HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյան. «Անընդունելի եմ համարում նման իրավիճակներում լրագրողներին օթյակից դուրս հրավիրելը»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է այն բռնությունը, որը տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում: Նա նաև մտադիր է լրագրողների տեղաշարժի սահմանափակման որոշման մեջ որոշակի վերանայումներ անել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ խոսնակը:

«Բռնությունը արդարացում չունի, ընդունելի չէ, ԱԺ-ն այն տեղը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի: Ես անընդունելի եմ համարում նման իրավիճակներում լրագրողներին օթյակից դուրս հրավիրելը, քննարկել եմ գործընկերներիս հետ, և Աստված մի արասցե նման իրավիճակ եթե լինի, կարծում եմ որևէ ձևով լրագրողներին պետք է այնտեղից չհանեն»,- ասաց Սիմոնյանը: Հիշեցնենք, որ թե՛ այսօրվա, թե՛ երեկվա միջադեպերի ժամանակ ՊՊԾ աշխատակիցները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը` թույլ չտալով օթյակից տեսանկարահանել, ի դեպ, այն պարագայում, երբ ընդդիմադիր պատգամավորները ֆեյսբուքյան լայվերով հեռարձակում էին այդ ամենը:

Սիմոնյանը, սակայն մտահոգություն հայտնեց, որ նման իրավիճակներում պատգամավորներին տեսա-լուսանկարահանելը կարող է վերջիններիս արժանապատվությանը հարված հասցնել: Սիմոնյանը հիշեցրեց սպորտային կազմակերպությունների այն որոշումը, որի համաձայնէ նման իրավիճակներում կադրը փոխում են` փորձելով կանխել արժանապատվությանը և բարի համբավին վնաս հասցնելը:

Սիմոնյանը դատապարտելի որակեց նաև երեկվա միջադեպին մի քանի լրագրողների` նիստերի դահլիճ մուտք գործելը` նշելով, որ վերջիններս նման իրավունք չունեին: Մեր դիտարկմանը, որ անվտանգությունը խոչընդոտում է մեր աշխատանքը, սակայն դահլիճում գտնվող պատգամավորները միևնույն է տեսանկարահանում են այդ միջադեպերը, ինչպես են դա կանխելու, Սիմոնյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ որևէ պատգամավորի շոուի կամ ծաղրանքի առարկա դարձնելը լրատվություն է, դա չի նշանակում, որ հատակին ընկած պատգամավորին տեսնեմ, ասեմ նկարեք ոնց է պառկած»:

Հարցին, թե իր համար արդյոք ընդունելի էր այն երևույթը, երբ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը «արա»-ով դիմեց պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, Սիմոնյանն արձագանքեց.

«Ես նորմալ չեմ համարում, երբ Ձեր ասած Արցախի հերոսը փաստացի մեղայականով հանդես է գալիս և իրեն թույլ է տալիս պատգամավորին շշով հարվածել, դա սպային, Ձեր ասած հերոսին ոչ վայել է: Ես ընդհանրապես նորմալ չեմ համարում, որ որևէ մեկը մյուսին ասի արա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter