
Ռ. Կիրակոսյանի կարծիքով` մտահոգիչ և զզվելի է, որ օլիգարխները վերադառնում են ԱԺ
«Սփյուռքը պետք է տեսնի Հայաստանն այլ ձևով, Հայաստանը չպետք է «DisneyLand» լինի սփյուռքի համար: Հայաստանը սփյուռքի համար պետք է դառնա տիեզերքի կենտրոն, որտեղ ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրը և տնտեսության զարգացումը նույնքան կարևոր լինեն, որքան Ցեղասպանության խնդիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա կարծիքով` սփյուռքը պետք է ավելի շատ ներգրավված լինի հայաստանյան իրականության մեջ, և, բավարար, պետք չէ Հայաստանին նայել «Մարիոթ» հյուրանոցի պատուհաններից: Ռ. Կիրակոսյանը, ով նույնպես սփյուռքահայ է և արդեն 7 տարի է՝ ապրում է Հայաստանում, գտնում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հեշտացնեն կյանքը սփյուռքահայերի համար, նրանց խրախուսեն: Հայաստանը պետք է դարձնել գրավիչ սփյուռքահայերի համար, որոնց համար շատ դժվար է ապրել Հայաստանում:
Քաղաքագետի կարծիքով` այսօր եւ ՀՀ-ում ապրողների, եւ սփյուռքահայերի համար կա երկու հիմնական մարտահրավեր` հնարավորությունների պակաս և երկրորդը՝ տնտեսություն, որտեղ գերիշխում են օլիգարխները: Ազատ և արդար ընտրությունները հնարավորություն կստեղծեն ոչ միայն բարելավել տեղացիների կյանքը, այլև բարելավել սփյուռքահայերի վիճակը Հայաստանում:
Ռ. Կիրակոսյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության խնդրի բացակայությունը նախընտրական շրջանում մեկ այլ կարևոր խնդիր են բացահայտում` քաղաքական քննարկումների մակարդակը շատ ցածր է, ընթանում է անձերի և ոչ թե բանավեճերի քաղաքականություն է: Առանցքային կարևորության խնդիրները` հայ-թուրքական հարաբերությունները, ԼՂ, հայ-ռուսական հարաբերությունները շատ չեն քննարկվում քաղաքական շրջանակներում: Հայ հասարակությունը կարիք ունի քննարկումների արդյունքում իմանալ քաղաքական կուսակցությունների վերաբերմունքը կարևոր հարցերի շուրջ, ինչպես օրինակ` Մեծամորի ատոմակայանի կամ կրթության վերաբերյալ: Այնինչ, քաղաքականության մեջ առաջնային դեր են կատարում անձինք, մասնավորապես` ՀՀ երեք նախագահները: Իսկ այդ ամենի արդյունքում տուժում է կրկին հասարակությունը:
Ռ. Կիրակոսյանը նշեց, որ ԼՂ հիմնահարցի շուրջ հայերը միավորված են: Միակ տեղը, որտեղ դա խնդիր է, Բաքուն է: Վերջինս չի հաշտվում այն մտքի հետ, որ վերջանականապես կորցրել է ԼՂ-ն և չի ուզում ընդունել իրականությունը: Այս հարցում սպառնալիքները միշտ գալիս են Ադրբեջանի կողմից, ինչը տեսնում է ամբողջ աշխարհը: ՀՀ-ում կա երկու կուսակցություն, որոնց համար Ցեղասպանության և ԼՂ-ի հարցերը քաղաքական են` ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Այլ հարց է, թե ով որքան է համամիտ նրանց դիրքորոշումների հետ:
Ռ. Կիրակոսյանի խոսքերով` Հայոց ցեղասպանությունը չպետք է լինի սփյուռքահայերի միակ խնդիրը: Շատ կարևոր է նաև պայքարել օլիգարխների դեմ, որոնք մեծ վտանգ են պետության համար: Նրանք խոչընդոտում են ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը: Քաղաքագետի խոսքերով` մտահոգիչ և զզվելի է, որ օլիգարխները վերադառնում են ԱԺ, նրանք իսկապես վտանգ են ներկայացնում երկրի համար, եթե հաշվի առնենք, թե որքան հարկեր են վճարում, և տնտեսության որ հատվածն են ղեկավարում: Այս հարցը լուծելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք:
Ռ. Կիրակոսյանը նաև հավելեց, որ նորմալ չէ, երբ քաղաքական գործիչը ընտրողների հետ հանդիպմանը գնում է զենքով: Դա կարող է բնորոշել նրան որպես ժողովրդից վախեցած քաղաքական գործիչ: Իսկ ՀՀ ԱԱԽ, որը ղեկավարում է Արթուր Բաղդասարյանը, իր գործը չի անում: Երկիրը պետք է ամեն ինչին պատարստ լինի հետեւյալ սկզբունքով. ոչ թե եթե, այլ երբ է լինելու երկրաշարժը:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել