HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հոկտեմբերի 19-ին ծննդյանս օրն էր, որդուս զանգին էի սպասում, հետո իմացանք, որ 18-ին արդեն զոհվել է». Քրիստինե Օհանյան 

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի տղամարդկանցից 8-ին պատերազմը տարավ։ Նրանցից վեցը հուղարկավորված են գյուղի գերեզմանատանը՝ Արցախյան առաջին պատերազմի զոհերի կողքին։ Արգիշտի Շիրինյանի գերեզմանաթումբը աջից իններորդն է։ Մեզ ուղեկցողին հարցնում եմ, թե ինչու Եռաբլուրում չեն թաղված. «Ի՞նչ տարբերություն, էս էլ մեր Եռաբլուրն ա»,-ասում է։ Իսկ վիրավորներ կա՞ն գյուղում՝ հարցնում ենք. «մեկը տղես ա, ոտքի թաթը չկա»։

Շաբաթ օր է, ու սգավորները խումբ-խումբ հավաքվում են, պարտադիր շրջում բոլորի շիրիմերի կողքով ու խունկ գցում։ Զոհվածներից ամենաերիտասարդը Արգիշտին էր՝ 18 տարեկան, նախքան հուղարկավորվելը բոլորեց տասնինը։

Արգիշտիենց տանը բարեկամները կիպ-կիպ նստած են հացի սեղանի շուրջ. տատն է, մորաքույրը, քույրը, իսկ տղամարդիկ դրսում են։ Հյուրասենյակից ձախ Արգիշտիի սենյակն է՝ ընդարձակ, լուսավոր, թանձր կարմիր հատակով ու նախշավոր պատերով։ Մայրն ասում է՝ երբ բացում էր սենյակի դուռը ու տեսնում Արգիշտիին քնած, չէր խանգարում, կամաց ծածկում էր դուռը, չէ՞ որ շուտով բանակ էր գնալու։ Մահճակալի նույն դիրքում հիմա տղայի հուշանկյունն է. լուսանկարները, արևային ակնոցը, Աստածաշունչ ու այլ առարկաներ։ Զինվորական հագուստով լուսանկարվել չի հասցրել։ Ընտանիքին համազգեստով միայն մի լուսանկար է հասել կռվի դաշտից, որտեղ Արգիշտին հեռվից է երևում։

Շիրինյանների կրտսեր որդին էր Արգիշտին, դպրոցն ավարտել ու 2020թ.-ի օգոստոսի 5-ին մեկնել էր ծառայության՝ Մեղրի։ Ծնողներն ասում են, որ ավելի քիչ էին անհանգստանում նրա համար, քանի որ Հայաստանում էր, իրենից առաջ մեծ եղբայրը ծառայել էր Արցախում։ Մեկ ամիս կարանտինից հետո Արգիշտին տեղափոխվել էր Մեղրիի Ագարակ զորամաս, այնտեղից էլ հոկտեմբերի 3-ին՝ Ջաբրայիլ, հրետանավոր էր։ Կռվի դաշտից ամեն օր ժամը 3-ից 5-ի միջակայքում զանգել է, հոկտեմբերի տասնութին այդպես էլ չի զանգել։

Այդ օրը Արգիշտին ու մյուս ծառայակիցները Ջաբրայիլից Իշխանաձոր ճանապարհվելիս են եղել, երբ առաջին արկն ընկել է մեքենայի սկզբնամասին ու չի պայթել։ Հետո հրաման են ստացել նստել երկրորդ մեքենան ու շարժվել։ Նստելուց մի քանի րոպե հետո ԱԹՍ-ի երկրորդ հարվածից թափքում եղած ժամկետային 6 զինծառայողից չորսը զոհվել են, մեկը ծանր վիրավորվում էստացել, իսկ մյուսը՝ անհետ կորել։ Մեքենայի առջևում նստած երեք զինծառայողների՝ ներառյալ տղաների անմիջական հրամանատար Արսեն Հայրապետյանի և մեկ կամավորի հաջողվել է ողջ մնալ։

Արգիշտիի հայրը՝ Սուրիկ Շիրինյանը, ասում է, որ դեպքից անմիջապես երկու-երեք օր հետո գնացել է Մեղրիի զորամաս, հանդիպել որդու հրամանատարին, խնդրել պարզաբանել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։

«Հարցնում եմ՝ էդ դու ոնց ես ասել, որ նորից մեքենան նստեն, եթե նոր էին խփել նախորդին, ինձ ասում է՝ հրաման էր։ Էդ ո՞վ էր իր վրա էդքան վստահ, որ սաղ օդը տեսնում ա, որ նորից հրաման ա տվել նստել մեքենան։ Որ մի ծնողն էլ իմանար, որ նման անպատասխանատու սպաներ կան ըտեղ, ոտով էլ լիներ, սարերով էլ լիներ, կգնայինք, կհասնեինք մեր էրեխեքին»,- ասում է Սուրիկ Շիրինյանը։ Նա մոտ մեկ ամիս մյուս ծնողների հետ անցկացրել է Ստեփանակերտում՝ փորձելով գտնել ու դուրս բերել որդու մարմինը։ Տարածք մտնելու թույլտվություն ստացել են միայն դեկտեմբերի 19-ին՝ երկու ամիս անց։

«Հադրութ, Ջաբրայիլ մտնել թույլ տալիս էին, բայց Իշխանաձոր՝ չէ։ Ամսի 19-ին նոր կարողացանք մտնել՝ դեպքից ուղիղ երկու ամիս հետո։ Չնայած մենք էնտեղ էինք, բայց մեզ չթողեցին մասնակցել որոնողական աշխատանքներին, ասեցին՝ վիդեո կանենք, կբերենք, կտեսնեք։ Ասում եք էլի, դեպքը հոկտեմբերի 18-ին ա տեղի ունեցել, իրենք կարող էին մինչև ադրբեջանցիների՝ տարածքը վերցնելը մտնել հանել երեխեքի մարմինները, ի վերջո մարդ էին, հո հավի ճու՞տ չէին»,- պատմում է Սուրեն Շիրինյանը։

Մարմինների դուրսբերումից հետո դրանք ուղարկվել են ԴՆԹ փորձաքննության։ Առաջին փորձաքննության պատասխանը դրական է եղել, հանձնել են նաև երկրորդը՝ էլի դրական։ Մարտի 6-ին տղային հուղարկավորել են։

«Մեծ տղաս՝ Արշավիրը, ուրիշ ձև ա տանում եղբոր կորուստը։ Առավոտյան, որ զարթնում ենք, տեսնում՝ չկա, արդեն գիտենք իր տեղը, գնացել ա եղբոր մոտ՝ գերեզմաններ»,-պատմում է Արգիշտիի հայրը։

Արշավիրից բացի Արգիշտին նաև քույր ունի՝ Անին։ Մայրը՝ Քրիստինե Օհանյանը, ասում է, որ թոռը շատ նման է քեռուն։ Բանակ ճանապարհելիս մտածում էին՝ մինչև քեռին գա, երեխան արդեն իր ոտքով կվազի առաջը։ «Բայց դա էդպես էլ երազանք մնաց»,- ասում է Քրիստինեն։

«Որ զանգում էր, ասում էր ամեն ինչ նորմալ ա, լավ ա, ընդհանրապես չէր բողոքում։ Միայն ամսի 17-ին հարցրեց՝ պապ, բա հեչ լուրերով ի՞նչ են ասում»-ասում է հայրը։

«Էդ օրը դեպքի մասին ամբողջ գյուղը գիտեր, մենք մեր առօրյա գործերով էինք։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, իմ ծննդյան օրն էր, անընդհատ սպասում էի, որ իմ տղան պիտի զանգի, ասի՝ մամ, ծնունդդ շնորհավոր։ Հարազատները, որ զանգում էին, ասում էի՝ մի շնորհավորեք, մինչև Արգիշտիս դիրքերից իջնի, բայց ինքը էդպես էլ չզանգեց»,- հիշում է Քրիստինեն։

Մոր խոսքով՝ իրենց տունը երբեք այսքան դատարկ չի եղել։ Արգիշտիի հումորն է պակասում, աշխուժությունը։ Անգամ հարևանը փողոցի ակտիվությունից իմանում էր, թե Արգիշտին երբ էր դպրոցից տուն հասնում։ Հիմա Քրիստինեի աչքը անընդհատ դռանն է։ Ուզում է որդուն մի անգամ էլ գրկել այնպես, ինչպես բանակ ճանապարհելիս։

 

Ռիմա Գրիգորյան, Հայկ Մակիյան, Մարինե Հովակիմյան

Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ

----------------------------------------------------

Տես նաև՝ 

Մեր երեխաներին սիրելով՝ պետք է իրենց տեղը դատարկ չթողնենք

Սերգեյ Երիցյանի անունը հայտնվել է զոհվածների, հետո՝ անհետ կորածների, ապա՝ գերիների, հետո նորից՝ զոհվածների ցուցակում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter