HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանը չի կալանավորվի

Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանը չի կալանավորվի։ Այս մասին հայտնում է Յոլյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, մերժել է Յոլյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այսպիսով, Գորիսի համայնքապետարանից առանձնապես խոշոր չափի գումար վատնելու մեջ մեղադրվող 4 անձանցից կալանավորվեց միայն փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։ Մյուս երեք մեղադրյալները, որոնք կանայք են, կմնան ազատության մեջ։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի՝ փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը և «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի անդամները քաղաքացիների՝ սոցիալական աջակցություն ստանալու վերաբերյալ համայնքապետարան ներկայացված 115 դիմում չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման, այլ առաջնորդվելով Գորիսի համայնքապետի հորդորով՝ սոցիալական աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձանց դիմումներն ամեն կերպ բավարարելու և գումար վճարելու շահադիտական դրդումներով, կամայական ձևով և խմբային շահերից ելնելով՝ 2021թ. հունիսի 9-ին կազմել են սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրություն, որով դիմումներին տրվել է դրական եզրակացություն, մինչդեռ 61 բնակչի կողմից ներկայացված դիմումներն ակնհայտ ենթակա չեն եղել բավարարման:

Ըստ Իրինա Յոլյանի մեղադրանքի՝ վերջինս կայացրել է հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած՝ Գորիս համայնքի նշված 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում, համաձայն որի՝ համայնքի բյուջեից ելքագրված 6 մլն 130 հազար դրամից 3 մլն 630 հազար դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 61 բնակչի, ովքեր, ըստ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածի, չեն հանդիսացել դրամական աջակցություն ցուցաբերելու շահառուներ, այսինքն՝ գտնվել են սոցիալապես ոչ անապահով վիճակում կամ ունեցել են հարկային պարտավորություններ համայնքի բյուջեի նկատմամբ, որոնք ակնհայտ բացառող հանգամանքներ են եղել նշված անձանց դրամական աջակցություն տրամադրելուն:

Մեզ հետ զրույցում Յոլյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն, ի թիվս այլ հանգամանքների, նշել է, որ «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի դրական եզրակացության առկայության պայմաններում Յոլյանը չուներ պարտականություն այն ստուգելու, ուստի կայացրել է դիմում ներկայացրած քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում։ Նշենք, որ այսօր դատավորներ Տաթևիկ Գրիգորյանը և Մեսրոպ Մակյանը քննել և մերժել են համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոպչունցին և Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունները, իսկ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter