապետության հրապարակում ամփոփում է քարոզարշավի արդյունքները

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը։ Մինչև ելույթները՝ բեմահարթակից հայտարարվեցին դաշինքի պատգամավորության 153 թեկնածուների անունները, որոնք բեմ բարձրացան։

Թեկնածուներից առաջինը ելույթը ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, «Հայաստան» դաշինքի 13-րդ համար Գեղամ Մանուկյանը։ Նա անդրադարձավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, դաշինքի համապետական ցուցակի 20-րդ համար Արմեն Չարչյանի ձերբակալությանը։ Գեղամ Մանուկյանը իրավապահ մարմիններին կոչ արեց չկատարել իշխանությունների, իր բնորոշմամբ, ապօրինի պահանջները, քանի որ վերջիններիս երկու օր է մնացել։ Մանուկյանը նշեց, որ գործող իշխանությունները պատասխան են տալու Չարչյանին ձերբակալելու համար, և պահանջեց անհապաղ ազատ արձակել նրան։ 

Հիշեցնենք, որ այսօր համացանցում ձայնագրություն էր տարածվել, ըստ հաղորդումների՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը իր ենթականերից պահանջել էր մասնակցել ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրողի ազատ կամքի իրականացումը խոչընդոտելը)։ 

Հաջորդը ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքի 3-րդ համար, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Աննա Գրիգորյանը։ Նա նշեց, որ իրենք գալիս են իշխանության Հայաստանում արդարությունն ու ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու համար, և իրենք անելու են ամեն ինչ գալիք սերունդներին ավելի անվտանգ և ավելի համերաշխ պետություն փոխանցելու համար։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի 4-րդ համար Վահե Հակոբյանը, ամփոփելով քարոզարշավի արդյունքները, նշեց՝ հենց առաջին օրերից հասկացել են, որ մարդիկ իրենց որպես ընդդիմություն չեն ընկալում, այլ ընկալում են մի քաղաքական ուժի, որը հունիսի 21-ին վերցնելու է պետության կառավարման ղեկը, և դուրս է բերելու Հայաստանը ճգնաժամային իրավիճակից։

Այնուհետև ելույթների շարքը շարունակեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, դաշինքի 2-րդ համար Իշխան Սաղաթելյանը։ Նա շեշտեց, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում նրանք չեն պատասխանել գործող իշխանությունների կողմից հնչող մեղադրանքներին, այլ ներկայացրել են իրենց ծրագիրն ու Հայաստանի զարգացման իրենց պատկերացումները։ Սաղաթելյանը խոստացավ, որ հունիսի 20-ից հետո «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը դառնալու է կառավարության ծրագիր, որը կետ առ կետ իրականացվելու է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter