
Բաքվում հետաձգվել է հայ ռազմագերիների հերթական խմբի շինծու գործով դատական նիստը
Բաքվում հետաձգվել է հայ ռազմագերիների հերթական խմբի շինծու գործով դատական նիստը։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Մեղադրյալի աթոռին են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդարյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը։
Պատճառը մեղադրյալների փաստաբաններից մեկի նիստից բացակայությունն է։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 26-ին։
Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։
Շիրակցի 15 գերի հայրենիք էր վերադարձել 2021 թվականի հուլիսի 3-ին, որոնք ավելի վաղ ազատ էին արձակվել դատարանի դահլիճից՝ պատժի կրման ժամկետի լրանալու կապակցությամբ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ 15 գերին փոխանակվել էին Կովսականի (Զանգելան) և Վարանդայի (Ֆիզուլի) ականապատ դաշտերի քարտեզների հետ։
Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ շիրակցիները գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել