HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

30 տարվա պաշտոնավարումից հետո համայնքապետը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Եսայի Մովսիսյանը Մայիսյան համայնքի ղեկավարն է 1991թ․-ից: Համայնքապետը հրաժարականի դիմումը ներկայացրել է օգոստոսի 6-ին և մեկնել արձակուրդի՝ խնդրելով դիմումին ընթացք տալ «արձակուրդից հետ վերադառնալուց անմիջապես հետո»:

Մայիսյանի ավագանին օգոստոսի 17-ի արտահերթ նիստով համայնքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն է կազմել: Նիստին մասնակցող ավագանու 5 անդամներց 4-ը ստորագրել են, մեկը՝ հրաժարվել է ստորագրել արձանագրության տակ:

Եսայի Մովսիսյանը չմեկնաբանեց, թե ինչու է հրաժարականի դիմում ներկայացրել: Մեր տեղեկություններով՝ նրան «խորհուրդ» են տվել ինքնակամ դիմում գրել և հեռանալ:

Հիշեցնենք, որ Մայիսյանի համայնքապետն ու իր համախոհ ավագանու անդամները իրենց գործունեության հետևանքով մի քանի անգամ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես, գրել էինք, որ ավագանու անդամները բարեհաճ են Մովսիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ՝ պարբերաբար արտոնյալ պայմաններ ստեղծելով վերջիններիս համար: Մասնավորապես, 2019թ. նոյեմբերի 8-ին արտահերթ նիստով ավագանին որոշել էր համայնքի սեփականությունը հանդիսացող 2000 քմ արոտավայր գործառնական նշանակության հողամասն ուղղակի՝ առանց աճուրդ հայտարարելու, վաճառել համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին: Հողամասը վաճառվել է ընդամենը 16 000 դրամով, որն, ըստ ավագանու, հողամասի կադաստրային արժեքն է:

Բացի այդ, 2019թ. դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստում կայացրած որոշումով Մայիսյանի ավագանին որոշել էր Ռուզաննա Մկրտչյանին օտարել 2776 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 0,2 հա-ը՝ արոտավայր, իսկ 0,0776 հա-ը՝ վարելահող: Հողամասի վաճառքի ընդհանուր գինն ավագանին սահմանել է ընդամենը 134,146 դրամ, որը դարձյալ կադաստրային արժեքն է:

Իսկ  2019թ. դեկտեմբերի 13-ի նիստով ավագանին որոշել էր դիմում ներկայացրած ընտանիքներին տալ դրամական օգնություն: Սոցիալական օգնության համար դիմում է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի դուստրը՝ Նելլի Մովսիսյանը: Համայնքային բյուջեից նրան հատկացվել է 40 000 դրամ օգնություն: 2020թ. հունվարի 16-ին էլ 50 000-ական դրամ օգնություն էր հատկացվել համայնքապետի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին և վերջինիս քրոջը՝ Դիանա Մկրտչյանին: Իսկ ապրիլի 10-ին 40 000 դրամ օգնություն է հատկացվել համայնքապետի քենու՝ Դիանա Մկրտչյանի սկեսրայրին՝ Սերգեյ Հարությունյանին:

«Հետք»-ի հրապարակման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, սակայն Արմավիրի մարզի իրավապահ մարմինները կարճել էին գործը:

Գրել էինք նաև դրա պատճառների մասին: Քրեական գործի նախաքննությունն իրականացրել էր Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունը: Այդ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի կինը՝ Աննա Սարուխանյանը, 2019թ.-ի փետրվարի 6-ին ընտրվել է Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն: Ընտրության օրն անցել էր ոստիկանական ուժերի հսկողությամբ, իսկ բուն ընտրություներն անցել էին խախտումներով: Դպրոցի մանկավարժական խորհրդի, ծնողական խորհրդի թեկնածուների ընտրության արձանագրությունները կազմվել էին բացթողումներով, սխալներով: 

Աննա Սարուխանյանի տնօրեն ընտրվելու հարցում լուրջ աջակցություն էր ցուցաբերել Մայիսյան համայնքի ղեկավարը: Համայնքը ևս ներկայացուցիչ ունի դպրոցի կառավարման խորհրդում: Այս հանգամանքը բնականաբար չէր կարող անտեսվել Արմավիրի մարզի իրավապահ մարմինների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter