HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տիգրան Աբրահամյան. «Իշխանությունը փորձելու է մաքրել Փաշինյանին և պատասխանատվության հիմնական բեռը թողնել ԶՈՒ-ի վրա»

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին է, որ գործող խորհրդարանը մարդկային փոխհարաբերությունների առումով ամենահարմար միջավայրը չէ, որտեղ կարելի է աշխատել:

«Նաև պետք է նկատի ունենալ, որ պատերազմը նոր է ավարտվել, հետևանքները տարիներ շարունակ զգալու ենք ամենատարբեր դրսևորումներով, և բնական է, որ այս իշխանությունը, լինելով պարտության գլխավոր պատասխանատուն և մեղավորը, հազարավոր զոհերի, վիրավորների, տարածքային մեծ կորուստների… Իրենց հետ մի միջավայրում գտնվելը մարդկային առումով ոչ այնքան դուրեկան է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց առաջին անգամ պատգամավոր ընտրված Աբրահամյանը: Նրա խոսքով` խորհրդարանում իր աշխատանքի առաջնահերթությունը նվիրված է լինելու Արցախին և անվտանգության հարցերին: 

Իշխանությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է ստեղծել արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով, չնայած այդպես էլ չհանրայնացվեց ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի զեկույցը: Անդրադառնալով այս հարցին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այդ հանձնաժողովը այդպես էլ հանրությանը հուզող հարցերի պատասխանները չտվեց, չնայած ստեղծվել էր հենց այդ հիմնավորմամբ, որ հանրությունը հարցեր ունի:

«Երբ հանձնաժողովի աշխատանքները ավարտվեց, պարզ դարձավ, որ չի հանրայնացվելու իր աշխատանքը, մնալու է խորհրդարանական պատերի մեջ»,- ասում է Աբրահամյանը` մտահոգություն հայտնելով, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ նաև դեռ չստեղծված հանձնաժողովը:

Ըստ մեր զրուցակցի` մյուս խնդիրն այն է, որ հանձնաժողովի ներսում դրվելու են արգելքներ` որոշակի տեղեկություններ հանրայնացնելու համար, սակայն հանձնաժողովի իշխանական նախագահը իր համար նպատակահարմար ձևով կարող է կիսատ-պռատ, կոնտեքստից կտրված ինֆորմացիա փոխանցել` օգտագործելով այն քաղաքական մրցակիցների դեմ:

«Ակնհայտ է, որ իշխանությունը փորձելու է «մաքրել» Նիկոլ Փաշինյանին և պատասխանատվության հիմնական բեռը թողնել զինված ուժերի, առանձին հրամանատարների, ժամկետայինների, պահեստազորի վրա»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր՝ շատ դեպքերում գեներալների խոսակցությունը մոդերացիա է իրականացրել և սեփական կարծիք չի հայտնել, Աբրահամյանը հիշեցրեց, որ Սահմանադրութամբ հստակ ամրագրված է, թե ինչ անելիք ունեն զինված ուժերը, ինչ` պետական կառավարման համակարգը:

«Զինված ուժերի խնդիրը մարտ վարելն է, բայց ամբողջական մատարակարարումը` սկսած լրացուցիչ հավաքների կազմակերպումից, սպառազինության լրացուցիչ հայթայթումից, արտերկրից Հայաստան մատակարարումից մինչև կազմակերպչական հսկայական հարցեր, դրված են իշխանության վրա»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Այս պահին դեռ պարզ չէ՝ ընդդիմադիր երրորդ խմբակցությունը մաս կկազմի նորաստեղծ հանձնաժողովին, թե ոչ: Երբ իշխանությունից պաշտոնապես առաջարկ լինի, կքննարկեն, նաև կդիտարկեն այն գործիքակազմը, որն ունենալու է ընդդիմությունը, ապա որոշում կկայացնեն:

Աբրահամյանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ պատերազմի ժամանակ շատ ՏԻՄ ղեկավարներ վարչապետի հորդորով ջոկատ են կազմել ու մեկնել սահման:

«Պետական կառավարման համակարգի բոլոր օղակներում կան խաղաղ պայմաններից գաղտնիության ռեժիմի անցնելու համար համապատասխան թղթապանակներ: Ես ենթադրում եմ, որ ՏԻՄ շատ ղեկավարներ կամ չեն կարդացել այդ թղթապանակները կամ կարդացել ու խուսափել են դրանք կատարելուց: Նրանք վարչապետի հրահանգով մտել են մի պրոցեսի մեջ, որտեղ հաջողություն գրանցելը շատերի համար, բնականաբար. հնարավոր չէր»,- ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա` շատ հեշտ է որակումներ տալ և հայտարարելը, որ այսինչը փախավ, այնինչը դասալիք է, սակայն հարց է, թե որն է եղել պետության դերակատարումը պատերազմի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter