HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ովքեր են ավիավառելիք ներմուծում Հայաստան

Հայաստանը ավիավառելիք է ներմուծում Իրանից, Հունաստանից, Ռումինիայից, նախկինում՝ նաև Թուրքիայից:  

2020 թվականին Հայաստանը 37 հազար տոննա ավիավառելիք է ներմուծվել, որի մաքսային արժեքը կազմել է մոտ 21 մլն դոլար: 2019 թվականի համեմատ ներմուծված ավիավառելիքի քանակը կրճատվել է մոտ 31 հազար տոննայով կամ 45%-ով, իսկ արժեքը 32 մլն դոլարով կամ 61%-ով: 

Պետական եկամուտների կոմիտեից «Հետքին» տրամադրված տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիներին առավել մեծ ծավալով ավիավառելիք է (վառելիք ռեակտիվ շարժիչների համար) ներմուծվել  2019 թվականին՝ մոտ 68 հազար տոննա: 2020 թվականին գրանցված կտրուկ անկումը, ըստ էության, մեծապես պայմանավորված է ՔՈՎԻԴ-19  համավարակի տարածման հետևանքով ավիափոխադրումների կրճատմամբ, և հետևաբար, ավիավառելիքի պահանաջարկի նվազմամբ:

Հայաստանը ավիավառելիք է գնում Իրանից, Հունաստանից, Ռումինիայից և մինչև այս տարի թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ուժի մեջ մտնելը՝ նաև Թուրքիայից: 

2020 թվականին ներմուծված ավիավառելիքի 36%-ը Հունաստանից է, 32%-ը` Իրանից, 21%-ը` Թուրքիայից և 11%-ը՝ Ռումինիայից:

Ինֆոգրաֆիկան առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab)

«Արմենիա»  միջազգային օդանավակայաններ», «Մաքս օիլ», «Կար պետրոլ». ավիավառելիքի խոշոր ներմուծողները 

2020 թվականին վեց կազմակերպություն է ավիավառելիք ներմուծել Հայաստան: Առաջին երեք խոշոր ներմուծողներն են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, «Մաքս օիլ» և «Կար պետրոլ» ՍՊ ընկերությունները: 

Ինչպես մնացած շուկաների, այնպես էլ այս շուկայի պարագայում պետական մարմինները տնտեսվարողների զբաղեցրած տեսակարար կշիռների վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրում՝ դրանք համարելով առևտրային գաղտնիք: 

Սակայն, ավիավառելիքի շուկայի պարագայում պարզ է, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը բացարձակ առաջատարն է, որը ներմուծում է քաղաքացիական ավիացիայի համար անհրաժեշտ վառելիքը: 

 «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն կառավարում է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները: Ընկերությունը պատկանում  է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Այս տարվա հուլիսի 21-ի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանը և էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը։ Թեև պետական ռեսգիտրում ՓԲԸ-ների բաժնետերերը ներկայացված չեն, սակայն մեր ստացած տվյալներով՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը  գրնացված է ոչ թե հենց Էռնեկյանի, այլ՝ նրան փոխկապակցված անձանց անուններով: 

Ավիավառելիքի մյուս ներմուծող «Մաքս օիլ» ՍՊԸ-ին արդեն առիթ ենք ունեցել անդրադառնալու բենզինի և դիզելային վառելիքի շուկայի մասին մեր ուսումնասիրության մեջ: Ըստ պետական ռեգիստրում գրանցված տվյալների՝ ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին և պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին: Ըստ Մտավոր սեփականության գործակալության՝ Max Oil ապրանքային նշանի իրավատերը «Մաքս օիլ» ՍՊԸ-ն: Վերջինս փոխկապակցված է բենզինի խոշոր ներմուծող «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ին:

Նրանց է փոխկապակցված 2002 թվականին գրանցված «Կամօյլ» ՍՊ ընկերությունը, որը ավիավառելիք է ներմուծել Հայաստան 2021 թվականի առաջին եռամսյակում: «Մաքս օիլ»-ի տնօրենը Կամո Մելքոնյանն է: Նա նաև «Կամօյլ» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է: Այսպիսով, ավիավառելիք ներմուծող առնվազն երկու ընկերություն փոխկապակցված են Հարություն Փամբուկյանին: 

Հաջորդ ներմուծողը «Կար պետրոլ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի հունիսին: «Կար պետրոլ»-ի սեփականատերերն են Կարեն Աշոտի Ճաղարյանը՝ 75% բաժնեմասով և Դավիթ Գարեգինի Կիրակոսյանը՝ 25% բաժնեմասով: Կարեն Ճաղարյանը նաև ընկերության տնօրենն է: Կարեն Ճաղարյանի եղբայրը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախկին անդամ Էդգար Ճաղարյանն է, ով ժամանակին աշխատել է նաև պաշտպանության նախարարության համակարգում: «Հետքը»-ը այս տարվա ապրիլին գրել է, որ Պաշտպանության նախարարությունը 2020 թվականին 1.8 միլիարդ դրամի դիզելային վառելիք և ավիացիոն կերոսին է գնել «Կար պետրոլ»-ից: 

Ավիավառելիքի մյուս ներմուծողը «Վի էյ վի օիլ» ՍՊԸ-ն է: Ընկերությունն անվանափոխվել է 2019 թվականի օգոստոսին, մինչ այդ կոչվում էր «Աբիտ» ՍՊԸ:   

«Աբիտը» նախկինում փոխկապակցված էր  հայ երբեմնի խոշոր օլիգարխներից մեկին՝ Միխայիլ Բաղդասարովին:  Ընկերությունը Արարատի մարզի Սուրենավան գյուղում բացված բիտումի (լատ․՝ bitumen – լեռնային ձյութ) գործարանի հիմնադիրներից է եղել:  Բաղդասարովի բիզնես կայսրության փլուզումից հետո գործարանն անցել է «Ռոսնեֆտ»-ին:

Իսկ 2017 թվականից, երբ Բաղդասարովին փոխկապակցված ընկերությունները արդեն բաժնեմաս չունեին «Աբիտը»-ում,  ընկերության երկու համասեփականատերից մեկն ու արդեն 2018 թվականի սեպտեմբերից միակ սեփականատերը Վահե Կոլյայի Խաչատրյանն է դարձել: 2019 թվականի օգոստոսից ընկերությունը անվանափոխվել է «Վի էյ վի օիլ» ՍՊԸ-ի: «Վի էյ վի օիլ» ընկերությունը և Վահե Խաչատրյանը գրանցված են Երևանի կենտրոնում գտնվող նույն հասցեում: Վահե Խաչատրյանը որևէ այլ ընկերությունում բաժնեմասեր չունի:

Ուշագրավ է, որ մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերից մեկում, որտեղ «Վի էյ վի օիլ» ընկերությունը Իրանից ռեակտիվ շարժիչի վառելիքի ներկրման համար համապատասխանության հայտարարագիր է ներկայացրել էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին», որպես կոնտակտներ նշել է Հարություն Փամբուկյանին պատկանող «Մաքսհուր» ընկերության էլեկտրոնային հասցեն և մեկ հեռախոսահամար, որին պատասխանող անձը մեզ հետ զրույցում ներկայացավ որպես «Մաքս օիլ» ընկերության տնօրեն: Վերջինս հերքեց, թե «Վի էյ վի օիլ»-ը որևէ կերպ փոխակապակցված է «Մաքս օիլ»-ին կամ «Մաքսհուր»-ին: 

Այնուամենայնիվ, չի բացառվում, որ ընկերությունն իսկապես կապ ունի Հարություն Փամբուկյանի բիզնեսների հետ: Սակայն, ռեգստրի փաստաթղթերով այդ կապը որևէ կերպ չերևաց:

Ավիավառելիքի մյուս ներմուծողը «Նեսթ կապիտալ» ՍՊԸ-ն է: Հիմնադրվել է 2018 թվականին: Տնօրենը և սեփականատերը Միքայել Ռաֆայելի Օհանյանն է: Այս ընկերությունը հայտնի է առավելապես NEST բոնուս քարտերով, որի ապրանքանիշով ցուցանակներ կարելի է տեսնել բենզալցակայններից շատերում: 

Ավիավառելիքի մյուս ներմուծողը «Փետրոյլստար» ՍՊԸ-ն է: Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերին և գրանցվել է որպես դիզելային վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպություն, սակայն, երկար կյանք չի ունեցել. ներկայում գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: Մեզ հետ հեռախոսազրույցում ընկերությունից հայտնեցին, որ ներկայում չեն աշխատում: 2020 թվականին ոչ մեծ քանակությամբ ներմուծել են վառելիք ռեակտիվ շարժիչի համար, սակայն թե ինչ նպատակով՝ չնշեցին: 2021 թվականին ներմուծում չեն իրականացրել: Այս մասին են վկայում նաև Պետական եկամուտների կոմիտեի տվյալները: 

2021 թվականի առաջին եռամսյակում ավիավառելիքի խոշոր ներմուծողներն են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ», «Վի էյ վի օիլ» և «Կար պետրոլ» ընկերությունները: Ներմուծողների ցանկում նաև «Մաքս օիլ» և «Կամօյլ» ընկերությունները:  «Նեսթ կապիտալ»-ը և  «Փետրոյլստար»-ը առաջին եռամսյակի ներմուծողների ցանկում չկան: 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter