HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կատակ էի անում, էլ չէր ծիծաղում, ասում էր, մամ, ծիծաղս կորել ա»,- հիշում է մայրը

Արմավիրի մարզի Դողս գյուղի ճանապարհին վերջին այցի ժամանակ սև ժապավեն կար՝ «Արտակ 19» գրությամբ, այս անգամ արդեն չկա։ 

Արտակենց թաղում լուռ է ու մարդ չկա, քույրը կամաց բացում է տան դուռը, մտնում ենք ներս: Լռությունն այստեղ ավելի թանձր է, ճեղքելը՝ բարդ։ Տնամերձում  պտղատու մեծ ծառեր կան։

«Արտակը հողի հետ աշխատել սիրում էր, ու շատ լավ էլ գլուխ էր հանում, չնայած իր տարիքին, ամեն բույսից, ծառից հասկանում էր, մյուսներին էր սովորեցնում՝ ոնց ճիշտ խնամեն,- պատմում է մայրը՝ Մարգարիտա Գալստյանը, ու մատնացույց անում այգու ծառերը,-Արտակս է տնկել, ափսոս, որ էլ չի տեսնի դրանց ծաղկելը»։ 

Քիչ հեռու հայրն է նստած։ Կողքիս Սրբուհին է՝ ավագ քույրը, իսկ Անդրանիկը՝ տան փոքր տղան, դուրս է եկել տնից, որ մեզ չհանդիպի. ամաչկոտ է՝ ասում է մայրը, Արտակին նման չի այդ առումով։

Արտակի տասնութ տարին լրացել էր հունվարի 28-ին՝ Բանակի օրը, մայիսին ավարտել էր գյուղի դպրոցը ու հուլիսի 30-ին զորակոչվել բանակ։ Մեղրիի զորամասում էր ծառայում, նախքան զորակոչվելը քննություն էր հանձնել ու վարորդական վկայական ստացել, զորամասում նրան բոլորը որպես Ուրալի Արտակ էին ճանաչում։

«Մեքենա շատ էր սիրում, նույնիսկ պատերազմի դաշտից զանգում ասում էր, հենց պատերազմն ավարտվի կգաք, մեքենաս շատ եմ կարոտել»,- պատմում է մայրը։

Ընտանիքը ավագ որդուն այդպես էլ զինվորական համազգեստով չտեսավ. համաճարակի պատճառով այցելությունները արգելված էին։ Համազգեստով մեկ-երկու լուսանկար Արտակն է ուղարկել տնեցիներին, դրանք հիմա դրված են շրջանակի մեջ՝ մի քանի այլ լուսանկարների, հետմահու շնորհված մեդալի ու զույգ մոմերի կողքին։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, ծնողները հանգիստ էին, որ Արտակը Մեղրիում է ու առավել ևս՝ նորակորչիկ։ Հոկտեմբերի երկուսին Արտակը զանգում է եղբորն ու ասում, որ տարել են Ջաբրայիլ, մայրն էլ է լսում խոսակցությունը։ Արտակի հայրը՝ Սեյրան Գրիգորյանը, այդ ժամանակ նույնպես Արցախում էր. պատերազմի հենց հաջորդ օրը ծանուցագրով մեկնել էր Մարտունի երեք։

«Չգիտեի՝ որ մեկի մասին մտածեի, հո՞ր թե՞ տղայի, բայց ավելի շատ Արտակիցս էի վախենում, ասում էի՝ ինքը դեռ երեխա ա, չնայած որ շատ ուժեղ էր, պարապած ու ճկուն»,-պատմում է Մարգարիտա Գալստյանը։

Պատերազմի օրերին Արտակը տուն հաճախ էր զանգում, կատակներ անում, բոլորից հարցնում էր, պատմում էր, թե ինչքան սիրուն է Իշխանաձորի բնությունն ու որ հարազատ Դողսից հետո ինքը միայն էնտեղ կապրեր։ 

«Արտակս, որ զանգում էր, հարցնում էր՝ ով է իրենից հետաքրքրվում, որ ասում էի համարյա բոլորը, ասում էր՝ բա ո՞վ չի հետաքրքրվում։ Ամեն անգամ հարցնում էր՝ հեռուստացույցով ինչ են ասում, ասում էի, որ հողերը չենք տալիս, էնտեղից պատասխանում էր՝ ճիշտ ենք անում, ոչ մի բան էլ չենք տալու, թուրքին հող չունենք տալու։ Մտածում էի, լավ, որտեղի՞ց էսքան հայրենասիրություն տղայիս մեջ»,- հիշում է մայրը։

Վերջին օրերին Արտակը ավելի քիչ էր տուն զանգում, հոկտեմբերի 17-ին գրեթե բոլորին զանգել էր, բայց միայն մայրն էր զգացել, որ տխուր էր. «Կատակ էի անում, էլ չէր ծիծաղում, ասում էր, մամ, ծիծաղս կորել ա»,- հիշում է մայրը։

Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 18-ին ժամը չորսն անց կեսին, ասել է, որ հրաշքով են փրկվել. արկը ընկել է մեքենայի վրա ու չի պայթել։ Դրանից հետո հրաման է եկել նորից նստել մեքենան ու Ջաբրայիլից շարժվել Իշխանաձորի ուղղությամբ։ հենց այդ ժամանակ էլ ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, թափքում եղած 6 զինծառայողներից 4-ը՝ Արգիշտի Շիրինյանը, Սերգեյ Երիցյանը, Հրաչ Թադևոսյանը և Արտակ Գրիգորյանը զոհվում են, մեկը՝ վիրավորվում իսկ մյուսը անհետ կորչում։ Հայրը լուրն իմանալուն պես, հանձնում է զենքը ու գնում տղային փնտրելու, նրան են միանում նաև մյուս երեք զինվորների ծնողները։ 

Արտակի հայրը՝ Սեյրան Գրիգորյանը պատմում է, որ ինքը մոտ երկու ամիս անընդմեջ Արցախում է եղել՝ փորձելով ամեն բան անել որդուն գտնելու համար։ 

«Ամեն դուռ ծեծել ենք, ամեն հնարավոր ձևով ման եկել, շատ մարդկանց հանդիպել՝ նույնիսկ նախագահ Արայիկ Հաևությունյանին ու էսպես երկու ամսից ավել»,- ասում է Սեյրան Գրիգորյանը։

Դեկտեմբերի 19-ին, ի վերջո, կարողանում են գտնել, դուրս բերել աճյունները ու ԴՆԹ հետազոտության ենթարկել։ Առաջինը հենց այս ընտանիքին է պատասխանը գալիս՝ դրական։ Բացի Արտակից՝ մյուս երեք տղաների հարազատները կրկնակի հետազոտություն են պահանջում։ 

Ընտանիքը կատարվածում մեղադրում է տղաների հրամանատար կապիտան Արսեն Հայրապետյանին, որը, ըստ նրանց, սխալ հրաման է տվել՝ կարգադրելով նստել մեքենան, երբ նախորդին քիչ առաջ էին հարվածել։ Սեյրան Գրիգորյանը մյուս ծնողների հետ դեռևս փետրվար ամսին գործի առթիվ դիմում է ներկայացրել Երևանի քննչական վարչություն, մինչ այսօր ծնողների հետ չեն կապվել՝ պատճառաբանելով գերծանրաբեռնվածությունը:

«Ես չեմ հավատում, որ Արտակս հենց էնպես նստած լինի էդ մեքենան, ինքը շատ լավ գիտեր, հայրն էլ ասում էր, որ մեքենաներից հեռու մնա, մի բան եղել է, երևի չի ուզել ընկերներին մենակ թողնել։ Ախր ի՞նչ էր էդ հինգ կիլոմետրը, որ ոտքով չէին կարող գնալ, բոլորն էլ առողջ, կոփված տղաներ։ Միակ մեղավորը էս ամբողջ պատմության մեջ իրենց հրամանատարն է, որը անպայման պատասխան պիտի տա»,-ասում է Մարգարիտա Գալստյանը։ 

Կապիտան Արսեն Հայրապետյանը ծնողներին ասել է, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը մեկից երկուսի միջակայքում։ Մարգարիտա Գալստյանի խոսքով՝ հրամանատարը ստում է, իր որդին ժամը չորսն անց կեսին զանգել է իրեն։

«էդ կարո՞ղ ա իմ տղան կենդանացավ ու զանգեց մեզ»,- ասում է մայրը։

«Մենք մինչև վերջ հավատում էինք, որ ինչ-որ սխալմունք էր դա, ու նման բան հնարավոր չէր տեղի ունենար Արտակի հետ։ Ինքը շատ նպատակներ ուներ, ասում էր՝ պապ, բանակից կգամ, կսպասենք Անդրանիկն էլ կգնա կգա, երեքով կգնանք Ռուսաստան, կաշխատենք ու ինչ որ ուզենք՝ կունենաք»,-ասում է Սրբուհին՝ քույրը։

Արտակ Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի է ունենում փետրվարի 9-ին՝ ծննդյան տարեդարձից մի քանի օր հետո։ Արտակի աճյունը ամփոփված է իր սիրելի Դողսում։

Հայկ Մակիյան, Ռիմա Գրիգորյան

Հետք Մեդիա Գործարան

Տես նաև՝ Սերգեյ Երիցյանի անունը հայտնվել է զոհվածների, հետո՝ անհետ կորածների, ապա՝ գերիների, հետո նորից՝ զոհվածների ցուցակում

Մեր երեխաներին սիրելով՝ պետք է իրենց տեղը դատարկ չթողնենք

«Հոկտեմբերի 19-ին ծննդյանս օրն էր, որդուս զանգին էի սպասում, հետո իմացանք, որ 18-ին արդեն զոհվել է». Քրիստինե Օհանյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter