
Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը։
Շրջակա միջավայրի նախարարությունը ընդգծում է, որ Կարմիր Կատարը բնության հուշարձանների ցանկում ներառելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։
Գտնվելով Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն՝ 3530 մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ:
Ինչպես նշված է նախագծում, Կարմիր Կատարը ունի զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։
Նախագծի ընդունմամբ շրջակա միջավայրի նախարարությունն ակնկալում է, որ ներկայիս պայմաններում կապահովվի որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը։
Նշենք նաև, որ պարբերաբար ահազանգեր են լինում լեռան խառնարանային լճից բենզապոմպերի միջոցով ապօրինի ջրառ իրականացնելու մասին, և կարելի է եզրակացնել, որ այս նախագիծը միտված է նաև այդպիսի դեպքերը բացառելուն։
Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից
Մեկնաբանել