Սահմանազատում, զինծառայության ժամկետների կրճատում, Արտաքին հետախուզության ստեղծում. Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական ու անվտանգային առաջնահերթությունները
Մինչև 2026 թվականը Հայաստանի նորանշանակ կառավարությունը նախատեսում է զբաղվել Ադրբեջանի և Վրաստանի հետ ՀՀ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման, ժամկետային զինծառայության տևողության կրճատման և Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հարցերով։ Այդ մասին նշվում է Կառավարության նոր ծրագրում, որը հաստատվել է օգոստոսի 19-ին։ Այն դեռ քննարկման և քվեարկության պետք է ներկայացվի Ազգային ժողովում։
Ծրագրի նախաբանում նշվում է, որ այն հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում տրված խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա։
Կառավարությունն իր մեծագույն առաքելությունը համարում է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը։ Բայց հավելում. դա միայն իրենցից չէ կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից ու ցանկությունից։
Կառավարության ծրագրի առաջին բաժինը վերաբերում է անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը։ Կառավարությունը նշում է, որ առաջիկա 5 տարվա ընթացքում իր շեշտադրումը դնելու է հատկապես տնտեսական, թվային և իրավական դիվանագիտության զարգացման վրա։ Այս ուղղություները նախկինում չեն կիրառվել Կառավարության ծրագրերում։
«Կառավարությունը արդիականացնելու է տնտեսական դիվանագիտության մեխանիզմներն ու գործընթացները, որը նպաստելու է Հայաստանի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներհոսքի զգալի աճին, արտաքին առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացի խթանմանը, հետազոտությունների ու մշակումների ոլորտում համագործակցության ընդլայնմանը, զբոսաշրջության ծավալների աճին, հայկական ու օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը»,- նշվում է փաստաթղթի մեջ։
Արտաքին քաղաքական շահերի պաշտպանության հարցում Կառավարությունը նախատեսում է զարգացնել է իրավական դիվանագիտության գործիքակազմը։ Սա հիմնականում պայմանավորված է միջազգային դատական ատյաններում Հայաստանին, Արցախին ու հայությանը մտահոգող հարցերի ու խնդիրների առաջխաղացմամբ ու պաշտպանությամբ։
Երկկողմ և բազմակողմ հարաբերություններ
Ինչպես նախորդ ծրագրերում, այս անգամ ևս Կառավարությունը ներկայացրել է առանձին երկրների և վերպետական միավորումների հետ հարաբերությունների առաջնահերթությունները։ Ի տարբերություն նախորդ ծրագրերի, այս ծրագրում որոշակի վերադասավորումներ են եղել։ Սովորաբար քաղաքագիտական պրակտիկայում Կառավարության ծրագրերում առանձին երկրների հետ հարաբերությունների թվարկումը դիտարկվում է որպես տվյալ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հաջորդական ներկայացում։
Երկկողմ հարաբերությունների շրջանակներում Կառավարության ծրագրի առանձնահատուկ դերը հատկացված է հայ-ռուսական հարաբերություններին և Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համագործակցության զարգացմանը բոլոր ուղղություններով։ «Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- նշվում է ծրագրում։ Ընդորում, եթե 2018 և 2019 թվականների ծրագրերում նշվում էր հայ-ռուսական հարաբերությունների իրավահավասարության վրա հիմնված լինելու անհրաժեշտության հանգամանքը, ապա այս ծրագրում դա բացակայում է։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա, ըստ Կառավարության ծրագրի, հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Ըստ ծրագրի՝ Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը: 2018 և 2019 թվականի ծրագրերում հայ-ամերիկյան հարաբերությունները բնորոշվում էին որպես «բարեկամական գործընկերային»։
Նախկինում երբեք Կառավարության ծրագրերում առանձնահատուկ տեղ հատկացված չի եղել Ֆրանսիայի հետ հարաբերություններին` այն միշտ դիտարկելով ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների շրջանակներում։ Կառավարության բնորոշմամբ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնաշնորհյալ են։ Ըստ ծրագրի՝ Կառավարությունը հստակ քայլեր է իրականացնելու Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար։
Զուգահեռաբար, եթե նախկինում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ներկայացվում էր առանձին կետով, ապա այս ծրագրում այն ներառված է Ֆրանսիայի հետ։
Ե՛վ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ֆրանսիայի պարագայում Կառավարության ծրագրում հստակ գծով շեշտվում է նրանց ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքը, ինչը ենթադրում է, որ առաջիկա հինգ տարիներին Կառավարությունը մտադիր չէ դուրս գալ կամ փոփոխությունների գնալ Մինսկի խմբի ձևաչափում։
Եվրոպական Միության և ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության հիմքում Կառավարությունը դնում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ըստ ծրագրի՝ Կառավարությունը շարունակելու է Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, ոլորտային առկա մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունը սկսելու ուղղությամբ։
Բացի այդ, Կառավարությունը պատրաստվում է Եվրոպական Միության կողմից հատկացվելիք 2,6 միլիարդ եվրոյի աջակցությունն ուղղել Կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած առաջնահերթ յոթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-Հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաքի զարգացմանը, կրթության հասանելիությանն ու ջրամբարների ու աղբավայրերի կառուցմանը:
Որպես արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից մեկը Կառավարությունը դարձյալ սահմանել է ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին աջակցումն ու էթնիկ, կրոնական և ռասսայական հողի վրա խտրականության ու անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարը՝ հստակ ընդգծելով Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը։
Կառավարության նախկին ծրագրերում Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները ներկայացվում էին միևնույն կետի տակ։ Այս ծրագրում դրանք առանձնացված են։ Իրանի պարագայում Կառավարությունը ձգտելու է ավանդական բարիդրացիական հարաբերություններն է՛լ ավելի զարգացնել՝ ակտիվ քայլեր իրականացնելով տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակներում: Հայ-վրացական հարաբերություններն էլ Կառավարությունն իր ծրագրում բնորոշում է որպես «առանձնահատուկ և բարիդրացիական»։ Կառավարությունը խոստանում է խորացնել համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Կառավարության ծրագրում հատուկ տեղ է հատկացված նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարություններին։ Կառավարությունը գտնում է, որ եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը կարող է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման խթան դառնալ։ «Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով։ Եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեկնարկի համար: Այդ նպատակով Կառավարությունը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել»,- նշվում է ծրագրում։
Կառավարությունը նաև ընդգծում է, որ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանի հետ սկսվելու են բանակցություններ նախ հայ-ադրբեջանական սահմանի հարցով, այդ թվում նախկին անկլավային տարածքների, ինչն ուղղակիորեն ենթադրում է, որ երկու երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Թե ինչ ճակատագիր է սպասվում Արցախին, անհայտ է։
Կառավարությունը խոստանում է միջոցներ ձեռնարկել Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով առաջացած ճգնաժամի լուծման ուղղությամբ։
Տիգրան Սարգսյանի (վերջին կառավարության), Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունների ծրագրերում առանձին կետով ներկայացված է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման հանգամանքը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունների 2018 և 2019 թվականների ծրագրում ընդհանրապես խոսք չկա հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Փոխարենը 2021 թվականի ծրագրում Կառավարությունը նշում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ «Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»,- նշվում է փաստաթղթում, ինչից ենթադրվում է, որ հնարավոր է որոշակի գործընթաց սկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որովհետև նախորդ տարվա արցախյան պատերազմից հետո Ալիևը հայտարարել էր, որ դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Տարիներ ի վեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնահարցերից մեկը եղել է արցախյան հիմնախնդիրը։ Բաքուն ու Անկարան կարծում են, որ այն լուծվել է, իսկ Երևանին առաջարկում համագործակցել հարավկովկասյան վեցնյակի ֆորմատով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, Իրան, Ռուսաստան)։ Վրաստանը դեմ է ֆորմատին՝ Ռուսաստանի առկայության պատճառով։
Կառավարությունը կարևորում է նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Մերձավոր և Միջին Արևելքի, Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի և Խաղաղօվկիանոսյան երկրների հետ հարաբերությունների խորացումը։
Չնայած ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները ներկայացված են առանձին կետերով, սակայն դրանք բավականին ներքև են, ինչը հստակ արտահայտում է այս Կառավարության դիրքորոշումն այդ կազմակերպությունների նկատմամբ, որոնց անդամակցում է նաև Հայաստանը։ Սա մասամբ պայմանավորված է նաև 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս կազմակերպությունների, հատկապես ՀԱՊԿ-ի, անգործությամբ ու անդամ երկրի սահմանների խախտման փաստի նկատմամբ անտարբերությամբ։
ՀԱՊԿ-ի պարագայում ծրագրում շեշտվում է, որ 2021 թվականի սեպտեմբերից Հայաստանն ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ փորձելով իր առաջնահերթությունների շրջանակներում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը՝ ի նպաստ անդամ պետությունների և միջազգային անվտանգության: Այս նախադասության մեջ անուղղակիորեն շեշտվում է Հայաստանին, այս տարվա մայիսի 12-ի իրադարձություններից հետո, ՀԱՊԿ կողմից աջակցություն չտրամադրելու հանգամանքը։
Առանձին կետերով կարևորվում է նաև ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ-ի հետ հարաբերությունների խորացումը՝ ԵԱՀԿ պարագայում շեշտելով, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Արցախյան հիմնախնդիր
Կառավարությունն իր ծրագրում առանձին ենթաբաժնով ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումը, որը որոշակիորեն փոփոխվել է նախորդ տարի տեղի ունեցած պատերազմից հետո։ Նիկոլ Փաշինյանի կառավարության նախկին ծրագրերում նման առանձին ենթաբաժին չկար։ Իր ծրագրում Կառավարությունը չի կողմնորոշվում, թե որ տերմինը պետք է կիրառել. Լեռնային Ղարաբա՞ղ, թե՞ Արցախ՝ դրանք կիրառելով միաժամանակ։
Կառավարությունը պնդում էր, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում իր գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Արցախյան հիմնախնդրի խաղաղ ու համապարփակ կարգավորումը։ Այս հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Կառավարությունը խոստանում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը։ Կառավարությունը նշում է, որ ջանքեր չի խնայելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար՝ դրան հասնելով Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացմամբ։ Փաշինյանի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Ծրագրում նաև նշվում է, որ Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը՝ միաժամանակ Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք համարելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը։
Զինված ուժերի բարեփոխումներ
Առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում կառավարությունը ամրագրել է, որ վերանայելու է մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը, ինչպես նաև Զինված ուժերի կառավարման համակարգը՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները։ Ըստ ծրագրի՝ Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։
Գլխավոր փոփոխություններից մեկը, որն առաջիկա հինգ տարիների ընթացքում պատրաստվում է անել Կառավարությունը, զինծառայության ժամկետների կրճատումն է՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Բացի այդ, Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, փոխանցել Սահմանապահ զորքերի պահպանությանը։ Փոխարենը, Զինված ուժերի ստորոբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով։ Նախատեսվում է, որ Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին:
Առաջիկայում կընդլայնվի նաև Ռուսասատանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ զորքերի ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը։
- Ռուս զինվորականները սահմանամերձ Ոսկեպարում ուղեկալ են տեղադրել. պետական մարմինները չեն արձագանքում
- Տավուշի սահմանային ևս 6 գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալ կտեղադրեն
Պլաններից մեկը, որը նախատեսում է իրականացնել Կառավարությունը, Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումն է։ Կառավարությունը մտադիր է նաև վերանայել 2020 թվականին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակել նոր Ռազմական դոկտրին ու Պետության պաշտպանության պլան։
Կառավարությունը նախատեսում է նաև բարեփոխել տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի, թե՛ հուլիսյան մարտերի, և թե՛ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հակառակորդը կիբերհարձակումներ էր իրականացրել հայկական կայքերի, պետական համակարգերի ու մասնավոր ընկերությունների սերվերների ուղղությամբ՝ կարողանալով խափանել դրանց աշխատանքն ու ստանալ հասանելիություն տվյալներին ու պետական փաստաթղթերին։
Հաշվի առնելով նաև այս տարվա փետրվարին Զինված ուժերի Գլխավոր շտաբի գեներալների տարածած հայտարարությունը, որոնք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Կառավարությունն իր ծրագրում շեշտում է, որ պաշտպանության համակարգի բոլոր կառույցները և բաղադրիչները, ներառյալ Զինված ուժերը, պետք է համակարգված և ներդաշնակ աշխատեն ու մնան քաղաքական չեզոքության սահմանադրական պահանջի շրջանակում։
Սփյուռքի հետ կապեր
Ինչպես նախորդ ծրագրերում, այս ծրագրում ևս առանձնահատուկ տեղ է հատկացված Սփյուռքի հետ հարաբերություններին։ Ըստ Կառավարության ծրագրի՝ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը նպատակաուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը, սփյուռքի մարդկային ներուժի վերհանմանն ու քարտեզագրմանը, աշխարհասփյուռ հայության մարդկային, մտավոր, տնտեսական ներուժի՝ հայրենիքի կայուն զարգացման նպատակի շուրջ համախմբմանը:
Այս ենթաբաժնում թերևս ամենահետաքրքիր ձևակերպումը հետևյալն է, որը նախկինում չի գործածվել. «Կառավարությունը սփյուռքի համայնքները չի դիտարկում որպես հայաստանյան և համահայկական խնդիրները լուծելու գործիք, այլ որպես այդ խնդիրների և դրանց լուծմանն ուղղված օրակարգերի ձևավորման գործուն մասնակից»։
Եվս մեկ հետաքրքիր հանգամանք, որը նախկին ծրագրերում չի եղել։ Կառավարությունը նախատեսում է դիտարկել Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները։ Փաշինյանի կառավարության 2018 թվականի ծրագրում ընդհանրապես խոսք չկա արևմտահայերենի մասին, իսկ 2019 թվականի ծրագրում կարևորվում էր արևմտահայերենի ամրապնդումը Հայաստանում և Սփյուռքում։
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել