HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Հայաստանը հայելային արգելք չի դրել

Թուրքիան 2020 թ. սեպտեմբերից արգելում է հայկական գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք, սակայն դա անում է առանց հիմնավորման:

Նշենք, որ մեր երկրում գրանցված բոլոր քաղաքացիական օդանավերը կրում են ICAO-ի կողմից հաստատված ՀՀ ազգային նիշը՝ EK: Իսկ պետական ոչ ռազմական օդանավերի վրա գրվում է «Հայաստան» (Armenia) կամ «Հայաստանի Հանրապետություն» (Republic of Armenia): Օգոստոսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է 19 քաղաքացիական օդանավ եւ 1 պետական օդանավ, որը կառավարական բորտն է:

Քաղավիացիայի եւ պետական ոչ ռազմական ավիացիայի վերահսկող մարմինը ՀՀ քաղավիացիայի կոմիտեն է: Վերջինիս հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ինչ արգելքներ են գործել հակամարտող կողմերի օդային տարածքներում միմյանց հանդեպ:

Այսպիսով՝ կոմիտեն հայտնել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մասնակից դարձած Թուրքիայի կողմից որեւէ աերոնավիգացիոն տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակվել հայկական գրանցումով (EK) օդանավերի մուտքը իր երկինք արգելելու մասին, սակայն 2020 թ. սեպտեմբերի 9-ից, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի ու Հայաստանի դեռ պատերազմ չէր սանձազերծել, հայկական գրանցումով օդանավերի թռիչքները մեր արեւմտյան հարեւանի օդային տարածքով արգելվել են՝ առանց հիմնավորման: Այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 9-ից Թուրքիան Հայաստանի տարածքը շրջափակել է ոչ միայն ցամաքից, այլեւ օդից՝ ցույց տալով իր ակնհայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց պաշտոնապես չի ծանուցել արգելքի մասին:

Չհայտարարված արգելքի փաստացի կիրառումը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիան մերժել է հայկական օդանավ շահագործողների հարցումները իր երկնքով թռիչքներ կատարելու վերաբերյալ: Առաջին մերժումը եղել է սեպտեմբերի 9-ին, ապա՝ նույն ամսվա 18-ին, 25-ին եւ 2021 թ. մարտի 19-ին ու 23-ին:

Քաղավիացիայի կոմիտեն նշում է, որ համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան, ինչպես ասվեց, նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակել: Այսինքն՝ թղթի վրա արգելք չկա, բայց իրականում կիրառվում է:

ՔԱԿ-ի փոխանցմամբ՝ վերջին անգամ Թուրքիան իր երկնքով հայկական քաղաքացիական օդանավի թռիչքի թույլտվություն տվել է 2020 թ. օգոստոսի 29-ին, ինչից հետո բոլոր հարցումները մերժել է:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական միակ ինքնաթիռին, ապա անցյալ տարվա հուլիսի 24-ին Թուրքիան մերժել է այս օդանավի տարանցիկ (տրանզիտ) տեխնիկական թռիչքը, եւ այս նախադեպից հետո ՀՀ պետական օդանավի թռիչքներն այլեւս Թուրքիայի տարածքով չեն պլանավորվում, այսինքն՝ 2020 թ. ամառվանից Հայաստանի կառավարական բորտը այլ երկրներ մեկնելիս շրջանցում է Թուրքիայի օդային տարածքը:

Բայց կոմիտեի պատասխանների ֆոնին պիտի նշենք, որ այս տարվա փետրվարի 20-ին հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության «Boeing 737-300» ինքնաթիռը (գրանցումը՝ EK-FAA) բուլղարական Վառնայից Թուրքիայի տարածքով թռել էր դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այսինքն՝ փաստացի Թուրքիայի օդով տարանցիկ թռիչք է եղել, այլ հարց է, թե ինչպես է դա տեղի ունեցել, ինչպես է Թուրքիան թույլատրել չվերթը: Հիշեցնենք, որ խոսքը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից դեպի ուկրաինական Գոստոմել թռիչքի իրավունք ունեցող օդանավի մասին է, որը, սակայն, փետրվարի 19-ին անօրինական ձեւով Տալլինից թռել էր դեպի Վառնա, իսկ հաջորդ օրը նույնկերպ հայտնվել Իրանում: «Fly Armenia Airways»-ում այս առումով եւս զարմացած են:   

Իմիջիայլոց, որեւէ երկրի օդային տարածքի օգտագործումը վճարովի է (օդանավի աերոնավիգացիոն սպասարկման վճար ըստ անցած կիլոմետրերի), այլ կերպ ասած՝ որքան մեծ է օդանավերի հոսքը տվյալ պետության երկնքում, այնքան շահում է այդ պետությունը:

ՔԱԿ-ին հարցրել էինք, թե արդյոք թուրքական արգելքին ի պատասխան հայկական կողմը հայելային ձեւով արգելել է այս երկրի ազգային նիշով (TC) օդանավերի մուտքը մեր երկինք, եւ եթե ոչ, ապա ինչու: Կոմիտեն պատասխանել է, որ ինքն արգելքներ չի սահմանել՝ ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով առ այն, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ:

Հայտնի է նաեւ, որ հայկական եւ ադրբեջանական (4K) գրանցումով օդանավերը միմյանց երկինք չեն մտնում, բայց ՔԱԿ-ը նշում է, որ երկու ավիացիոն իշխանությունների կողմից միմյանց նկատմամբ սահմանված չեն արգելքներ իրենց օդային տարածքը օգտագործելու համար: Կոմիտեն նկատել է, որ օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին: Այսինքն՝ ավիաընկերություններն են որոշում յուրաքանչյուր թռիչքի երթուղին: Ըստ ՔԱԿ-ի՝ ադրբեջանական գրանցումով օդանավերը ՀՀ երկինք չեն մտել 2014 թվականից, իսկ հայկական օդանավերը չեն օգտագործում այդ երկրի օդային տարածքը, քանի որ դրա ուղղությամբ (դեպի արեւելք) թռիչքների պահանջարկ չկա:

Մեկնաբանություններ (1)

HAGOP
WHAT CAN YEREVAN DO???? IT HAS NO POWER! NO MONEY! NO MILITARY! WHEN 30 YEARS ARMENIA INDEPENDENT AND CORRUPT PERSONS STEAL BILLIONS OF DOLLARS INSTEAD TO MAKE COUNTRY RICH AND STRONG, ARMENIA WILL ALWAYS BEG OTHER COUNTRIES FOR HELP BECAUSE IT IS LIKE LITTLE BABY. WHEN ARMENIAN PEOPLE WAKE UP???????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter