
Ակտիվիստները հուսով են, որ անարդարության, ագահության ու անպատժելիության թաղումը կտա իր արդյունքը (լուսանկարներ)
Երեկ Մաշտոցի պուրակում անսովոր արարողություն էր` լացուողբ, թաղման թափոր, մահախոսականներ, մեխակներ. բնապահպան-ակտիվիստների խոսքերով` ինքնորոշված քաղաքացիները վերջին հրաժեշտն էին տալիս Օլիկ Գարխյանին` հայաստանյան օլիգարխիայի հավաքական կերպարին:
Եվ, քանի որ «հանգուցյալը» հասարակ քաղաքացի չէր, նրան ուղեկցող երաժշտությունն էլ հատուկ էր. ավանդական դուդուկին փոխարինել էին թմբուկները: Հուղարկավորները «մահացածին» վերջին անգամ պտտեցրեցին նրան հարազատ վայրերով. եղան կառավարության, դատախազության շենքերի մոտ, Հյուսիսային պողոտայում: Օլիկի վերջին հանգրվանը Մաշտոցի պուրակն էր, ուր և «կառուցվեց» նրա դամբարանը: Հոգեհացին մատուցվեցին ոչ ոգելից խմիչք ու բուսական ուտեստներ, որոնք այնքան խորթ էին եղել հանգուցյալի որկորին: Հավանաբար դա էր պատճառը, որ նրա որովայնի մեջ բազմաթիվ խորովածի շշեր մխրճեցին:
Իսկ իրականում օլիգարխի կերպարը վաղուց ապրում էր այգում: Նրա ձնե քանդակը պուրակի սիմվոլներից էր նստացույցի ցուրտ օրերին: Այսօր այն փոխարինվեց պենոպլաստե մումիայով:
Ըստ ակտիվիստներին՝ օլիգարխիայի անպատժելիությունն է պատճառը, որ հանրային տարածքում առևտրի կրպակներ են կառուցվում, և այդ նույն օլիգարխիան է ընդդիմանում դրանց ապամոնտաժման քաղաքացիական պահանջին:
«Շատ լուրջ ուղերձ ուներ այս միջոցառումը,- ասում է ակտիվիստ Անահիտ Մուշեղյանը,- նշել, որ ինքնորոշված քաղաքացին Օլիկ Գարխյանի հետ միասին հուղարկավորում է նաև անարդարությունը, ագահությունը, անպատժելիությունը, հարկերից խուսափելը և այլն: Հուսով ենք, որ այն իր արդյունքը կունենա»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել