HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կանադան «լվանում է ձեռքերը». նա կշարունակի Թուրքիային զենք-զինամթերք վաճառել

Չնայած ապրիլի 12-ին Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարեց, որ իր երկիրը չեղարկում է դեպի Թուրքիա ռազմական արտադրանք արտահանելու թույլտվությունները, որոնք դեռ 2020 թ. աշնանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, կասեցվել էին, ապագա թույլտվությունների վերաբերյալ սահմանափակումներ, կարելի է ասել, չկան:

Միաժամանակ Կանադայի կառավարությունը, կարծես, փորձում է իր արտադրանքի վրայից մաքրել այն արյունոտ հետքը, որ մնացել է թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Սիրիայի, թե՛ Լիբիայի զինված հակամարտություններում թուրքական դրոնների կիրառությունից: Այս հետեւությանն ենք գալիս Կանադայի կառավարության հրապարակած զեկույցից, որը վերաբերում է Թուրքիայի կողմից օգտագործվող կանադական տեխնոլոգիաներին եւ դրանց արտահանմանը:

Պատմությունը կրկնվում է. Սիրիայից՝ Արցախ

Խոսքն այստեղ առաջին հերթին թուրքական «Bayraktar TB2» հարվածային դրոնների վրա կիրառվող դիտարկման եւ թիրախավորման «CMX-15D» համակարգերի մասին է, որոնք արտադրում է կանադական «L3Harris WESCAM» ընկերությունը: Այս տեսախցիկ-համակարգերը կարեւորագույն բաղադրիչ են թուրքական զինտեխնիկայի վրա: Թե՛ այս դրոնները, թե՛, մասնավորապես, դրանց կանադական սենսորները նշանակալի դեր են խաղացել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հօգուտ մեր թշնամիների:

Բայց մինչեւ արցախյան ճակատում կիրառելը թուրքերն այն գործի մեջ էին դրել Սիրիայի քրդերի դեմ: Եվ ահա հաշվի առնելով Թուրքիայի ներխուժումը Սիրիա եւ կանադական սենսորներով աշխատող թուրքական դրոնների կիրառությունը քրդական ուժերի դեմ՝ 2019 թ. աշնանը Կանադան կասեցրել էր Թուրքիայի համար նախատեսված այն ապրանքների արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը, որոնք ներառված են արտահանման վերահսկողության ցանկում (Export Control List. ռազմական նշանակության ապրանքները եւս այս ցանկում են): Այսինքն՝ այս սահմանափակումը չէր տարածվելու արդեն իսկ տրված թույտվությունների վրա, բայց ինքնին մեծ հարված էր Թուրքիային եւ նրա ներկրողներին:

Հղում անելով կանադական մամուլի բացահայտումներին՝ մենք գրել էինք, թե նշված սահմանափակումներից հետո կանադացի պաշտոնյաների հետ ինչ մեծ աշխատանք էին կատարել թուրքական կողմի ու «L3Harris WESCAM»-ի վարձած լոբբիստները:

Արդյունքն այն էր, որ 2020-ի ապրիլին Կանադայի կառավարությունը փոփոխություն կատարեց Թուրքիայի հանդեպ որդեգրած իր քաղաքականության մեջ: Կառավարության զեկույցում, որի մասին սկզբում նշեցինք, պաշտոնապես ասվում է, թե փոփոխության պատճառը եղել է իրավիճակի կայունացումը Սիրիայում, տարածաշրջանային անվտանգությունն ու Կանադա-Թուրքիա երկկողմ հարաբերությունները: Այս հարաբերություններն ունեն թե՛ տնտեսական (Թուրքիան կանադական ռազմամթերքի 4-րդ ներկրողն է աշխարհում), թե՛ ռազմաքաղաքական բաղադրիչ (երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են):

2020-ի գարնանն արված փոփոխությամբ Կանադան որոշեց, որ ռազմական նշանակության արտադրանքը դեպի Թուրքիա արտահանելու թույլտվություն տրամադրելիս ամեն անգամ անհատական մոտեցում կցուցաբերվի՝ հաշվի առնելով նաեւ բացառիկ հանգամանքները, ինչպիսիք են, օրինակ, ՆԱՏՕ-ի փոխգործակցության ծրագրերը, որոնք կարող են արդարացնել դեպի Թուրքիա արտահանում կատարելու նոր թույլտվություն տալը: Իսկ վերահսկման ցանկում ներառված մյուս (ռազմականից բացի) ապրանքները Թուրքիա արտահանելիս յուրաքանչյուր անգամ շարունակելու էր կիրառվել անհատական մոտեցում՝ հաշվի առնելով ռիսկերի գնահատման կանադական համակարգի ու Զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագրի պահանջները:

Կանադական մամուլը գրեց, որ այս փոփոխության հետեւանքով 2020 թ. մայիսին կառավարությունը թույլատրել է «WESCAM»-ի 7 հատ տեսախցիկ-համակարգ արտահանել Թուրքիա: Նույն տարվա հոկտեմբերի 19-ին հայկական բանակն Արցախի երկնքում խոցեց Ադրբեջանի կողմից շահագործվող «Bayraktar TB2»-ը եւ դրա վրայից տարբեր երկրներում արտադրված մասեր առանձնացրեց, այդ թվում՝ կանադական «CMX-15D» թանկարժեք եւ կարեւորագույն համակարգը:

Բայց մինչ այդ՝ 2020 թ. հոկտեմբերի 5-ին, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից արցախյան ճակատում «Bayraktar TB2» դրոնների եւ կանադական տեխնոլոգիաների կիրառության մասին հաղորդագրությունները, Կանադան արդեն կասեցրել էր Թուրքիայի համար նախատեսված ռազմական ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանումների թույլտվությունները եւ հետաքննություն սկսել:

Արտահանումների թույլտվություն տվող Կանադայի համաշխարհային գործերի նախարարությունը (համակարգում է 3 ոլորտ եւ ունի 3 նախարար՝ 1. արտաքին գործերի, 2. միջազգային զարգացման, 3. փոքր բիզնեսի, արտահանման զարգացման եւ միջազգային առեւտրի), որը նաեւ պատրաստել է վերոնշյալ զեկույցը, նշել է, որ 2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թուրքիայի համար նախատեսված ռազմական արտադրանքի արտահանման կասեցված, գործող եւ հաստատման սպասող թույլտվությունների դիտարկում է արվել: Այդ ընթացքում՝ նոյեմբերին, Կանադայի ԱԳՆ Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը (պաշտոնից հեռացել է այս տարվա հունվարին), ի հավելումն հոկտեմբերյան կասեցումների, նոր կասեցումներ է կատարել:

Բայց ինչպես տեղեկանում ենք նախարարության զեկույցից, նույնիսկ այդ պարագայում եղել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվություններ, որոնք մնացել են ուժի մեջ: Այդ արտադրանքը ներառել է օդանավերի համար նախատեսված բաղադրիչներ, ծրագրեր եւ տեխնիկական տվյալներ թռիչքային վարժասարքերի համար, արբանյակային սարքավորումներ, հրազենի բաղկացուցիչ մասեր:

Այսպիսով՝ 2019-ի կասեցումից հետո թուրքական լոբբիի ազդեցության տակ եւ, ըստ էության, ելնելով սեփական տնտեսական ու ռազմաքաղաքական շահերից, 2020-ի գարնանը Կանադան փոփոխություններ կատարեց իր քաղաքականության մեջ, ինչից շահեցին, մասնավորապես, «Bayraktar TB2»-ի արտադրող «Baykar Defence» ընկերությունը, որը հիմնել է Էրդողանի խնամիների՝ Բայրաքթարների ընտանիքը, ինչպես նաեւ վերջիններիս մատակարար կանադական «L3Harris WESCAM»-ը:

Կանադայի համաշխարհային գործերի նախարարությունն իր զեկույցում նշել է, որ կանադական «CMX-15D» համակարգերով զինված «Bayraktar TB2» դրոնների կիրառությունը Արցախում ապացուցվել է: Միաժամանակ կանադական կողմին հայտնի չէ, թե արդյոք կանադական այլ տեխնոլոգիաներ եւս գործածվել են կոնֆլիկտի գոտում: Այն բանից հետո, երբ 2020 թ. հոկտեմբերի 5-ին Կանադան կասեցրել է դեպի Թուրքիա ռազմական արտահանումների թույլտվությունները, վերջինիս խնդրել է ինֆորմացիա տրամադրել պատերազմում կանադական տեխնոլոգիաների ներգրավվածության մասին, սակայն Թուրքիան, որը չթաքցրեց կասեցման վերաբերյալ իր դժգոհությունը, տեղեկություններ չի տվել:

Զեկույցում նշվում է, որ կանադացիները նմանատիպ ինֆորմացիա են խնդրել նաեւ Հայաստանից, բայց վերջինս եւս չի տրամադրել: Այդուհանդերձ, հայկական կողմն էր, որ հոկտեմբերի 19-ին առաջին հստակ ապացույցը ներկայացրեց պատերազմում կանադական սենսորների կիրառության վերաբերյալ:

Իր հերթին արտադրողը՝ «L3Harris WESCAM»-ը, հաստատել է, որ հայկական կողմի տարածած տեսանյութում եւ լուսանկարներում երեւացող սարքը համապատասխանում է իր արտադրանքին: Հաշվի առնելով հայկական ուժերի ձեռքում հայտնված սարքի սերիական համարը՝ արտադրողը նշել է, որ այն Թուրքիա է արտահանվել 2020-ի սեպտեմբերին՝ հիմք ընդունելով 2019-ի սեպտեմբերին տրված թույլտվությունը: Ընդ որում՝ տվյալ «CMX-15D»-ը նախատեսված է եղել թուրքական ռազմածովային ուժերի համար, որոնք պիտի լինեին դրա վերջնական օգտագործողը, բայց Թուրքիան անօրինական ձեւով այս եւ նույնատիպ սենսորներով զինված հարվածային դրոններ է մատակարարել Ադրբեջանին 2020 թ. ամառ-աշուն ժամանակահատվածում:

Պատասխանելով իր իսկ կողմից առաջ քաշված հարցին, թե դեպի Թուրքիա կանադական ռազմական արտադրանքի արտահանումներն արդյոք համապատասխանում են իրենց ներքին օրենսդրությանը եւ միջազգային իրավական պարտավորություններին, նախարարությունը նշել է, թե իբր չկա իրական ռիսկ, որ այդ արտադրանքը կօգտագործվի խաղաղության եւ անվտանգության խաթարման նպատակով կամ էլ միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրության լուրջ խախտումների, ահաբեկչական գործունեության, միջազգային կազմակերպված հանցավոր գործունեության, գենդերային բռնության լուրջ ակտերի իրականացման համար:

Ապրիլի 12-ին Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյի հայտարարած չեղարկումը վերաբերում է այն թույլտվություններին, որոնք կասեցվել էին նախորդ աշնանը: Բայց ինչպես նշեցինք, ուժի մեջ են մնացել ավիացիային, արբանյակներին ու հրաձգային զենքին առնչվող մի շարք թույլտվություններ: Սրանց վերաբերյալ կանադական գերատեսչությունն իր զեկույցում նշել է, թե որեւէ պատճառ չկա ձեռնարկելու քայլեր ռազմական արտադրանքի արտահանման այն թույլտվությունների հանդեպ, որոնք ուժի մեջ են եւ նախատեսված են Թուրքիայի համար:

Մյուս կողմից՝ կանադական զեկույցում ասվում է, թե չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականության որոշ ասպեկտների մասով մտահոգություններ ու ռիսկեր կան, ռազմական նշանակության արտադրանքի արտահանումը դեպի Թուրքիա պետք է շարունակվի անհատական հիմունքներով, այսինքն՝ յուրաքանչյուր անգամ պետք է հաշվի առնվեն կոնկրետ հանգամանքները, ինչպես որ կառավարությունը որոշել էր 2020-ի ապրիլին:

Սա նշանակում է, որ ինչպես Սիրիայում թուրքական ագրեսիայից հետո Կանադան զիջումների գնաց սահմանափակումների հարցում, այնպես էլ հիմա է դա անում՝ բավարարվելով 2020-ի աշնանը կասեցված թույլտվությունները չեղարկելով, ինչը չի տարածվում ապագա թույլտվությունների վրա:

Զենք չեն վաճառում, այլ «ընդամենը» դրա մի մասը

Հաստատելով, որ թուրքական արտադրության ԱԹՍ-ների վրա տեղադրվող կանադական տեսախցիկ-համակարգերը կիրառվել են Ադրբեջանի կողմից, այսինքն՝ Թուրքիան խախտել է դրանց վերջնական օգտագործման վերաբերյալ իր պարտավորությունը՝ Կանադայի կառավարությունն աչք է փակել այդ հանգամանքի վրա ու նշել, թե Զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագրով արգելվում է ոչ թե կոնկրետ մասերի ու բաղադրիչների, այլ հենց զենքի (այս դեպքում՝ դրոնի) հանձնումը երրորդ կողմի: Ըստ կանադական կողմի՝ այս պարագայում սենսորների մատակարարումը շարունակելը միջազգային պայմանագրի խախտում չէ:

Ըստ կանադացիների՝ իրենց արտադրանքը խաղաղ բնակչության կամ քաղաքացիական օբյեկտների դեմ չի կիրառվել

Զեկույցում Կանադայի համաշխարհային գործերի նախարարությունը նշել է, թե Թուրքիային առաքված ռազմական ապրանքներն ու տեխնոլոգիաները չեն խաթարում խաղաղությունն ու անվտանգությունը ազգային եւ տարածաշրջանային մակարդակով:

Կանադացիների համոզմամբ՝ արտահանումները չեն խախտում նաեւ մարդասիրական եւ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային օրենսդրությունը: Այս առումով կանադական կողմը նկատում է, թե չնայած Թուրքիան կանադական համակարգերով զինված դրոններ է մատակարարել Ադրբեջանին, այդ ԱԹՍ-ները զգալի կորուստներ են հասցրել հայկական զրահապատ մեքենաներին, հրետանային մարտկոցներին ու անձնակազմին, եւ չկա հավաստի ապացույց առ այն, որ Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներն օգտագործվել են մարդասիրական եւ մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը խախտելու կամ դրան նպաստելու համար, այսինքն՝ կանադացիները կարծում են, որ իրենց արտադրանքը չի կիրառվել խաղաղ բնակիչների ու քաղաքացիական օբյեկտների դեմ:

Կանադական խորհրդարանի զեկույցը՝ ռազմական առաքումների թույլտվությունների մասին   

Դեպի Թուրքիա ռազմական արտահանումների թույլտվությունները քննարկման առարկա էին դարձել նաեւ Կանադայի խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատում, որի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը համապատասխան զեկույց է կազմել հունիսին: Խորհրդարանին իրենց դիտարկումներն են ներկայացրել նաեւ տարբեր փորձագետներ, այդ թվում 2 հայ իրավաբան՝ Անաիս Կադյանն ու Էմիլի Կոկմանյանը:

Իր զեկույցում Համայնքների պալատի հանձնաժողովը նշել է, որ զենք-զինամթերքի արտահանման թույլտվությունները պետք է տրվեն կանադական եւ միջազգային օրենսդրության շրջանակներում: Միաժամանակ, ըստ զեկույցի, կառավարությունը պետք է ուշադիր հետեւի կանադական զենքի եւ տեխնոլոգիաների վերաբերյալ քաղաքացիական հասարակության եւ անկախ փորձագետների բարձրացրած մտահոգություններին եւ անհապաղ համապատասխան քայլեր ձեռնարկի, ու եթե հետաքննությունը ցույց տա, որ արտահանման թույլտվությունները նշանակալի ռիսկ են պարունակում ազգային ու միջազգային օրենսդրությունը խախտելու տեսանկյունից, ապա թույլտվությունները պետք է կասեցվեն եւ/կամ չեղարկվեն: Ըստ խորհրդարանական հանձնաժողովի՝ կառավարությունը պետք է մտածի, թե վերահսկողության ինչ ավելի խիստ միջոցներ պետք է ներառի զենք-զինամթերքի վերջնական օգտագործման պայմանները սահմանող փաստաթղթերում (ինչպես նշեցինք, թուրքական կողմը, խախտելով իր այդ պարտավորությունը, կանադական սենսորներով զինված դրոնները փոխանցել է ադրբեջանցիներին):

Միաժամանակ Համայնքների պալատի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը կառավարությանը խնդրել է համապարփակ պատասխան ներկայացնել զեկույցին:

Լուսանկարներում՝ հոկտեմբերի 19-ին հայկական ուժերի կողմից Արցախի երկնքում խոցված թշնամական «Bayraktar TB2» դրոնը եւ դրա կանադական սենսորը  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter