
Հունիսին տնտեսական ակտիվությունը 8%-ով աճել է
2021 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8%-ով աճել է: Ցուցանիշն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ): Նախորդ ամիսներին գրանցված 12-ամսյա աճի (տվյալ ամսվա աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ) տվյաները ցույց են տալիս, որ ապրիլին գրանցված բարձր տեմպից հետո մայիս-հունիսին այն թուլացել է:
Ինչպես նշել ենք, ապրիլին գրանցված 23.2% աճն առավելապես բազային էֆեկտով էր պայմանավորված:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 1.3%-ով, առևտրաշրջանառությունը՝ 10.3%-ով, ծառայությունների ծավալը՝ 12%-ով, շինարարությունը՝ 1.3%:
5% աճ՝ կես տարվա կտրվածքով
Այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով՝ հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5%-ով:
Ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 10.8%-ով, որը հիմնականում պայմանավորված է մարտին և ապրիլին գրանցված աճերով: Դրա հիմքում էլ իր հերթին բազային էֆեկտն էր: 2020-ին հունվար-ապրիլին շինարարությունն ամենաշատ տուժած ոլորտներից էր:
Արդյունաբերության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է արտադրանքի ծավալի 2.1% աճ, առևտրի ոլորտում՝ 8%, գյուղատնտեսության ոլորտում՝ 6.8% և ծառայությունների ոլորտում՝ 2.7%:
Արտահանումն ավելի արագ է աճել, քան ներմուծումը
2021 թվականի հունվար-հունիսին Հայաստանն արտաքին աշխարհի հետ մոտ 3.572 մլրդ դոլարի առևտուր է արել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 13.4%-ով:
Մասնավորապես, արտահանումը կազմել է մոտ 1.380 մլրդ դոլար՝ աճելով 23.3%-ով: Այստեղ մեծ դեր է խաղացել պղնձի գնաճը:
Միևնույն ժամանակ, ներմուծումն աճել է 7.9%-ով՝ 2.192 մլրդ դոլարով:
Մեկնաբանել