HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերեվարվածների հարազատները կառավարության շենքի առջև նստացույց են անում

Հունիսի 23-ի երեկոյան հայ ռազմագերիների հարազատներից մի քանիսը նստացույց են սկսել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Կառավարությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից՝ գործադրել բոլոր հնարավոր միջոցները և Ադրբեջանին ստիպել դադարեցնել հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատական գործընթացներն ու առանց նախապայմանների վերադարձնել նրանց հայրենիք՝ հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին։ 

Նրանք 2021թ․ դեկտեմբերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի դիրքերից գերեվարված աշխարհազորայինների հարազատներն են։ 

Գերեվարվածների ծնողներին ու հարազատներին գիշերը հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Դեկտեմբերի 13-ին Խծաբերդից գերեվարված 23-ամյա Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը կառավարությունից պահանջում է համապատասխան քայլերի ձեռնարկում ու գերիների անհապաղ վերադարձ։

Տիգրանն ու իր ընտանիքը դիմել են Պաշտպանույթան նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, տարբեր պետությունների դեսպանատներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որի միջոցով էլ 2 ամիսը մեկ կարողանում են կապ հաստատել Մելսի հետ։ Տիգրանի խոսքով՝ վերջին անգամ եղբոր հետ խոսել է մոտ 20 օր առաջ, Մելսն ասել է, որ հույս ունի որքան հնարավոր է շուտ տուն վերադառնալ։

«Ամենամեծ մտահոգությունը կատարվող ձևական դատավարություններն են, որոնք աբսուրդ են, մեր տղաները էնտեղ մենակ են, առանց որևէ մեկի օգնության։ Մենք միջազգային կառույցներին հորդորում ենք, որպեսզի ինչ-որ միջոցներ ձեռնարկեն, միջանկյալ միջոցներ կիրառեն, որպեսզի օր առաջ իրավական գործընթաաց սկսեն Ադրբեջանի դեմ, որովհետև Ադրբեջանը խախտում է մի շարք միջազգային պայմանավորվածություններ ու կոնվենցիաներ»,-նշեց Տիգրան Ամբարդարյանը։

Վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումից նա մանրամասներ չհայտնեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բայց նաև նշեց, որ եթե երեկվա հանդիպումից ունենային բավարար ու գոհացնող արդյունք, այսօր նորից կառավարության առջև նստած չէին մնա։

Նստացույցն անժամկետ է, և համապատասխան արդյունք ու արձագանք չստանալու դեպքում կվերածվի հացադուլի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter