HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մարզպետարանների որդեգրած սկզբունքը՝ համայնքներում չնկատել էականը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հաստատած տարեկան ծրագրի համաձայն՝ Արարատի մարզպետարանն այս տարվա առաջին կիսամյակում մասնագիտական հսկողություն է իրականացրել Արարատի մարզի 20 համայնքում: Այս հրապարակման համար առանձնացրել ենք չորս համայնք,  որոնց առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ հրապարակումներ են եղել «Հետք»-ում: Դրանք տասնամյակների վաղեմություն ունեն և լուծում չեն ստանում, որովհետև մարզպետարանները, սովորաբար, համայնքներում չեն նկատում ամենակարևորը: 

Մարզպետարանների իրականացրած իրավական հսկողության արդյունքները փաստում են, որ այդ գործառույթի նպատակն ամենևին համայնքներում առկա հիմնախնդիրները վեր հանելը չէ: Դրանում կարելի է համոզվել իրավական հսկողության արդյունքները համեմատելով լրատվամիջոցների հրապարակումների հետ: Արձանագրելու դեպքում մարզպետարանները պարտավորված են լինելու կառավարության հետ միասին լուծումներ փնտրելու դրանց: Ընդ որում, հենց Կառավարությունն է խրախուսում մարզպետարաններին այդպիսի քաղաքականություն որդեգրել: Ուստի, հանձնաժողովները շարունակում են ձևական թղթաբանություն վարել և կենսական կարևորության հարցերը շրջանցելու հարուստ փորձը փոխանցել հաջորդներին:

Այգավան համայնքին գումար չտրամադրեցին խմելու ջուր ունենալու համար

Արարատի մարզի Այգավան համայնքը 25 տարուց ավելի է, ինչ խմելու ջուր չունի: Գյուղի 1300 տնային տնտեսություն խմելու ջուրը վերցնում է գուղի վերջնամասում գտնվող միակ աղբյուրից։

Համայնքապետարանը հունիսի 28-ին իր ֆեսբուքյան էջով համագյուղացիներին տեղեկացրել է, որ համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկել են Այգավան համայնքի խմելու ջրագծի 2 կմ հատվածի կառուցման աշխատանքները։ Համայնքապետարանի հաշվարկներով՝ գյուղում խմելաջրի հարցը լուծելու համար 21 կմ ջրագիծ պետք է անցկացնել: Ծրագրի մոտավոր արժեքը կկազմի 200 մլն դրամ: 

Համայնքի ղեկավարը վերջին երեք տարիներին կառավարության հայտարարած սուբվենցիոն ծրագրին հայտ էր ներկայացնում, որպեսզի պետության ֆինանսական աջակցությամբ կարողանան լուծել բնակչության ամենակենսական հարցը: Սակայն մարզպետարանը նրանց հայտը չընդունեց և չներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանը:

Փետրվարի 23-ին Այգավանի համայնքապետարանն իր ֆեսբուքյան էջով տեղեկացրեց, որ իրենց համար գերակա խնդիր էր խմելու ջրի տեխնիկական պայման ձեռք բերելը։ Այս տարի վերջապես ձեռք են բերել տեխնիկական պայմանը, որից հետո համայնքում ջրագիծ կառուցելու հայտ են ներկայացրել սուբվենցիոն ծրագրին։ Սակայն, ինչպես համայնքապետարանն է գրում՝ «Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մերժել է հայտը՝ անհիմն, անհասկանալի, առանց փաստացի որևէ հիմքի»։ 

«Այգավան համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրի հայտը և տեխնիկական բնութագիրը չեն ներկայացվում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, քանի որ չեն համապատասխանում մարզի սոցաիլ-տնտեսական զարգացման ռազմավարությանը»,- պատասխանել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:

Այգավանի համայնքապետարանը մարզպետի այս պատասխանի հետ միաժամանակ հրապարակեց մարզի 2017-25թթ. զարգացման ռազմավարական ծրագրի այն հատվածը, որտեղ գրված է. «... մարզում կան համայնքներ, որոնց խմելու ջրի համակարգերը խիստ կարիք ունեն վերանորոգման (Այգավան, Հովտաշատ, Նորմարգ, Ռանչպար, Սիս): 

«Այգավան համայնքի հարգելի բնակիչներ, չհուսահատվեք, համայնքապետարանը լուծելու է մեզ համար կենսական նշանակություն ունեցող թիվ մեկ խնդիրը: Այգավան համայնքի ծորակներից հոսելու է խմելու ջուրը...»,- բնակիչներին հուսադրել է համայնքապատարանը։

Արարատի մարզպետարանն այս տարի իրավական հսկողություն է իրականացրել այս համայնքում և մի քանի «մեծ բացթողում» է արձանագրել համայնքապետարանի աշխատանքում: Ահա դրանցից մեկը. «Ավագանու կանոնակարգում բացակայում է համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում քննարկելու կարգի վերաբերյալ դրույթները»: Քանի որ այգավանցիների համար ամենակենսական հարցը լուծելուն խոչընդոտել է մարզպետարանը, իրավական հսկողություն իրականացնող հանձնաժողովը, բնականաբար, անտեսելու էր համայնքի բնակչությանը խմելաջրով չապահովելու ՏԻՄ-ի «թերացումը»: 

Արարատ գյուղը ցիանային պոչամբար ունի, բանջարանոցները ոռոգում է կոյուղաջրերով, ձկնաբուծարաններից հարկ չի գանձում

Այս տարի «Հետք»-ն ուսումնասիրել է Արարատ գյուղի հրատապ լուծում պահանջող հարցերը, որոնք գոյություն ունեն միմիայն այն պատճառով, որ տասնամյակներ շարունակ մարզպետարանն անտեսել է: Այս անգամ էլ Արարատի մարզպետի ձևավորած հանձնաժողովը «չի նկատել» դրանք, չնայած մեր հրապարակումներով հանրայնացվել են:   

Հիմնախնդիր 1. Արարատ քաղաքի կոյուղաջրերն անարգել լցվում են Արարատ գյուղի դաշտերը և Արարատ գյուղի հողատարածքներից մի զգալի հատված ոռոգվում է այդ կոյուղաջրով: Դրանք գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են՝ խաղողի այգիներ, ցորենի ցանքատարածքներ, բանջարանոցներ, որտեղ աճեցված գյուղմթերքն իրացվում է Երևանում: 

Գյուղը մաքրման կայան չունի, կոյուղատար խողովակը վթարային վիճակում է և չի փոխարինվում նորով՝ կոյուղաջրերը համեմատաբար չեզոք տարածք  հեռացնելու համար: Համայնքի ղեկավարն ասում է, որ համայնքային բյուջեով չեն կարող մաքրման կայան կառուցել, բայց իրենց հնարավորությունների չափով ներդրում կկատարեն, եթե պետությունը նախաձեռնի։  

Հիմնախնդիր 2. Արարատ գյուղի վարչական տարածքում է գտնվում հանրապետության ամենթունավոր պոչամբարներից մեկը՝ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» պոչամբարը, որը համայնքի տարածքում 424 հա հողատարածք է զբաղեցնում: Սակայն, Արարատ գյուղն ազդակիր համայնք չի ճանաչվել և պոչամբարը տնօրինող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից բնապահպանական վճար չի ստանում:


Բնապահպանական հարցերն ուսումնասիրելիս հսկողություն իրականացնող հանձնաժողովը շարունակում է չնկատելու տալ, որ Արարատ գյուղն ազդակիր համայնք չի ճանաչվել և բնապահպանական սուբվենցիա չի ստանում: Մարզպետարանը կարող էր աջակցել համայնքապետարանին, որպեսզի բնակչությանը թունավորելը փոխհատուցվեր որոշակի գումարով և դրանով մեկ այլ հարց լուծվեր, օրինակ՝ գյուղում մաքրման կայան կառուցվեր կամ պոչամբարից արտանետվող թույները որոշակի չափով չեզոքացնելու բնապահպանական ծրագիր իրականացվեր: Հանձնաժողովը, որպես հիմնախնդիր, այս անգամ էլ չի  արձանագրել այն: 

Հիմնախնդիր 3. Արարատ գյուղի արոտավայրերում 42 հա ձկնաբուծական լճակներ են հիմնվել: Գյուղի բնակիչները 1990-ական թվականներին համայնքապետարանից հողը վարձակալել են որպես արոտավայր և մինչ օրս վարձակալության վճար են մուծում վարելահողի համար սահմանված կադաստրային արժեքով՝ 810 դրամով։ Սակայն, փաստացի այդ հողատարածքներն օգտագործվում են որպես արտադրական նշանակության ջրային հողեր, որի կադաստրային արժեքը 2021թ.-ին 1878 դրամ է դարձել: Միայն հողի նշանակությունը փոխելու դեպքում համայնքային բյուջեն կավելանա մոտ 8 մլն դրամով:

Քաղաքաշինության, կոմունալ տնտեսության և հողօգտագործման ոլորտում համայնքի գործունեությունն ուսումնասիրելիս հանձնաժողովը 25 տարուց ավելի է «չի նկատում», որ հողի նշանակությունը չի փոխվել արտադրականի, որի պատճառով երկու տասնամյակից ավելի համայնքային բուջեն միլիոնավոր դրամների վնաս է կրում: 

Համայնքի ղեկավարն ասում է, որ ուզում են հողի նշանակությունը փոխել, բայց չեն կարողանում, մեխանիզմ չկա։ «Այսպես ձկնաբույծները համայնքին են խաբում՝ արոտավայրի վարձ են վճարում, որի արժեքն ավելի ցածր է, մենք էլ մեր երկրին ենք խաբում»,- ասում է նա։ Մարզպետարանը կարող է համայնքի ղեկավարի հետ քննարկումներով լուծումներ առաջարկել և վերջ տալ այս խաբեությանը, բայց նախընտրում է մասնակից լինել խաբեությանը:

Արարատի մարզի Արարատ գյուղում մարզպետարանի հանձաժողովի բացահայտած կարևոր բացթողումներից մեկն այն է, որ «համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանված չեն»։ 

Համայնքներում ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների գոյությունը չի մտահոգում մարզպետարաններին 

Սայաթ-Նովան ու Զորակը Արարատի մարզի խոշոր ձկնաբուծական տնտեսություն ունեցող համայնքներից են: Երկու գյուղերում էլ ձկնաբուծական տնտեսությունները մեծ տարածք են զբաղեցնում, իսկ համայնքային բյուջեն դրանից միայն մեծ վնասներ է կրում: Համայնքների ղեկավարների թույլտվությամբ ձկնաբուծարանները կառուցվել և գործում են գյուղնշանակության հողերի վրա: 

Դրանք ինքնակամ շինություններ են համարվում, որովհետև հողի նշանակությունը չեն փոխել արտադրականի, լճակներ ու շինություններ են կառուցել առանց շինթույլտվության: Քանի որ օրինականացված կառույցներ չեն՝ գույքահարկ չեն վճարում համայնքային բյուջե: Հետևանքն այն է, որ այդ համայնքները զրկվել են հարյուրավոր միլիոնների եկամտից, որոնք պետք է գանձվեին որպես հողի հարկ և գույքահարկ: 

Իհարկե, ձկնաբույծները լճակներն ու մնացած ինքնակամ շինությունները կառուցել են հենց մարզպետների թողտվությամբ: Հակառակ դեպքում, նրանք ժամանակին կարող էին կանխել կամ պատժել համայնքների ղեկավարներին՝ ինքնակամ շինությունների կառուցումը դադարեցնելու միջոցներ չձեռնարկելու համար: Սակայն, ինչպես այն ժամանակ, այսօր էլ իշխանությունները քաղաքական հարթություն են տեղափոխել ձկնաբուծարաններն օրինականացնել-չօրինականացնելու հարցը: 

Մարզպետարանի հսկողություն իրականացնող հանձնաժողովը օրվա իշխանության հանձնարարականը չունենալով՝ նշված երկու համայնքներում հողօգտագործման և քաղաքաշինության մասով օրինականության պահպանումը դրական է գնահատել: 

«Համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում՝ հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ ...», հարցին պատասխանել է ՝ «պահպանված է»:

«Հողօգտագործման բնագավառում խախտումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում արձանագրելու դեպքերը», հարցին պատասխանել է՝ չի իրականացվել: Չի մասնավորեցվել՝ խախտում եղե՞լ է, բայց չի արձանագրվել, թե չի եղել:

Հանձնաժողովը համայնքներից մեկում բյուջեին պատճառված մեծ վնաս է համարել այն, որ համայնքապետը գյուղի մի տնտեսվարողից չի գանձել մոտ 5000 դրամի տուրքը: Գյուղից, հավանաբար, հեռացել են այն համոզմունքով, որ համայնքի ղեկավարն անպայման կշտկի արձանագրված բացթողումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter