HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Գոլդեն փելիս» հյուրանոցի գինը 2.2 մլն դոլարով նվազել է․ գնորդ չկա

Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած և պետության սեփականությունը դարձած «Գոլդեն փելիս» հյուրանոցի վաճառքի գինը 2.2 միլիոն դոլարով նվազել է։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող հյուրանոցի շենքը պետությանը նվիրել էր Արմեն Ավետիսյանը 2019 թ.-ի սեպտեմբերին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից «Հետք»-ը հետաքրքրվել է, թե որ փուլում է հյուրանոցի օտարման գործընթացը։

Հյուրանոցային համալիրը, որն ունի 19 հազար 758 քառակուսի մետր մակերես շենք-շինություն և 1.3 հեկտար հողատարածք, մեկ լոտ օտարելու համար կազմակերպվել է 6 աճուրդ։ Աճուրդներում այդպես էլ չի վաճառվել գույքը, քանի որ գնորդ չի հայտնվել։

Կառավարությունը հյուրանոցը նվեր ընդունելուց երկու ամիս անց՝ 2019 թ.-ի նոյեմբերին, աճուրդի է հանել 7 միլիարդ 526 միլիոն դրամով։ Հաջորդիվ կազմակերպված 5 աճուրդները տեղի են ունեցել 2020 թ.-ին, բայց այդպես էլ գնորդ չի հայտնվել։ Արդյունքում հյուրանոցի մեկնարկային գինը 7.526 միլիարդ դրամից նվազել է և դարձել է 6 միլիարդ 452 միլիոն 996 հազար 757 դրամ։ Սկզբնական գնից այն պակաս է 1 միլիարդ 73 միլիոն 461 հազար 43 դրամով։ Այն համարժեք 2 միլիոն 208 հազար ԱՄՆ դոլարի (486 դրամ-1 դոլար միջին փոխարժեքով)։ Ուշագրավ է, որ 2021 թ.-ին հյուրանոցն այլևս աճորդի չի հանվել, աճուրդներ չեն կազմակերպվել։

Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Մարո Մարգարյանը մեզ հայտնել է, որ գույքը ձեռք բերելու նպատակով կոմիտե են դիմել տարբեր սուբյեկտներ, սակայն բանակցությունների արդյունքում նրանց կողմից որևէ վերջնական առաջարկ չի արվել։ Հյուրանոցն ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու նպատակով էլ որևէ հստակ ներդրումային ծրագիր չի ներկայացվել Պետական գույքի կառավարման կոմիտե։

«Գոլդեն փելիս» հյուրանոցի պահպանման համար «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի մեկ աշխատակցի մինչ օրս վճարվել է 2 միլիոն 630 հազար դրամ։ Քաղաքացիաիրավական պայմանագրերով էլ հյուրանոցի պահպանման ծառայություններ մատուցելու համար ծախսվել է 995 հազար 469 դրամ։

Կորոնավիրուսի բռնկման ժամանակ հյուրանոցում բնակվել են մեկուսացված անձինք, իսկ 2020 թ.-ի պատերազմից հետո տեղահանված արցախցի ընտանիքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter