HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետարանոց գյուղի հուշարձանները

2020թ. հոկտեմբերի 27-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Ավետարանոց գյուղի պատմության, հուշարձանների մասին զրուցել ենք Արցախի պետական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ 

Ավետարանոցը Արցախի ամենահին ու ամենանշանավոր բնակավայրերից մեկն է, եղել է մելիքանիստ կենտրոն։ Առնվազն 17-րդ դարից այն հիշատակվում է որպես ավան, կամ գյուղաքաղաք, սա ցույց է տալիս դրա մելիքանիստ կենտրոն և խոշոր բնակավայր լինելը։

Ավետարանոցի տարածքում տարիների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ հուշարձաններ։ Ըստ 2011 թվականի Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Ասկերանի շրջանի պատմական հուշարձանների ցանկի՝ Ավետարանոց գյուղի տարածքում կա 53 հուշարձան, բայց դա վերջնական թիվ չէ։ Հետագայում նույնպես հայտնաբերվել են բազմաթիվ հուշարձաններ: Օրինակ՝ 2019թ. հուշարձանագետ Սլավա  Սարգսյանի կողմից գյուղի տարածքում վկայագրվել է մոտ 83 նորահայտ հուշարձան: 

Հովհաննիսյանի հավաստմամբ գյուղի տարածքը բավականին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, կան վայրեր, որոնք դեռևս ուսումնասիրման կարիք ունեն։ Դրանք եղել են թե հին բնակատեղիներ, թե կիկլոպյան ամրոցներ, որոնք պատկանում են առնվազն մ.թ.ա. երկրորդից առաջին հազարամյակին։

Ավանը բավականին խիտ է եղել բնակեցված ինչի մասին վկայում են տարածքում հայտնաբերված գյուղատեղիները։

Ավետարանոց գյուղի մասին առաջին ավանդությունը մեզ է հասցրել Սարգիս Ջալալյանցը իր «Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան» գրքի միջոցով, որտեղ նշվում է, որ Վաչե Բ թագավորը, չկարողանալով հանդուրժել պարսից Պերոզ արքայի վարած կրոնական հալածանքները, մի ավետարան գրկած, առանձնանում է այդտեղ և որպես ճգնավոր անցկացնում իր օրերը: Այդ պատճառով էլ գյուղը կոչվել է Ավետարանոց։

Այդ նույն ավանդությունը հուշում է նաև, որ Կուսանաց անապատը ստեղծվել է այդ ժամանակաշրջանում՝ 5-րդ դարում։

Ավետարանոցի շրջակայքի եկեղեցիները, մատուռները և շրջակա բնակավայրերի հուշարձանների ցանկը բավականին մեծ է, կան նաև շատ կամուրջներ, դրանցից ամենահայտնիներից է Հղցկոտի կամուրջը, որը գտնվում է Կուսանաց անապատի շրջակայքում և տանում է դեպի «Սանա եղցե» սրբավայրը, որտեղ կա 17-րդ դարի եկեղեցի և գերեզմանոց։ Տարածքը պատմական մեծ նշանակություն է ունեցել։

Ավետարանոցի պատմության երկրորդ շրջանը կապված է Մելիք Շահնազարյաններիի հետ։ Ավետարանոցը, լինելով Վարանդայի մելիքանիստ կենտրոն, Մելիք Շահնազարյանների նստավայրը մեծ դեր է խաղացել ուշ միջնադարի Արցախի պատմության մեջ։ Շահնազարյանները եկել ենք Սոթքից։ Արցախի Վերին Խաչենի Դոփյան հայտնի իշխանական տան ժառանգորդներն են։

Ավետարանոցի կարևորագույն հուշարձաններից է Կուսանաց անապատը, որի ներկայիս շենքը կառուցվել է 1616 թվականին։ Եկեղեցուն կից կա գավիթ, որը համարվում է Մելիք Շահնազարյանների տոհմական տապանատունը։ Կուսանաց անապատը կապված է Գայանե և Հռիփսիմե կույսերի հետ, և 17-րդ դարին հիշվում է Հռիփսիմե մայրապետը։ Հենց Գայանեի ժամանակ էլ Ավետարանոցը դառնում է հայ գրչության կենտրոններից մեկը։

Մեզ է հասել Գայանեի ձեռքով գրչագրված երեք ձեռագիր, որը հավաստում է Րաֆֆին։

Ավելի մանրամասն Ավետարանոցի գրչական կենտրոնի մասին գրել է Մատենադարանի գիտաշխատող Թամարա Մինասյանը իր «Արցախի գրչության կենտրոնները» գրքում։

Գայանեի ստեղծած Ավետարանի մասին խոսել են նաև հետագա ուսումնասիրողները։

Մայրապետ Հռիփսիմեի խնդրանքով գրիչ Խոսրովը 1677 թվականին Ավետարանոցում գրչագրել է Գրիգոր Ծերենցի «Հայսմավուրքը»։

Ավետարանոցի բնակչությունը հիմնականում բնիկ է, բայց որոշ ընտանիքներ եկել ու գյուղում են հաստատվել Սոթքից։

Շատ են Ավետարանոցի բնակիչների քաջությունների մասին վկայությունները, հատկապես մելիք Բաղրի հերոսությունները, նա ավետարանոցցիների հետ միասին բավականին կատաղի դիմադրություն է ցուցաբերել թուրքերի դեմ և  1725 թվականի փետրվարին կազմակերպել է թուրքական 6 000-անոց զորքի ոչնչացումը Վարանդայում։

Ըստ ուսումնասիրողների՝ Ավետարանոցում եղել է 3 մելիքական ապարանք՝ մելիք Բաղրի, մելիք Հուսեյնի և մելիք Շահնազարի, վերջինս կառուցվել է ավելի ուշ։ Ապարանքները ավիրվել են, մնացել են դրանց մնացորդները։
Ավետարանոցի կարևոր հուշարձաններից մեկը գյուղամիջյան 1651 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը 17-րդ դարի Արցախյան ճարտարապետական դպրոցի հուշարձաններից է, պատմաբանի խոսքով՝ այն շատ նման է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի, Ասկերանի շրջանի Խանցք գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցիներին։

Բազմաթիվ ավանդություններ կան Կուսանաց անապատի վերաբերյալ։ Ըստ ավանդության՝ այդտեղ պահվել է Կենաց փայտի նմուշը, որը իբրև գողացել են պարսիկները, բայց այն նորից թռչունի տեսք ընդունած վերադարձել է  Ավետարանոց։

Մեկ այլ ավանդության մեջ ասվում է, որ  Աղա Մուհամադ խանի արշավանքների ժամանակ գյուղը ավերվում է, կույսերը փախչում են անտառ, նրանցից մեկը վերադառնում է, որպեսզի տանի այնտեղ գտնվող թանկարժեք իրերը, բայց դուրս գալիս իր գլխավերևում տեսնում է պարսիկ սարբազի (զինվորի) սուրը, նա թևեր է առնում և թռչում է։

Մյուս ավանդությունը պատմում է, որ ամեն տարի անտառ էր գալիս մի եղնիկ, որը, որպես մատաղացու, իր վիզն էր մեկնում, որպեսզի մատաղ անեն, բայց երբ ժողովուրդը սկսում է շատ մեղքեր գործել, Աստված այլևս նման բարեհաճություններ գյուղացիների նկատմամբ չի անում։

Ավետարանոցն անվանում են նաև Չանախչի։ 17-րդ դարից սկսած՝ Արևելյան Հայաստանում սկսվել էր անվանափոխության գործընթաց, որից անմասն չի մնում նաև Արցախը։ Տեղանունների անվանափոխության գործընթացը հիմնականում մեծ թափ է առնում, երբ Փանահ Ալի խանը հաստատվում է Շուշիում և ստեղծում է Ղարաբաղի խանությունը, որի ժամանակ արդեն թուրքալեզու էթնիկ տարրը տարբեր ձևերով աղավաղում և ձևափոխության է ենթարկում Արցախի բնակավայրերի անունները։ Բացառություն չի եղել նաև Ավետարանոցը։ Չանախչի անվանումը կիրառվել է նաև Խորհրդային Միության ժամանակաշրջանում։ Նույն տարածաշրջանի գյուղերը տարբեր ձևով ենթարկվել են անվանափոխության։ Օրինակ՝ Ավետարանոցի հարևանությամբ գտնվող Ջրաղացներ գյուղը կոչվել էր Դամիրչլար, Մադաթաշենը՝ Մադաթ Քենդ, Քարին Տակը՝ Դաշալթը, Շոշը՝ Շուշիքենդ։ Հետո, երբ ռուսները նվաճում են Այսրկովկասը, ռուսական պաշտոնական վիճակագրությունը սկսում է վերցնել այն անվանումները, որոնք մնացել էին խանությունից։ Անունները մնում են թուրքացված, դրանք տեղափոխվում են ռուսական պաշտոնական կայսերական գրագրություններ, իսկ էդտեղից էլ անցնում նաև Խորհրդային Միության ժամանակաշրջան։

Ավետարանոցի բնակչությունը մշտապես բազմամարդ է եղել։

Ավետարանոցում շատ հայտնի էին մելիքական գլխատները (ղարադամները), որոնք չեն պահպանվել կամ գտնվում են կիսավեր վիճակում։ 19-րդ դարի վերջին Ավետարանոցի տները հիմնականում երկհարկանի էին, Շուշիի ազդեցությամբ այն բավականին բարեկարգ գյուղ էր դարձել։

Ըստ 1886 թվականի ընտանեկան ցուցակների բնակչության թիվը 1822 էր։ 1917 թվականին Անգլիական միսսիային Արցախի ազգային խորհրդի ներկայացված Արցախի բնակչության թվի ցուցակում Ավետարանոցն ուներ 1928 բնակիչ։ Խորհրդային տարիներին բնակչության թվի որոշակի նվազում է նկատվել։ 1994 թվականից հետո՝ 2010 թվականին՝ 1116 բնակիչ, իսկ 2015-ին՝ 1121 բնակիչ։ Այսինքն՝ բնակչությունը միշտ եղել է 1000-ից ավելի, եղել են տարիներ, որ այն եղել է 2000-ից ավել։

Գյուղը 2 անգամ պարսկական արշավանքների պատճառով ենթարկվել է ավերածությունների։ Առաջինը՝ Աղա Մուհամադ խանի արշավանքն էր, քանի որ Ավետարանոցը մելիքանիստ կենտրոն էր, Մելիք Շահնազարյանի որդին՝ մելիք Ջումշուդ Շահնազարյանը, բավականաչափ գումար էր տվել, որպես փրկագին, որպեսզի գյուղն ամբողջությամբ ավերածությունների չենթարկվի։ Երկրորդը 1826 թվականի ռուս-պարսկական պատերազմն էր, որի ժամանակ Աբաս Միրզայի 60 000 անոց բանակը շարժվեց դեպի Ավետարանոց, որովհետև, երբ Ղարաբաղի խանությունը վերացվել էր ու գեներալ Մադաթովը դարձել էր Ղարաբաղի պրովենցիայի կառավարիչ, նրա նստավայրը դարձել էր հայրենի Ավետարանոց գյուղը։ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ Մադաթովը բացասական դերակատարում է ունեցել մելիքական տոհմերի վերացման մեջ։

Հաշվի առնելով Ավետարանոցի զով օդն ու կլիման, ինչպես նաև մոտ լինելով Ղևոնդաց անապատին՝ շուշեցիների համար Ավետարանոցն ամառանոցային վայր էր։

Ավետարանոցն ուներ բազմաթիվ ձմեռանոցներ, այսինքն մարդիկ իրենց անասուններին պահում էին այնտեղ։ Արցախում կար այդպիսի սովորույթ, համաձայն որի՝ մարդիկ իրենց անասուններին պահում էին իրենց հիմնական բնակավայրից մի քանի կիլոմետր հեռու գտնվող վայրերում։ Անասուններին պահելու նպատակով մարդիկ գնում էին այդ տեղեր, ժամանակի ընթացքում դրանք վերածվում էին գյուղերի։

Ավետարանոցը մեծ դերակատարում է ունեցել նաև 1920-րդ դարասկզբի Ազգային ազատագրական շարժումներում, հատկապես հայ-թաթարական բախումների ժամանակ, երբ Ավետարանոց գյուղից Նիկոլայ Շահնազարյանը կազմակերպել էր Քիրսի ամառանոցային վայրերի պաշտպանությունը։ Այդ մասին մեծ ոգևորությամբ էր խոսում Արցախի ազգային խորհրդի առաջին նախագահ Եղիշե Իշխանյանը։

Գյուղի բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ամարասի հովտում գտնվող խաղողի այգիներից Ավետարանոցի բնակիչները պատրաստում էին գինի ու վաճառում Շուշիում։ Զարգացած է եղել նաև գորգագործությունը, մետաքսագործությունը։ Այդ ժամանակաշրջանում Շուշիի գավառում կային շատ մետաքսագործական արտադրամասեր, որտեղ հիմնականում աշխատում էին կանայք։ Ըստ Ե. Լալայանի՝ 19-րդ դարի վերջին գյուղում կար մետաքսի 3 փոքր գործարան:

Հովհաննիսյանի պնդմամբ՝ պատմության բոլոր էջերում Ավետարանոցը հայտնի է եղել իր քաջագործություններով, ու թշնամին երբեք ոտք չի դրել Ավետարանոց։

Գլխավոր լուսանկարը՝ Ավետարանոց գյուղի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (1)

TONY MARTIN
Yes there are many monuments at risk in the liberated territories but however much they are damaged, I would bet that the damage will be far less than Armenia caused to the Azerbaijan territory they illegally occupied for 30 years. Such hypocrites the Armenians, no wonder no one listens to their whining any more

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter