HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում կայացել է 13 հայ ռազմագերիների նախնական դատական նիստը

Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում սկսվել է 13 հայ ռազմագերիների դատավարության նախնական դատական նիստը. նրանք մեղադրվում են, իբր, ահաբեկչական նպատակներով Ադրբեջանի տարածք ներթափանցելու մեջ։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։ 

Մեղադրյալի կարգավիճակում են Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը և Էդուարդ Կիրակոսյանը։ Նախնական նիստի ժամանակ ճշտվել են ռազմագերիների տվյալները։ 

Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք, իբր, պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։ 

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության քննչական վարչությունը նշում է, որ ՀՀ քաղաքացիներից բաղկացած խումբը, իբր, անօրինական ճանապարհով զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր է ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված խմբավորում։ Խմբի անդամները, իբր, 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը զբաղեցրել են Հադրութի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող մարտական դիրքերը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 13-ը, իբր, հարձակումներ գործել ձեռնարկությունների, տնտեսությունների, նաև՝ առանձին անձանց վրա, կազմակերպել պայթյուններ, հրդեհներ և ահաբեկչական այլ գործողություններ։ 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 14 ռազմագերիների, իսկ այնուհետ՝ ևս 13-ի գործով հետաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացության հետ միասին ուղարկվել Բաքվի դատարան։ Հունիսի 2-ին սկսվել էր հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում իբր «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և իրականացրած այլ հանցագործությունների մեջ»։ 

Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։

Լուսանկարը՝ Trend.az-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter